Լրահոս
Գոռոզություն
Օրվա լրահոսը

Ինչո՞ւ կանանց հավաքականը մեծ հաջողությունների չհասավ Հայաստանում. Մեկնաբանում է ֆուտբոլիստ Քրիստինե Մանգասարյանը

Հունիս 06,2013 21:39

Ֆուտբոլը, ըստ պատմաբանների,  ի հայտ է եկել դեռ մ.թ.ա. 2500 թվականին: Այն ավելի շատ հայտնի է, որպես այսպես կոչված «տղայական» խաղ, բայց արի ու տես ֆուտբոլով հետաքրքրվում են նաև աղջիկները:

Քրիստինե Մանգասարյանը, ով տարիներ շարունակ զբաղվել է ֆուտբոլով և խաղացել «Փյունիկի», «Բանանցի», «Рязань-ВДВ»-ի և «Դոնչանկայի» կանանց թիմերում, պատմում է, որ այսօր, չնայած նրան, որ կանանց ֆուտբոլը աշխարհում բավական կայուն հիմքերի վրա է, ցավոք Հայաստանում այն մեծ հաջողություններ չի կարողանում գրանցել:

Քրիստինեի թե’ հայրը և թե’ հորեղբայրը ֆուտբոլիստներ են եղել և ինչպես ինքն է ասում ֆուտբոլն իր արյան մեջ է: Դեռ փոքր տարիքից միշտ դրսում տղաների հետ ֆուտբոլ է խաղացել, ոչ թե հետաքրքրված է եղել ֆուտբոլով, այլ իր կյանքը առանց ֆուտբոլի պարզապես չի պատկերացրել:

Քրիստինե,  մտածու՞մ էիր, որ կգա ժամանակ և կսկսես ավելի լուրջ վերաբերվել ֆուտբոլին կամ կսկսես խաղալ կանանց հավաքականում:

-Ծնողներս 8 տարեկանից ինձ մեծ թենիսի տարան,  7 տարի զբաղվեցի թենիսով, նույնիսկ հասցրի բավական լուրջ հաջողությունների հասնել, սակայն աչքս միշտ ֆուտբոլի կողմն է եղել, անգամ` թենիսի մարզումների ժամանակ տղաներին հավաքում և ֆուտբոլ էինք խաղում: Պատկերացում չունեի, որ Հայաստանում կանանց ֆուտբոլ գոյություն ունի, հետո, երբ մարզիչներն ինձ պատահական նկատեցին ֆուտբոլ խաղալիս, կանչեցին մարզվելու, սակայն ծնողներս դեմ էին, նրանք երազում էին, որ ես աշխարհահռչակ թենիսիստուհի դառնայի:

Այսինքն ծնողներդ կարծում էին, որ ֆուտբոլը այդքան էլ աղջկա խաղ չէ՞:

-Այո, նրանք նաև մտածում էին, որ երկար ապագա ունենալ չի կարող,սակայն մայրս մի օր ինձ անակնկալ մատուցեց: Միասին թենիսի մարզումից հետո գնացինք «Փյունիկի» կանանց ֆուտբոլի ակումբ, հենց նույն վայրկյանին, անգամ թենիսի հագուստով սկսեցի խաղալ, այդ օրվանից էլ ամեն ինչ սկսվեց: Բախտս իսկապես բերել է այդ հարցում, ծնողներս բավականին ազատամիտ մարդիկ են թեթև են վերաբերվում ամեն ինչին և իրենք տեսնելով, թե ինչքան շատ եմ սիրում ֆուտբոլը, իրենց ցանկությունը դրեցին մի կողմ և թույլ տվեցին, որ զբաղվեմ ֆուտբոլով:

Ստացվում է, որ իսկապես Հայաստանում կանանց հավաքականը լուրջ հաջողությունների չհասավ,  ինչի՞ հետ էր դա կապված:

-Հաջողություններ շատ են գրանցվել, բայց դրանց մասին գրեթե չի խոսվել: Մենք ավելին կարող էինք անել, բայց մեզ ուշադրություն չդարձրեցին, կանանց ֆուտբոլը կարծես թե Հայաստանում չընդունեցին, եթե ընդունեին և մեզ մի փոքր տրամադրեին, մենք շատ ավելի մեծ հաջողությունների կհասնեինք:getImage (3) (2)

Այսօր հավաքականը դադարեցրել է իր գործունեությունը, ինչու՞:

-Այո, կանանց հավաքականը փակվել է, բայց հավաքականից  8 հոգով խաղում ենք դրսում և այնտեղ մեզ ավելի պրոֆեսիոնալ մարզիկներ ենք զգում: Հավաքականը փակվեց ֆեդերացիայի որոշմամբ, նրանք որոշեցին զարգացնել կանանց ֆուտբոլը ավելի փոքր տարիքային խմբեր ընդգրկելով, սակայն իմ կարծիքով` մեզ մոտ կանանց ֆուտբոլը երբեք չի զարգանա, մինչև չսկսեն մեզ սիրել և իսկապես լավ պայմաններ ստեղծել դրա զարգացման համար:

Այսինքն հիմա փոքրերը խաղու՞մ են հավաքականում:

-Հիմա մենք ունենք մի քանի թիմ, որտեղ հավաքագրել են նոր երեխաների այն նպատակով, որպեսզի նրանք մեծանան և իրենց լավ խաղով ընդգրկվեն հավաքական, սակայն դա այնքան էլ ճիշտ չէ, իմ կարծիքով` նրանք հիմա ավելի շատ զբաղվում են ֆուտբոլով, քան խաղում, իսկ դրանք տարբեր բաներ են:

– Ի՞նչ խնդիրներ ուներ հավքականը այն  ժամանակ:

-Օրինակ` դրսում շատ լավ են նայում աղջիկ ֆուտբոլիստներին ամենը արվում է պրոֆեսիոնալ մոտեցմամբ: Այստեղ ակումբները մեծ խնդիրներ ունեին, նախ չկային լավ պայմաններ: Մենք աշխատավարձ չէինք ստանում, ոչնչով ապահովված չէինք, ուսումնամարզական հավաքներ չէին կազմակեպվում, այսինքն ամեն ինչ ոչ պրոֆեսիոնալ ձևով էր արվում, պարզապես բոլորս շատ սիրելով սպորտաձևը քրտնաջան մարզվում էինք` ակնկալելով, որ գոնե ապագայում մեզ վրա էլ ուշադրություն կդարձնեն, սակայն ապարդյուն:

 

Ինչպե՞ս է ընթանում քո ֆուտբոլային կարիերան:

-Ես արդեն 1 տարի է, ինչ խաղում եմ Ռուսաստանում «Рязань-ВДВ»-ի բարձրագույն լիգայում, նույնիսկ հրավերներ ունեմ Եվրոպայից: Անկախ ամեն ինչից, ես շարունակելու եմ ֆուտբոլ խաղալ և բոլորին ապացուցել, որ հայուհին էլ կարող է մեծ բարձրունքների հասնել այս ասպարեզում:

Իսկ ֆուտբոլիստներից ու՞մ խաղն ես ավելի շատ սիրում:

-Ես սիրում եմ Մարադոնային, Զիդանին, Ռոնալդինյոյին, կանանցից Մարթային, իսկ Հայկական տղամարդկանց ֆուտբոլով բացարձակապես չեմ հետաքրքրվում:

Ինչու՞, ուսուցանող տարրեր չկա՞ն, թե՞

-Այո ինձ համար չկան: Բայց կառանձնացնեմ մեկ հոգու` Հենրիկ Մխիթարյանին, ով իր աշխատասիրության և այքան հզոր կամքի շնորհիվ կարողանում է հասնել իր նպատակին: Նա շատ հայ երիտասարդների կարող է լավ օրինակ ծառայել, թե’ իր բնավորության գծերով, և թե’ իր խաղով:

Իսկ բացի ֆուտբոլից ու թենիսից, այլ նախասիրություններ ունե՞ս:

-Ես շատ- շատ նախասիրություններ ունեմ, որովհետև կյանքը եռում է իմ արյան մեջ, ես կյանքում ամեն ինչ սիրում եմ 🙂 : Ես ավարտել եմ Ֆիզիկական կուլտուրայի հայկական պետական ինստիտուտը, այնուհետև մրցավար եմ եղել,աշխատել եմ բարմեն: Կյանքում ամեն ինչ եմ սիրում` բնությունը, կենդանական աշխարհը, էքստրիմը և այլն:

– Ի՞նչ խորհուրդ կտաս այն աղջիկներին, ովքեր ուզում են ֆուտբոլային կարիերա սկսել:

-Խորհուրդ կտամ չհուսահատվեն և հավատան իրենց ուժերին, որովհետև իրենք ամեն ինչ կարող են, եթե ուզում են հասնել բարձրունքների, պետք է շատ աշխատեն իրենք իրենց վրա, ոչ մի մարզում բաց չթողնեն, պետք է մինչև վերջին կաթիլը նվիրվեն այս սպոտրաձևին: Որովհետև ինչպես  հին ասացվածքն է ասում`«Ինչ էլ լինի, տաշած քարը գետնին չի մնա», այսինքն՝ ամեն ինչ իրենցից է կախված:

– Շարունակիր միտքը, ֆուտբոլն ինձ համար . . .

-Ֆուտբոլն ինձ համար արվեստ է, արվեստ՝ առանց որի ես պարզապես կիսատ մարդ կլինեմ: Ամենաերջանիկ րոպեներս ֆուտբոլ խաղալու ժամանակ եմ ապրել և ինչն էլ ամբողջապես փոխել է իմ կյանքը:431014_240590766030845_1949213310_n
                                                                        Օվսաննա Սիմոնյան

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930