Լրահոս
Օրվա լրահոսը

FIDH–ի 38–րդ համագումարի արդյունքում ընդունվեց բանաձև հայ–թուրքական հարաբերությունների վերաբերյալ

Հունիս 05,2013 19:43

Istanbul flowers_3Istanbul flowers_6Այսօր «Քաղաքացիական հասարակության ինստիտուտ» (ՔՀԻ) հկ-ի գրասենյակում տեղի ունեցավ մամուլի ասուլիս և քննարկում՝ նվիրված Մարդու իրավունքների միջազգային ֆեդերացիայի (FIDH) 38-րդ համագումարի արդյունքների ներկայացմանը։

Ս.թ. մայիսի 23-ից 27-ը Ստամբուլում անցկացվել է FIDH–ի 38-րդ համագումարը՝ հաջորդելով 2010թ.–ին Երևանում տեղի ունեցած 37-րդ համագումարին։ Միջոցառմանը մասնակցել էին իրավապաշտպան կազմակերպություններ շուրջ 100 երկրներից, այդ թվում FIDH–ի հայաստանյան անդամ–կազմակերպություն հանդիսացող Քաղաքացիական հասարակության ինստիտուտը՝ հանձին խորհրդի նախագահ Արտակ Կիրակոսյանի։

Համագումարը և դրան նախորդող ֆորումը մեծ հնչեղություն են ունեցել Թուրքիայում։ Միջոցառումներին մասնակցել են Միջազգային քրեական դատարանի նախագահ Սանգ-Հյուն Սոնգը, FIDH–ի նախագահ Սուեր Բելասենը, Թուրքիայի փոխվարչապետ Բեշիր Աթալայը, Եվրոպական միության Մարդու իրավունքների հատուկ ներկայացուցիչ Ստավրոս Լամբրինիդիսը, իսկ համագումարի փակմանն իր ելույթն է ունեցել Թուրքիայի նախագահ Աբդուլա Գյուլը։

FIDH–ի 38-րդ համագումարի աշխատանքի ակներև արդյունքներից էր մայիսի 30-ին ընդունված հայ–թուրքական հարաբերությունների վերաբերյալ բանաձևը, որով FIDH–ը կոչ է արել Թուրքիայի կառավարությանը ճանաչել Հայոց ցեղասպանությունը և վերջ տալ Հայաստանի Հանրապետության շրջափակմանը՝ առանց որևէ նախապայմաների, ու անհապաղ քայլեր ձեռնարկել հայ–թուրքական դիվանագիտական հարաբերությունների ստեղծման ուղղությամբ։

Հատկանշական է, որ Քաղաքացիական հասարակության ինստիտուտի հետ համատեղ այս բանաձևի նախաձեռնողներն էին երկու թուրք իրավապաշտպան կազմակերպություններ՝ Մարդու իրավունքների ասոցիացիան և Մարդու իրավունքների թուրքական հիմնադրամը։ Համագումարի անցկացման օրերին կազմակերպվեց նաև միջոցառում՝ նվիրված Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին։ FIDH–ի անդամները և թուրք իրավապաշտպանները՝ ձեռքերում կրելով սպանված հայ մտավորականների նկարները, ծաղիկներ գցեցին Բոսֆորի նեղուցի ջրերը։

Ինչպես լրագրողների հետ իր զրույցում նշեց ՔՀԻ խորհրդի նախագահ, իրավապաշտպան Արտակ Կիրակոսյանը, «Հայ–թուրքական հարաբերությունների խնդիրների բարձրաձայնման համատեքստում խորհրդանշական էր, որ Երևանում անցկացրած 37-րդ FIDH–ի համագումարին հաջորդեց մյուսը՝ Ստաբուլում։ Եվ մեզ համար անչափ կարևոր էր հասնել այս բանաձևի ընդունմանը, որը վերահաստատեց ու էլ ավելի հստակեցրեց այն ձևակերպումները, որոնցով հանդես էինք եկել երեք տարի առաջ»։

Քաղաքացիական հասարակության ինստիտուտ

 

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930