Հունիսի 5-ին տեղի ունեցած ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նիստում Վարդան Այվազյանի նախագահությամբ քննարկվեց Հրանտ Բագրատյանի հեղինակած «Օֆշորային գոտիներում գրանցված ընկերությունների գործունեությունը Հայաստանի Հանրապետության հանքարդյունաբերության ոլորտում կարգավորելու մասին» նախագիծը, որով առաջարկվում է 2014 թվականի հունվարի 1-ից հանքարդյունաբերության եւ արդյունաբերության ոլորտում հանքերի շահագործմամբ եւ այդ շահագործումից ստացվող հումքի ու պատրաստի արտադրանքի արտադրությամբ եւ արտահանմամբ զբաղվող ընկերությունների կապիտալում արգելել այն ընկերությունների մասնակցությունը, որոնք գրանցված են օտարերկրյա օֆշորներում, այդ ընկերություններին արգելել արտադրանքի վաճառքը օֆշորներում գրանցված ընկերություններին, արգելել հումքի, նյութերի, սարքերի, սարքավորումների, տեխնիկայի, տեխնոլոգիաների, ֆինանսական եւ այլ ծառայությունների գնումները օֆշորային ընկերություններից:
Հեղինակի գնահատմամբ՝ օրինագծի ընդունումը թույլ կտա հանքարդյունաբերության ոլորտում հասնել ստվերային տնտեսության շեշտակի կրճատմանը:
ՀՀ ֆինանսների նախարար Դավիթ Սարգսյանը ներկայացրեց ՀՀ կառավարության ոչ դրական տեսակետը՝ միաժամանակ տեղեկացնելով, որ կառավարությունը մշակում է մի նախագիծ, որում կկարգավորվեն նաև օֆշորի հետ կապված խնդիրները:
Հանձնաժողովը օրինագծի վերաբերյալ ներկայացրեց ոչ դրական եզրակացություն:
ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նիստի օրակարգը չսպառվեց. հանձնաժողովը հաջորդ նիստը կգումարի հունիսի 7-ին, ժամը 12.00-ին:
ԱԺ մամուլի հաղորդագրություն