Մի օր ծանոթներիցս մեկը պատմեց, թե ոնց էր իր տատիկը մահացած հարազատ– բարեկամների լուսանկարները ծրարի մեջ հավաքում եւ բոլորի աչքից հեռու մի տեղ պահում։ Հուղարկավորության մի արարողությունից հետո, երբ տատիկը հերթական նկարն է տեղադրել ծրարի մեջ ու թաքցրել բոլորից, տնեցիների զարմացած հայացքներին ի պատասխան ասել է՝ մեռածները ողջերի միայն հիշողության մեջ պետք է լինեն։ Ճիշտ չէ ապրել՝ շրջապատված նրանց նկարներով։
Այս դեպքը հիշեցի՝ կայքերից մեկում հուղարկավորության հերթական տեսանյութը նկատելով։ Սպանված զինվորի հոգեհանգստի կադրեր էին։ Չկարողացա ամբողջությամբ նայել։ Այցելեցի այլ կայք։ Նորից նույնը։ Էլի մեռելատան հոգի մաշող ողբ ու ցավ, էլի որդեկորույս մոր լացից ուռած ու
կարմրած աչքեր, սգացող կանայք, հայհոյող տղամարդիկ, զայրացած ամբոխ… Եվ այս բոլորն ամենայն մանրամասնությամբ՝ ընդհանուր, միջին ու խոշոր պլաններով։ Սա դեռ քիչ էր՝ տեսախցիկի ետեւում կանգնած լրագրողուհին զոհվածի հարազատներից գոնե մեկի կենդանի խոսքով տեսանյութը «համեմելու» ճիգեր էր գործադրում։
Լավ, ո՞րն է կայքերը սրտաճմլիկ տեսարաններով ողողելու տրամաբանությունը։ Արդյո՞ք միայն լայքեր հավաքելու եւ իրենց հաճախումների թիվն արհեստականորեն բարձրացնելու խնդիր է
լուծվում։ Բարոյակա՞ն է արդյոք այլոց ողբերգության հաշվին վարկանիշ ապահովելը։
Հերթական անգամ ախուվախ անելուց բացի ի՞նչ են տալիս այդ տեսանյութերը կայք այցելող շարքային քաղաքացուն։ Հոգեբանորեն ինչպե՞ս են անդրադառնում դրանք զոհվածի հարազատների վրա, որոնք, ամեն անգամ կայքեր այցելելով, ստիպված են լինում վերապրել իրենց կորուստը։
«Շատ կարեւոր է մարդկային էթիկայի նորմերին հետեւելը։ Եթե խոսքը սպանված մարդու մասին է, պետք է մտածել, որ հարազատները ծանր են տանելու՝ ամեն անգամ դիտելով այդ կադրերը»,- ասաց Խոսքի ազատության պաշտպանության կոմիտեի նախագահ Աշոտ Մելիքյանը։
Թե Մելիքյանի ղեկավարած կազմակերպությունը, թե ԶԼՄ-ների ինքնակարգավորման դիտորդ մարմինը բազմաթիվ բողոքներ են ստացել ինտերնետում հայտնված այդօրինակ տեսանյութերի հետ կապված։ Բողոքում են հենց զոհվածների հարազատները, որոնք այդ տեսանյութերը դիտելուց հետո հոգեկան ծանր ապրումներ են ունեցել:
Սերոբ ՄԱՐՈՒԹՅԱՆ
Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Հրապարակ» թերթի այսօրվա համարում