Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

Սամվել Հարությունյան. «Զարմանում եմ, որ Սուրեն Խաչատրյանին Ղարաբաղ ուղարկելը պատիժ էր»

Հունիս 05,2013 19:07

Գորիսի նախկին քաղաքապետը մանրամասներ է պատմում Սուրեն Խաչատրյանի զինված հարձակումից եւ հիշեցնում Վազգեն Մանուկյանի խոսքերը՝ «հիմա  դրոներ եւ նժդեհներ չկան»:

«Ինձ համար շատ զարմանալի է, որ պարոն Վազգեն Մանուկյանը 20 տարի հետո անգամ չի ընդունում, որ շատ կոպիտ սխալ է թույլ տվել: Զարմանում եմ, որ ինքը պնդում է, որ Սուրեն Խաչատրյանին Ղարաբաղ ուղարկելը դա պատիժ էր: Վերջապես բանակը նրա համար է, որ ծառայի հայրենիքին, նախեւառաջ պաշտպանի նրա սահմանները: Յուրաքանչյուրի համար դա պարտականություն է, առավել եւս՝ Հայոց բանակի մարտիկների եւ սպաների համար: Կոնկրետ Գորիսի պայմանագրային գումարտակի հրամանատարի համար պետք է նաեւ այդպես լիներ: Զարմանալի է, որ նա գտնում է, որ իբրեւ պատիժ նրան ցանկացել է ուղարկել Ղարաբաղ՝ ծառայելու»,- այսօր Aravot.am-ի հետ զրույցում 1992-94 թթ Գորիսի քաղաքապետ, ազատամարտիկ, ինքնապաշտպանական կոմիտեի համանախագահ Սամվել Հարությունյանը այսպես մեկնաբանեց Վազգեն Մանուկյանի արդարացումը, որ ինքը փորձել է Սուրեն Խաչատրյանին ուղարկել որպես տույժ ռազմաճակատ՝ Ղարաբաղ, սակայն Վազգեն Սարգսյանը խնդրել է, որ չանի:

Պարոն Հարությունյանը այլ մանրամասներ էլ պատմեց, թե ինչ է արել Սուրեն Խաչատրյանը Գորիսի քաղաքապետարանի վրա զինված հարձակումից հետո եւ ինչ պատասխան է ստացել Վազգեն Մանուկյանից: Սամվել Հարությունյանը նախ անընդունելի համարեց, որ Վազգեն Մանուկյանը Վազգեն Սարգսյանի անունն է տվել՝ միջադեպի հետ կապված. «Ես չեմ բացառում, որ այն ժամանակ նա դիմել է, բայց  մեջբերումներ անել այդ առումով ճիշտ չեմ համարում: Վերջին հաշվով Գորիսում կատարվել է ծանրագույն հանցագործություն: Գորիսի պայմանագրային գումարտակի հրամանատար, նախկինում 4 անգամ զարհուրելի հանցագործությունների համար դատապարտված եւ ազատազրկված Սուրիկ Խաչատրյանը եւ նրա բանդան մտել են Գորիսի անզեն քաղաքապետարանի շենք, եւ գրավել են շենքը: Փորձել են պարտադրել Գորիսի քաղխորհրդի նախագահին՝ ինձ, որպեսզի հրաժարական տամ: Ես չեմ ենթարկվել այդ պարտադրանքին, անշուշտ: Ինչ վերաբերում է շենքին, նրանք մեկ օր իրենց այդ զինված խմբով պահել են իրենց տրամադրության տակ: Դեպքի հաջորդ օրը նախագահության եւ քաղխորհրդի նիստերը մենք ստիպված անցկացրեցինք մշակույթի տանը: Այդ ժամանակ պաշտպանության նախարար Վազգեն Մանուկյանը մի քանի տեղակալների, աշխատակիցների հետ միասին մտավ այդ սենյակ, հարցրեց՝ ինչո՞ւ եք այստեղ: Ասացինք՝ նիստ ենք անում, ասեց՝ բա ինչու ձեր շենքում չեք անցկացնում, ասեցինք, որ ձեր զինված ենթակաների կողմից շենքը գրավված է: Ասեցին՝ գնանք կանչենք: Գնացինք, հետաքրքիր էր, որ դահլիճ մտավ Սուրիկ Խաչատրյանը: Պարտավոր էին անհապաղ ձերբակալել նրան, բայց ի զարմանս մեզ, նա մտավ դահլիճ: Եվ ես եւ մի շարք գորիսեցիներ պահանջեցինք Վազգեն Մանուկյանից համարժեք գնահատական տալ եւ անհապաղ պատժել Սուրիկ Խաչատրյանին եւ մնացած մասնակիցներին: Վազգեն Մանուկյանը , շատ լավ հիշում եմ նրա այդ խոսքը, պատասխանեց՝ հիմա դրոներ եւ նժդեհներ չկան: Անմիջապես ես նկատեցի, որ հայ ժողովուրդը միշտ էլ ունեցել է եւ հիմա էլ ունի դրոներ եւ նժդեհներ, պարզապես պետք է նրանց նմաններին վստահել եւ ոչ թե քրեական հանցագործներին: Ընդամենը ծառայողական քննություն շարունակվեց, եւ այդպես էլ Սուրիկ Խաչատրյանը շարունակեց գումարտակի հրամանատարի իրավունքներից օգտվել»:

Սամվել Հարությունյանի համոզմամբ՝ Սուրեն Խաչատրյանի արածը ծանրագույն հանցագործություն էր. «Է՞լ ինչ պիտի աներ, որ ազատազրկվեր: Նրան հասնում էր 15 տարվա ազատազրկում»:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Համլետ says:

    Սուրիկ Խաչատրյանը կատարել է ծանրագույն հացագործություն,որը վաղեմության ժամկետ չի ճանաչում:Կան այդ հանցագործության վկաներ,ականատեսներ՝ առնվազն 2-ը պաշտոնական անձիք էին…ՀՀ Դատախազությունը պարտավոր է անհապաղ իրականացնել համապատասխան միջոցառումներ այս հոդվածի՝ ծանրագույն հանցագործություն կատարելու փաստի վերաբերյալ,անկախ այն բանից,որ վերջերս Սերժ Սարգսյանը Սուրիկ Խաչատրյանին արժանացրեց կառավարական պարգևի՝ հենց այս հանցագործության համար…
    Մեկնաբանությունս կարդացողներից ոմանք երևի զարմանան,բայց ասեմ,որ հանցագործին կառավարական բարձր պարգևի արժանացնելու նախադեպ հանդիսացավ Ադրբեջանի Նախագահ Ալիևի կողմից մարդասպան Ռամիլ Սաֆարովին պարգևատրելը…Այս պարագայում ինձ համար Իլխյամ Ալիևն ու Սերժ Սարգսյանը,ինչպես,նաև՝ Ռամիլ Սաֆարովն ու Սուրիկ Խաչատրյանը միմյանցից տարբերվում են միայն անուն-ազգանունների տարբերությամբ…

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930