Լրահոս
Օրվա լրահոսը

Իրավունքի գերակայությունը՝ իշխանության վարքագծի կանոնագիրք

Հունիս 05,2013 18:36

sdIMG_0806IMG_0809ՀՀ սահմանադրական դատարանի Շահամիր եւ Հակոբ Շահամիրյանների անվան գրադարանում «Սահմանադրական իրավունքի կենտրոն» հասարակական կազմակերպության եւ ԵՊՀ իրավագիտության ֆակուլտետի նախաձեռնությամբ կազմակերպվել էր սեմինար «Իրավունքի գերակայության սկզբունքի տեղն ու դերը իշխանության հանրային վարքագծում» թեմայով:
Սեմինարի անհրաժեշտությունը, ըստ ՀՀ Սահմանադրական դատարանի նախագահ Գագիկ Հարությունյանի, պայմանավորված էր մեր անվանի հայրենակից Վլադիմիր Ներսիսյանցի 75-ամյա տարեդարձի հետ: Ի դեպ, Ռուսաստանում եւս այդ կապակցությամբ կազմակերպվում են «Ներսիսյանական լսումներ»:

Սեմինարի ավարտին ԵՊՀ իրավագիտության ֆակուլտետի դեկան Գագիկ Ղազինյանն առաջարկեց , որ մեզ մոտ եւս շարունակվեն «Ներսիսյանական լսումները»:Այս տարվա հոկտեմբերի 2-ին էլ Վ.Ներսիսյանցի ծննդյան օրը ՍԴ-ում կնշվի հավուր պատշաճի:
Այսօրվա զեկուցողներն էին ՍԴ նախագահ Գագիկ Հարությունյանն ու ԵՊՀ իրավագիտության ֆակուլտետի  պետության եւ իրավունքի տեսության  ու պատմության պատմության ամբիոնի վարիչ Արթուր Վաղարշյանը:
ՍԴ նախագահը տեղեկացրեց, որ հուլիսի 2-5-ը Հայաստան են գալու Սահմանադրական իրավունքի մասնագետներ, տարբեր երկրների ՍԴ դատավորներ,Վենետիկի հանձնաժողովի նախագահը, օմբուդսմեններ:19 երկրների 24 սահմանադրագետներ կքննարկեն «Նոր հազարամյակի սահմանադրականության» հարցը:

ՍԴ նախագահ Գ.Հարությունյանը նշեց, որ իրավական անգրագիտությունը դրսեւորվում է բոլոր մակարդակներում:Նա ասաց, որ օրեր առաջ գտնվել է ԱԺ-ում, որտեղ բոլորն առանց բացառության շեշտել են «օրենքի գերակայության» մասին:Մինչդեռ, ըստ Գ.Հարությունյանի,  երբ խոսում ենք օրենքի գերակայության մասին,մենք չենք խոսում իշխանության սահմանափակման մասին:Իսկ իշխանության սահմանափակումը պայմանավորված է իրավունքի գերակայությամբ: Գագիկ Հարությունյանի կարծիքով ամենամեծ շփոթը ստեղծեց 1995թ.-ի Սահմանադրությունը, երբ արձանագրվեց, որ «Հայաստանի Հանրապետությունը գործում է օրենքի գերակայությամբ»: Գ.Հարությունյանը հիշեց, որ տարիներ առաջ ԵՊՀ դասախոսներից մեկն իրեն մեղադրել էր այն բանում, որ շփոթում է իրավունքի գերակայությունը օրենքի գերակայության հետ:
Հետագայում, իհարկե, նա «ուղղել» էր իր սխալը՝ հրապարակայնորեն հայցելով ՍԴ նախագահի ներողամտությունը:
Գագիկ Հարությունյանն անդրադարձավ նաեւ դատական համակարգին, դատավորներին, ասելով, որ բազմաթիվ օրինակներ կարող է բերել, որտեղ «կիսալուծումներ» են առաջարկվել:
«Քաղաքացու նկատմամբ կիրառվել է իրավական ակտ:Անձը ստացել է սահմանադրական արդարադատության իրավունք: Եվ դատավորները պիտի դատական ակտերը կայացնեն՝ ելնելով իրավունքի գերակայության սկզբունքից»,-ասաց Գ.Հարությունյանը: Հիսունվեց գործով հակասահմանադրական են ճանաչվել նույնքան իրավական նորմեր:Դիմելով իրավապաշտպան Արտակ Զեյնալյանին՝ Գ.Հարությանն ասաց, որ ամիսը երկու անգամ նա դիմում է ՍԴ՝ սահմանադրականության վիճարկման հարցով:
Իսկ ըստ ՍԴ խորհրդական Գեւորգ Դանիելյանի՝ միայն մեկ դատավոր է մինչ օրս դիմել ՍԴ՝ սահմանադրականության վիճարկման հետ կապված հարցով:
Գագիկ Հարությունյանի խոսքն իրավական ավանդույթների ձեւավորման առումով այսպիսին է .«Նախկինում կանգնած էր մեքենան, հիմա շարժվում է, բայց տեղ չի գնում»:
Իրավունքի գերակայությունը պետք է դառնա իշխանության բոլոր թեւերի համար վարքագծի  նորմ, իսկ դրա պարամետրերը, ըստ Գ.Հարությունյանի, հետեւյալն են՝ մարդու իրավունքների պաշտպանվածությունը, իրավունքով իշխանության սահմանափակումը, անկախ արդարադատությունը, օրենքների կանխատեսելի լինելը:
ԵՊՀ ամբիոնի վարիչ Արթուր Վաղարշյանն անդրադարձավ իրավունքի գերակայության վիճակին, իրավունքի հաղթարշավին եւ իրավունքի գերակայության հաղթանակին:
Ըստ Ա.Վաղարշյանի, հաղթարշավը պայմանավորված էր կրոնականը իրավաբանական աշխարհայացքով փոխարինելով: Այս զեկուցողն էլ ասաց, որ իրավական ակտերի մեջ անհրաժեշտ է ամրագրել իրավական էթիկայի նորմերը:
Նա անդրադարձավ մի շարք հարցերի,մասնավորապես, ինչ է իրավունքը, ինչպիսին է իշխանության հանրային վարքագիծը:
Ամփոփելով սեմինարը, Գ.Հարությունյանն ասաց, որ առկա է սահմանադրականության դեֆիցիտ, եւ որ ժամանակն է որոշակի լուծումներ գտնելու:
Ռուզան ՄԻՆԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930