Հատված ՀՀԿ փոխնախագահ, ԱԺ պատգամավոր Ռազմիկ Զոհրաբյանի հարցազրույցից:
– Մարդն իր բնությամբ կատարյալ չէ,- նշեց պարոն Զոհրաբյանը։- Միշտ էլ տարբեր հասարակություններում նման դեպքեր լինում են՝ սպանություն, կռիվ և այլն։ Այդպես է նաև մեզանում, մենք չենք կարող բացառություն լինել։ Սա վերաբերում է և պաշտոնատար անձանց, և շարքային քաղաքացիներին։ Կան օրենք, սահմանադրություն, դատախազություն, որոնց առաջ հավասար են բոլորը։ Պետք է այդ դեպքը քննվի, և մեղավորները պատժվեն։ Ով ուզում է լինի, ում բարեկամն ուզում է լինի, ինչ ծառայություն մատուցած էլ լինի։ Հիմա նախաքննություն է ընթանում, և իրավապահ մարմիները պետք է իրենց խոսքն ասեն։ Բնականաբար, հասարակությունը նման երևույթներին միշտ էլ բացասաբար է անդրադառնում, ինչպիսի երկրում էլ դա լինի։ Այսքանը կարող եմ ասել։
Իսկ հրաժարական տալը բարոյական քայլ է։
– Այսպիսի ողբերգական ելքերով միջադեպերից հետո, երբ դրան մասնակցություն ունեն չինովնիկներ, իշխող կուսակցության անդամներ, մշտապես հարց է առաջանում՝ ինչո՞ւ է ՀՀԿ–ն իր շուրջը հավաքել նման մարդկանց, ինչո՞ւ նրանցից «չի ազատվում»։ Ի վերջո, ձեր կուսակցության վարկանիշը նաև այդ տեսակ մարդկանցով է անկում ապրում։ ՀՀԿ–ն ինքնամաքրման խնդիր չունի՞։
Կարդացեք նաև
– ֊Ձեր հարցադրումը, թե ՀՀԿ-ն իր շուրջն է հավաքել «ինչ-որ արարքներ» գործած անձանց, խիստ սուբյեկտիվ է։ Եվ ՀՀԿ-ն, և մյուս ուժերն իրենց մեջ ընդգրկում են բոլոր շերտերի մարդկանց։ Արդեն քսաներկու տարվա անկախ պետություն ենք, դրա մեկ երրորդն անցկացրել ենք պատերազմի մեջ։ Այդ պատերազմին, հաղթանակի ձեռքբերմանը մասնակցել են մարդիկ, ովքեր հետագայում նաև պաշտոն են ստացել։ Այսինքն՝ այնպես չէ, որ այսօր հարաբերական խաղաղություն է, ու միայն քաղաքացիական անձինք պետք է ղեկավար պաշտոններ զբաղեցնեն։ Այսօր և՛ կառավարության կազմում, և տարբեր գերատեսչություններում կան պատերազմի մասնակից մարդիկ։ Դեռևս ժամանակը չէ, որ նրանցից ոմանց թերությունների պատճառով բոլոր կառույցներից հեռացնենք ու թողնենք միայն նրանց, ովքեր պատերազմի մասնակից չեն։ Ես հիշում եմ, որ ՀՀԿ-ն 90-ականներին ջոկատներ էր կազմավորում ռազմաճակատ ուղարկելու համար, այդտեղ կային կերպարներ, որոնք թաղային հեղինակություններ էին, դատվածներ, բայց կամային տղաներ։ Գիտեինք, որ եթե ձեռքը զենք տայիր, կգնար ու կկռվեր։ Ու գնացել են։ Չնայած կա մեդալի մյուս երեսը, թերություններ, որ այդ մարդիկ ունեին։ Բայց ասել՝ ինչո՞ւ եք նրանց ուղարկել պատերազմ, ես էլ կասեմ՝ բա էլ ո՞ւմ ուղարկեինք, մարդիկ կային, որ դիվանի հետևում թաքնված էին։ Բա ո՞ւմ ուղարկեինք։ Չէին գնում, ասում էին՝ գնամ, զոհվե՞մ։ Հիշում եմ. այդ երիտասարդների ծնողներն էին գալիս ու ասում՝ իմ դիակի վրայով, որդուս չտանեք։ Բոլորը չէ, որ համաձայն էին իրենց որդուն պատերազմ ուղարկելու։ Բայց կային տղաներ, որ չնայած հանցագործ ճանապարհ էին անցել, թաղային հեղինակություն կամ, այսպես ասած, քուչի տղերք էին, պատրաստակամ գնում էին։ Հայրենիք են պաշտպանել։ Բայց սա չի նշանակում, որ նրանց արտոնություններ պիտի տրվեն։
Ռուզան ԽԱՉԱՏՐՅԱՆ
Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Իրատես de facto» թերթի այսօրվա համարում