Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

Նավասարդ արքեպիսկոպոս Կճոյան. «Վերջերս նոր հեծանիվ եմ ձեռք բերել»

Հունիս 07,2013 10:16

Navasard arqepiskoposՀատված THE YEREVAN TIMESին Հայ առաքելական եկեղեցու Արարատյան թեմի առաջնորդական փոխանորդ Նավասարդ արքեպիսկոպոս Կճոյանի հարցազրույցից

Նավասարդ Կճոյանի հարցազրույցները ավելի մեծ աղմուկ են առաջացնում սոցիալական ցանցերում, քան նրա ոչ ժուժկալ անձնական կյանքի հետ կապված տեղեկությունները: Օրինակ, «Բենթլին ինձ համար սովորական բան է» արտահայտությունը վերջերս հայկական համացանցի գլխավոր մեմերից էր դարձել: Եկեղեցականի հետ ոչ եկեղեցու մասին՝ մի՞թե Նավասարդ Կճոյանը հենց այնպիսին է, ինչպիսին ներկայացվում է: Սա առաջին հարցն էր, որ The Yerevan Times-ը տվեց արքեպիսկոպոսին:

– Իհարկե, հոգու խորքում ես ցավում եմ, որ հաճախ համատեքստից ամբողջովին կտրված և մարդկանց հրամցված միտքը կամ փաստը կարող է փոխել նրանց վերաբերմունքը այս կամ այն հարցի նկատմամբ: Ցավոք, իմ պարագայում գործ ունենք հենց այսպիսի «ծուռ հայելիների» թագավորության հետ: Չեմ ուզում անուններ տալ, բայց այն, որ իմ հեղինակությունը հասարակության աչքերում նսեմացնելու գործընթացի սկիզբը կառավարվում էր կոնկրետ անձանց կողմից, փաստ է: Մնացածը պարզապես արդեն իներցիայի, նախատրամադրվածության խնդիր է: Ցավում եմ, որ մեր ժողովրդի մի մասը չի կարողանում զատել թացը չորից և ընկնում է բամբասանքների հորձանուտի մեջ: Այս առումով ես, իհարկե, ունեմ մեղքի իմ բաժինը․ երբևէ չեմ կարևորել ապատեղեկատվությանը համարժեք արձագանքելը՝ հույսս դնելով մեր ժողովրդի խոհեմության վրա:

Անունս հաճախ կապվում է ինչ-որ բիզնեսների հետ, բայց ինքներդ դատեք՝ մի՞թե այդ դեպքում ես կշարունակեի նվիրված մնալ եկեղեցուն: Ինձ համար ավելի հեշտ չէ՞ր լինի արդյոք զբաղվել ձեռնարկատիրությամբ, ընտանիք կազմել, զավակներ ունենալ /ի դեպ, խոստովանեմ, որ դրա մասին բազմիցս եմ երազել/: Բայց եկեղեցին իմ արյան մեջ է: Եվ, այո, ձեր ասած «Բենթլին» ինձ համար սովորական բան է, որովհետև իմ արժեքահամակարգի բարձունքում իդեալներն են, ոչ թե ավտոմոբիլային ավելորդությունները: Հենց սա է այն միտքը, որը ես երբեմն կրկնում եմ և որի երկրորդ մասը, չգիտես ինչու, դուրս է մնում մամուլի էջերից:

 

– Պատմում են Ձեր ահռելի ունեցվածքի, ազդեցիկ սանիկների, նրանց կողմից ստացվող նվերների /օրինակ՝ թանկարժեք «Բենթլիի»/, մի խոսքով՝ շվայտ կյանքի մասին։ Ըստ Ձեզ, ընդունելի՞ է արդյոք հոգևոր այրի ցոփությունը մի երկրում, որտեղ բնակչության մի ստվար զանգված աղքատության շեմին է:

– Պատասխանեմ հերթով: Նախ՝ ունեցվածքիս մասին ասեմ, որ բնորոշել այն «ահռելի» կնշանակի արժեքազրկել այդ բառը: Այո, ունեմ սեփական տուն, բայց այն հեռու է շքեղության մասին մարդկանց պատկերացումներից։ Այս հարցազրույցից անմիջապես հետո հրավիրում եմ Ձեզ իմ տուն՝ համոզվելու՝ որքան պարզ է այն և, միևնույն ժամանակ, ոչ պարզունակ՝ լի ինձ համար կարևոր խորհրդանշանականությամբ:

Նվերների առումով նշեմ, որ անգամ ոչ ցանկալի նվերից հրաժարվելն անկրթություն է: Ցավում եմ, որ մամուլը կարողացել է լվանալ շատերի ուղեղն այն աստիճան, որ նրանք մտածում են, թե ես միայն մեծահարուստների հետ եմ մտերմություն անում, այն էլ՝ նրանց համար «ինչ որ հարցեր լուծելու» և փոխարենը նվերներ ստանալու ակնկալիքով: Ես օրական հանդիպում եմ տասնյակ մարդկանց հետ, նրանցից շատերն իմ մտերիմներն են: Մի մասը սոցիալապես այնքան էլ ապահովված չէ․ այս դեպքում միշտ մտածում եմ՝ ինչպես կարելի է օգնել և այդ հարցով հաճախ միջնորդում եմ մյուս՝  ապահովված դասի ներկայացուցիչներին: Երկու խավից էլ նվերներ եմ ստանում, երկուսին էլ ես եմ նվիրում: Եվ հավատացեք, ինձ նվիրված՝ մեր որևէ վանքի և անամպ երկնքի պատկերմամբ մանկական նկարի ու «Բենթլիի» միջև որևէ տարբերություն չեմ դնում: Երկուսն էլ հավասարապես թանկ են ինձ համար․ երկուսն էլ նվեր են, երկուսն էլ՝ սրտանց: Ի՞նչ պետք է անեի ես: Հրաժարվե՞ի: Այո, ես եղել ու մնում են այն կարծիքին, որ թանկարժեք մեքենաներ ունենալը Հայաստանում սխալ է, քանի որ դեռևս լուծված չէ մեր բազմաթիվ հայրենակիցների օրահացի խնդիրը: Բայց այդ մեղադրանքները իմ հասցեին ուղղելը տեղին կլիներ, եթե «Բենթլին» գնելու նախաձեռնողը ես լինեի: Եվս մեկ անգամ հիշեցնում եմ, որ այն ինձ նվիրել էր իմ մտերիմ մարդկանցից մեկը՝ սանիկս: Ես ինքս ինձ երբեք նման ավտոմեքենա չէի գնի, եթե անգամ ունենայի դրա հնարավորությունը: Փոխարենը, վերջերս նոր հեծանիվ եմ ձեռք բերել և օրական 5-10 կմ երթևեկում եմ դրանով: Սիրում էի հեծանիվ քշել դեռ Օշականում ծառայելու տարիներին: Այն ժամանակ էլ էին մարդիկ փսփսում․ հոգևորական է և հեծանվով է երթևեկում: Իսկ ես երբեք ենթակա չեմ եղել այդ նախապաշարումներին, որոնք ոչ այլ ինչ են, քան գավառամիտ մտածելակերպի ծնունդ, և սկզբունքորեն նախընտրել եմ անպատասխան թողնել ինձ ուղղված անհիմն հարցադրումները: Այո, «Բենթլին» ինձ համար սովորական բան է, որովհետև երջանկության համար այն չէ, որ պետք է ինձ: Այս առումով ասեմ, որ հեծանիվն այդքան էլ սովորական բան չէ․ այն քշելով ես ինձ միշտ երիտասարդ եմ զգում /ծիծաղում է -խմբ․/:

Հայ հոգևորականի ցոփության հետ կապված հարցին, կխնդրեմ Ձեզ իմ առօրյայում ցույց տալ ցոփության գեթ մեկ դրսևորում, և ես այն կվերագրեմ ինձ: Եթե կրկին չարաբաստիկ «Բենթլիի» մասին հիշեցնեք, ասեմ, որ դրանով գրեթե չեմ երթևեկում, նախընտրում եմ ծառայողական մեքենան: Ամեն ինչից զատ՝ անկեղծ ասեմ, որ ավտոմեքենաների հանդեպ որևէ սեր չունեմ և ինքս էլ 14 տարի է ղեկ ձեռքս չեմ վերցրել: Այդքան բան:

 

– Տարբեր միջոցառումների ժամանակ Ձեզ կարելի է տեսնել իշխող էլիտայի կողքին: Հայտնի է նաև, որ չեք թաքցնում համակրանքը Սերժ Սարգսյանի հանդեպ: Ինչո՞վ է այն պայմանավորված:

– Այս հարցը ևս բազմաթիվ շահարկումների առիթ է դառնում:

Մեր պապերը դարերով երազել են անկախ պետականություն ունենալու մասին, և Հայ առաքելական եկեղեցին է, որ պատմության ծանրագույն շրջաններում իր վրա է վերցրել ազգապահպանման խնդիրը: Այսօր մենք բախտ ունենք վայելելու, ըմբոշխնելու անկախությունը: Եվ ո՞ւմ, ըստ Ձեզ, պետք է սատարեի ես՝ որպես եկեղեցու սպասավոր, պատմության այս կարևոր փուլում, եթե ոչ անկախ Հայաստանի լուծը քաշող ուժին:

Սերժ Սարգսյանի առումով ասեմ, որ իր ճակատագիրը սերտորեն կապված է մեր նորագույն պատմության ամենահերոսական շրջանի՝ Արցախի ազատագրման հետ: Ես նրան ազգային և պետական գործիչ եմ համարում: Համոզված եմ, որ Սերժ Սարգսյանը Հայաստանի զարգացումը ճիշտ ուղով է տանում: Բոլորիս հուզող կոռուպցիան, սոցիալական ծանր պայմանները և դրանից բխող արտագաղթն անցողիկ երևույթներ են: Օտար ափերում դեգերող հայերը վերադառնալու են իրենց հայրենիք, ես վայրկյան անգամ չեմ կասկածում դրանում:

Արման ԲՈՒԴԱՂՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (2)

Պատասխանել

  1. Hayordi says:

    Դուք ոչ հոգևորական եք, ոչ բիզնեսմեն … դուք չարաշահում եք Աստծու գթասրտությունը շարունակաբար որի համար մի օր շարժելու եք նրա զայրույթը: Աստված ողորմած է և չի շտապում ձեզ պատժել, քանի որ նա մարդ չէ որ շտապի պատժել, որն անշուշտ ՎԱՍՏԱԿԵԼ եք շատ վաղուց: Մարդկանց աչքերում էլ շատ վաղուց եք արժեզրկվել և դրանում ոչ մեկին մի մեղադրեք: Միայն ձեզ մեղադրեք ձեր բոլոր գործած գիտակցված և չգիտակցված մեղքերի համար: Կարդացեք Նարեկ եթե կարող եք, այն կօգնի ձեզ: Դուք հայ ազգի թշնամիների շարքում կարող կարող եք ձեր “պատվավոր” տեղը զբաղեցնել: Դուք հայ առաքելական դարավոր եկեղեցին օգտագործում եք ձեր անձի համար և ոչ թե աստծուն ծառայելու…

  2. Ирина says:

    Обычно люди девлают такие подарки, которые заведомо знают, что вам они понравятся. Вот если бы вы хотели создать приют для бездомных, или столовую для голодных, или приют для детей, то вам обязательно вместо Бентли помогли бы финансово.

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930