Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Մամուլի ասուլիս ՀՀ ԱԺ-ի եւ ՌԴ ԴԺ-ի միջեւ համագործակցության միջխորհրդարանական հանձնաժողովի 22-րդ նիստի վերաբերյալ

Հունիս 05,2013 18:53

Հունիսի 5-ին հրավիրած մամուլի ասուլիսում ԱԺ փոխնախագահ Հերմինե Նաղդալյանը, ԱԺ պատգամավորներ Ռուզաննա Մուրադյանը, Հայկ Բաբուխանյանը եւ Կարեն Բոթոյանը մանրամասներ հաղորդեցին Հայաստանի խորհդարանական պատվիրակության մասնակցությամբ Ռուսաստանի Դաշնությունում կայացած նիստերի մասին:

Մայիսի 28-ին Ռուսաստանի Դաշնության Բելգորոդի մարզի Պրոխորովկա քաղաքավանի պատմամշակութային կենտրոնում տեղի է ունեցել ՀՀ ԱԺ-ի եւ ՌԴ ԴԺ-ի միջեւ համագործակցության միջխորհրդարանական հանձնաժողովի հերթական 22-րդ նիստը, որին մասնակցել է հայկական խորհրդարանական պատվիրակությունը՝ ՀՀ ԱԺ փոխնախագահ, պատվիրակության ղեկավար Հերմինե Նաղդալյանի գլխավորությամբ:

Հերմինե Նաղդալյանի տեղեկացմամբ` նիստի օրակարգում, որը սահմանվել էր դեռեւս նախորդ նիստի ընթացքում, քննարկվել է Եվրասիական ինտեգրացիայի գործընթացներում Հայաստանի մասնակցության հեռանկարներին առնչվող հարցը, որի վերաբերյալ ելույթ են ունեցել Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի ամբիոնի վարիչ, տնտեսագիտության դոկտոր Աշոտ Թավադյանը եւ Եվրասիական տնտեսական հանձնաժողովի ինտեգրացիայի զարգացման դեպարտամենտի տնօրենը: Տիկին Նաղդալյանի գնահատմամբ` ելույթներում ներկայացվել է Եվրասիական միության աշխատանքներում առկա իրավիճակը:

Նիստի օրակարգի 2-րդ հարցը վերաբերել է տնտեսական հարաբերությունների խորացմանը, մասնավորապես փոքր եվ միջին բիզնեսի ներկայացուցիչների միջեւ համագործակցությանը, ինչը կարեւորելով՝ հանձնաժողովը որոշում է կայացրել 2014-ի մայիսյան նիստի ժամանակ քննարկել այդ համագործակցության առկա վիճակը, պայմաններն ու խոչընդոտող հանգամանքները: ԱԺ փոխնախագահը նշեց, որ այդ նպատակով հայկական կողմը ստեղծել է աշխատանքային խումբ:

Միջխորհրդարանական հանձնաժողովի հաջորդ՝ 23-րդ նիստի օրակարգը նվիրված կլինի Հայաստանի եւ Ռուսաստանի տրանսպորտային խնդիրների լուծմանը:

ԱԺ պատգամավոր, պատվիրակության անդամ Ռուզաննա Մուրադյանը նշեց, որ այցի ընթացքում համաձայնություն է ձեռք բերվել ռուսական կողմի հետ՝ իրականացնելու համատեղ կրթական, սպորտային ու մշակույթային ծրագրեր, որոնք ուղղված կլինեն երկու երկրներում այդ ոլորտների զարգացմանը:

Հերմինե Նաղդալյանը տեղեկացրեց, որ ԱԺ պատվիրակությունը հանդիպումներ է ունեցել ՌԴ Պետական դումայի նախագահի առաջին տեղակալի, ՌԴ Պետական դումայի ԱՊՀ գործերի եւ հայրենակիցների հետ կապերի կոմիտեի նախագահի եւ կոմիտեի այլ անդամների հետ, եւ քննարկվել են հայ-ռուսական հարաբերությունների ամրապնդմանը եւ հետագա զարգացմանն առնչվող հարցեր:

Պատվիրակության անդամները պատասխանեցին լրագրողների հարցերին:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930