Լրահոս
Օրվա լրահոսը

Արամայիս Սահակյանը կդառնար 77 տարեկան

Հունիս 06,2013 13:35

Հարցազրույց նրա տիկնոջ՝ Աստղիկ Սահակյանի հետ

Մայիսին երգիծաբան, բանաստեղծ, Հայաստանի գլխավոր ոզնի Արամայիս Սահակյանը կդառնար 77 տարեկան, սակայն… Թերեւս, ճիշտ են ասում՝ մարդը մնայուն է իր գործերով:

Արամայիս Սահակյանը շուրջ 30 տարի «Ոզնի» երգիծաթերթի գլխավոր խմբագիրն է եղել:

Այժմ Արամայիս Սահակյանի կիսատ թղած գործերը փորձում է կյանքի կոչել նրա 60 տարվա կողակիցը՝ Աստղիկ Սահակյանը, ով ոչ միայն սիրող կին ու հոգատար մայր է, այլեւ ամուսնու արվեստի ամենամեծ երկրպագուն:

– Տիկին Աստղիկ, այժմ դուք գլխավորում եք «Ոզնի» երգիծաթերթը: Ինչպե՞ս որոշվեց:

– Թերթի անձնակազմը խորհրդակցել եւ որոշել է ինձ նշանակել տնօրենի պաշտոնակատար: Որպեսզի չընդհատվի հանդեսը՝ համաձայնեցի: Ֆինանսական շատ խնդիրներ կան, Արամայիսը կարողանում էր միջոցներ հայթայթել: Ես մինչեւ տարվա վերջ մի բան կանեմ, հետո չգիտեմ՝ ինչպես կդասավորվի: Ինչ պատգամել է, բոլորը սրբությամբ կատարելու եմ: Անելու եմ այն ամենը, ինչ ինքը կաներ: Դա իմ հոգու պարտքն է… Ես ինձ համարում եմ ուժեղ մարդ, բայց առաջին օրը նրա աշխատասենյակ մտնելը ինձ համար անտանելի էր…

– Ընկերների խոսքերով՝ Արամայիս Սահակյանը ամուր կամքի տեր մարդ էր…

– Նա անգամ հիվանդ ժամանակ  «Ծիծաղի տունն» է շարունակել, հասարակական, մշակութային կյանքին է մասնակցել, բայց առաջվա թափը, եռանդը չկար… Շատ-շատ բաներ կիսատ մնացին… Թոռնիկս՝ Դավիթը, շուտով բանակից կգա, որոշել ենք  միասին «Ծիծաղի տուն» հաղորդաշարից ընտրանի կազմել: Դա նրա երազանքն էր… Թոռնիկս մասնագիտությամբ լրագրող է, տիրապետում է նաեւ մոնտաժի նրբություններին:

– Ո՞րն էր Արամայիս Սահակյանի ամենակարեւոր հատկանիշը:

– Պարտաճանաչությունն ու աշխատասիրությունը: Անսպառ էներգիայի տեր մարդ էր: «Ծիծաղի տան»  երեք հաղորդում մեկ օրում էին նկարում: Երբեմն հասկանում էր, որ իր այդ լավ, հրաշալի թիմի երիտասարդները հոգնել են, բայց ինքը չէր զգում հոգնածություն… Հիմա հաճախ մտածում եմ, որ իր բոլոր ճիգերը, ուժերը օգտագործեց, ոչինչ չպահեց, որ իր հիվանդությունը հաղթահարեր…

– Կա՞ր արտահայտություն, որ շատ էր օգտագործում:

-Նրա արտահայտությունները վաղուց բոլորինն են: Օրինակ, Ջիգարխանյանը շատ է սիրում նրա՝ «Ես քեզ պետք է ողջունեմ, որովհետեւ փող չունեմ» արտահայտությունը… Երբ մեկին ձոն էր ուղղում, պարտադիր վերջում գրում էր. «Հարգանքներով իսկական, Արամայիս Սահակյան»… Հեռախոսազրույցի համար հատուկ բառապաշար էր օգտագործում: Տղամարդկանց ասում էր. «Ողջույն աշխարհի ամենագեղեցիկ տղամարդուն»: Երբեմն ավելացնում էր՝ ինձանից հետո: Աղջիկներին, կանանց ասում էր. «Ես տիեզերքի կենտրոնին եմ զանգում»…

– Որպես արվեստագետ՝ մենք ճանաչում ենք Արամայիս Սահակյանին, որպես ամուսին՝ ինչպե՞ս կբնութագրեք նրան:

– Ընտանիքի մարդ: Չեմ կարող ասել, թե հին հայացքների տեր էր, բայց կային ավանդույթներ, որոնց հետեւում էր: Բոլորիս ծնունդները նշում էր յուրահատուկ նվերներով եւ երկտողերով: Ես բոլորը առանձնացրել եմ…

-Կարո՞ղ եք ձեզ նվիրած առաջին բանաստեղծությունը հիշել:

-Ամենատպավորիչը մի աքրոստիկոս էր, որը երկու կողմերից ԱՍՏՂԻԿ էր կարդացվում…

– Կենցաղային խնդիրները հե՞շտ էր հաղթահարում:

-Նա ամեն ինչին հումորով էր մոտենում: Բոլորիս ընտանիքներում էլ դժվարություններ լինում են: Նման մի օր՝ առավոտյան, սեղանի վրա գումար էր դրել, կողքին՝ երկտող. «Այս ծանր օրերում, տիկին Աստղիկ, այս 10 հազարը քեզ պետք կգա սաստիկ»… Իսկապես, այդ պահին դա ավելի թանկ էր, քան ուրիշ օրվա 100 հազարը…

ՆԵԼԼԻ ՄԱՐԳԱՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930