Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

Պաշտոնյաների բիզնեսնե՞րն են խանգարում ՀՀ-ին կատարել Օրհուսի կոնվենցիայի պարտավորությունները (Տեսանյութ)

Հունիս 07,2013 11:46

«Թեղուտն ամենաաղետաբեր ծրագիրն է թե իրավախախտումների ծավալով, թե տնտեսական առումով»,-այսօր «Մեդիա կենտրոն»-ում հրավիրված «Թեղուտի հանքավայրի շահագործման վերաբերյալ Օրհուսի կոնվենցիայի համապատասխանության կոմիտեի կայացրած որոշումը» թեմայով քննարկման ժամանակ հայտարարեց իրավաբան Արթուր Գրիգորյանը: Նշենք, որ համաձայն այդ որոշման՝ ՀՀ-ն խախտել է կոնվենցիայի 9-րդ հոդվածի 2-րդ կետը՝ հրաժարվելով վարույթ ընդունել «էկոդար» ՀԿ-ի հայցը: Ա. Գրիգորյանն այս կապակցությամբ նաև նկատեց. «Մենք ստացել ենք նախնական որոշումը, որտեղ կոմիտեն սևով սպիտակի վրա գրում է, որ ՀՀ-ն ձախողել է իրականացնել իններորդ հոդվածը: Բայց ՀՀ-ում ամեն ինչ հնարավոր է, քանի որ այստեղ զուտ իրավական հարցերով չեն, այլ նաև քաղաքական»:

«Շրջակա միջավայրի հարցերի առնչությամբ տեղեկատվության մատչելիության, որոշումներ ընդունելու գործընթացին հասարակության մասնակցության և արդարադատության մատչելիության մասին» կոնվենցիայի (Օրհուսի կոնվենցիա) հայաստանյան համակարգող, ՀՀ բնապահպանության նախարարության ներկայացուցիչ Աիդա Իսկոյանն էլ նշեց. «Սա կոմիտեի որոշման նախագիծն է, որը ներկայացվում է կողմերին, և իրենք քննարկում են դա ու արտահայտում իրենց դիրքորոշումը:Վերջնական որոշումը կայացվում է կողմերի հանդիպման արդյունքում, որը տեղի կունենա 2014-ի հունիսին»:

Aravot.am-ը հետաքրքրվեց՝ ինչո՞ւ մինչև այժմ ՀՀ օրենսդրության թերի կողմերն այս առումով չեն շտկվում: Տիկին Իսկոյանը այդպես էլ հարցին կոնկրետ չպատասխանելով ասաց. «Այսօր գուցե իրավիճակն այդքան էլ բավարար չէ, բայց ամբողջ խնդիրը ազգային օրեսդրության մեջ է: Ես բացարձակ միտում չունեմ պաշտանելու որևէ մեկին ու որևէ կազմակերպության»:

Ա. Գրիգորյանն էլ հավելեց. «Հարցն իրականում ահավոր պարզունակ է: ՀՀ-ն 2001-ին վավերացրել է կոնվենցիան, որով պարտավորություններ է ստանձնել: Բայց 12 տարի շարունակ ՀՀ օրենսդրությունը չի համապատասխանեցվում կոնվենցիայով նախատեսված իրավունքներին: ՀՀ կառավարոթյունն ու իշխանությունները չեն անում դա, քանի որ լավ գիտեն, որ իրենց անձնական բիզնես շահերին է դա առնչվում: Օրինակ՝ այս պահին արդարադատության նախարարությունը մշակում է ՀԿ-ների նոր օրենքի մասին կոնցեպցիա, որտեղ կրկին բացակայում է ՀԿ-ի՝ դատարան դիմելու իրավունքը: Ու նրանք ցինիկաբար հայտարարում են, թե գոհ չեք, մյուս ընտրություններին այդ մարմիններին չեք ընտրի, այլ ուրիշ մարդկանց: Ուստի քաղաքական առումով փակուղի են ստեղծել: Այսինքն՝ մեր դատաիրավական համակարգը հիմնված է հարցին լուծում տալ չկարողանալու արդարացման վրա. քաղաքական կամք չկա, ընթացակարգեր չկան, մինչդեռ խնդրին պիտի լուծում տրվի»:

Ա. Գրիգորյանը նշեց, որ արդեն հանքավայրի շահագործման նախապատրաստական աշխատանքներ են ընթանում, մինչդեռ Օրհուսի կոմիտեի կայացրած որոշման նախագծի հիման վրա պետությունը պարտավոր էր իր տված թույլտվությունները անվավեր ճանաչել:

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930