Լրահոս
Օրվա լրահոսը

Մահեր պիտի տեղի ունենան, որ ի վերջո տարիներով մատնացույց արվող այս կամ այն խնդիրը լուծվի

Հունիս 07,2013 11:32

Իշխանությունում երկար լռված ավտորիտարներից չազատվելը բերում է այնպիսի իրավիճակի, ինչը Գորիսում տեղի ունեցավ` ապագայի հանդեպ անվստահություն ու հուսալքություն սերմանելով: Է, այդ կարգի դեպքեր պիտի լինե՞ն, մահեր տեղի ունենան, արյուն լինի, ցավն արմատին հասնի՞, որ ի վերջո տարիներով մատնացույց արվող այս կամ այն խնդիրը լուծվի: Անկախ դատական գործընթացից` Սյունիքում վաղուց պետք էր այլ` նոր մտածողությամբ, երկրի ռազմավարական այս տարածքի բարելավումը մարդկանց կյանքի բարելավման հետ կապող, նրանց վստահությունը վայելող, հարգված մարդ, որից ոչ թե վախենան, այլ հարգեն, խորհրդակցեն, նրանից լայն շերտերի եւ ոչ թե մի քանիսի կյանքի բարելավման հույս կապեն: Միգուցե հենց վաղուց պետք էր սկսել Սյունիքից, դեռ Գյումրիից առաջ, կամք գտնել մարզերից սկսելու մեր կյանքը փոխել, արտագաղթը կասեցնել:

Միգուցե հիմա էլ դեռ ուշ չէ կամք դրսեորելը` Սյունիքի գլխին ոչ թե մի նոր Լիցկա կապելու, այլ բանիմաց, ապակլանային, սյունեցիների լայն շերտերի շահերը ներկայացնող ձեռնհասի գործուղելու Սյունիք` բարելավելու մեր հարավային դարպասի ու նրա մարդկանց, այդպիսով` նաեւ Հայաստանի մի հատվածի կյանքը: Գուցե միամտություն է այդպիսի հույսեր ունենալը, մանավանդ Բուդաղյան ընտանիքի մեծ ողբերգության ֆոնին: Համենայն դեպս` կառավարությունը երեկ, շատերի համար երեւի անսպասելի, Սյունիքի աղմկահարույց մարզպետ Սուրիկ Խաչատրանին հեռացրեց մարզպետությունից` իր դիմումի համաձայն:

Դատելով երեկվա մամուլի հրապարակումների տրամադրություններից, ինչպես նաեւ մի շարք այլ գործընթացներից (Սյունիքի մարզպետարանի երեկվա հայտարարությունը` միջադեպի միակողմանի նկարագրությամբ, տեղի ունեցածը որպես զինված հարձակումից ինքնապաշտպանություն ներկայացնելու մարզպետի եւ այլոց ճիգերը, նախորդ օրը զինդատախազի ասուլիսը), բացասական մեսիջները շատ էին այդ առումով, այնպես որ հանրությունը չէր սպասում, որ մարզպետին կազատեն: Թե ինչ փոխվեց նախորդ օրը երեկոյան` դժվար է հստակ գնահատել, սակայն չի կարելի բացառել, որ, այնուամենայնվ, իշխանությունը հասարակական կարծիքից վախեցավ եւ հետեւություններ արեց: Ու դա գնահատելի կարելի է համարել` չնայած ընդհանուր հոռետեսությանը: Ու ամենեւին էլ այն չէ, որ լրագրողներս արնախում ենք ու մինչեւ Լիցկայի արյունը չխմեցինք (փոխաբերական իմաստով), չհանգստացանք:

Սակայն մարզպետի ազատումը դեռեւս չի նշանակում ընդհանրապես գործի բացարձակ ազատ քննության կամք: Այնուամենայնիվ` լոկալ առումով մի շատ փոքրիկ, դրական սպասում կա, որ իշխանությունը հենց սեփական ինքնապահպանման եւ երկրի պահպանման առումով կարող է ստիպված լինել ազատվել լիցկայանման մարդկանցից առհասարակ:

Վերադառնալով մարզպետի ազատմանը` հավատացած նշենք, որ այդ ազատումը գրոշ չի արժենա, եթե երկրի առաջին դեմքերը չկարողանան առհասարակ հաղթահարել տեղերում արդեն երկու տասնամյակ ձեւավորված հիերարխիան` տնտեսական եւ այլ, եւ նոր մարզպետ նշանակելիս չառաջնորդվեն բոլորովին նոր մոտեցումներով. սոսկ կուսակցական մոտեցումը, տվյալ տնտեսական շահերի միեւնույն շրջանակի պարտադրանքը` նույն շահերի մի այլ ներկայացուցչի տեսքով միայն կարող է կրկնել նախորդ վիճակը: Սյունիքում վաղուց հարկավոր է լավ կառավարիչ, ով տեղական կլաններից ոչ մեկին չի ներկայացնում` ոչ տեղացի գործարարի շահեր, ոչ էլ այլ մեկի, եւ մտածի մարզը ոտքի կանգնեցնելու, հասարակ սյունեցիների համար հարմարավետ բնակավայր դարձնելու, սյունեցիների` սեփական բնակավայրին կառչած մնալու հույսն արթնացնելու մասին:

Մարիետա ԽԱՉԱՏՐՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Ազգ» թերթի այսօրվա համարում   

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930