Լրահոս
Օրվա լրահոսը

Բնապահպան. «Հայաստանը վերածվելու է մեռյալ գոտու» (Տեսանյութ)

Հունիս 05,2013 17:50

Թեեւ Հայաստանում պաշտոնապես 19 պոչամբար կա, բայց բնապահպանները վստահեցնում են, որ իրականում պոչամբարների թիվը 30 է, իսկ այսօր գործում են Հայաստանում 450 հանքեր, որից 22-ը՝ մետաղական են: Այսօր շրջակա միջավայրի պաշտպանության եւ բնապահպանի օրվա առիթով «Վիդաս» ակումբում ասաց «Էկոլուր» տեղեկատվական կազմակերպության նախագահ Ինգա Զառաֆյանը: Տիկին Զառաֆյանի ներկայացմամբ՝ մեկ շաբաթով բնապահպանությանը նվիրված միջոցառումներ են կազմակերպելու, սակայն դրանով իրականում բնապահպանություն չի կատարվում, որովհետեւ խնդիրները շատ են, իսկ քաղաքականությունն ուղղված է ընդդեմ մարդու եւ բնության:

Տիկին Զառաֆյանի խոսքերով՝ ոչ մետաղական հանքերին այսօր մեծ ուշադրություն չեն դարձնում, բայց դրանք ամբողջությամբ անկառավարելի վիճակում են.«Նոր հանք են բացում հենց Երեւանում, Ջրվեժում, եւ գրված է՝ փոշին որքան պետք է լինի, ու որպեսզի նվազեցնեն բացասական ազդեցությունը՝ պետք է ջրեն: Բայց գրված չէ՝ որտեղի՞ց պետք է ջուրը վերցնեն, եթե հենց այդ տարածքում ջուր չկա. Նշանակում է հենց այնպես գրված է, ու այդպես մոտ 400 հանք է աշխատում: Պատահական չէ, որ մեզ մոտ անձրեւը ոչ թե անձրեւ է, այլ փոշու մի ինչ-որ հեղուկ է»:

Շրջակա միջավայրը վնասող ու վտանգող մյուս խնդիրը, ըստ Ինգա Զառաֆյանի, պոչամբարներն են ու միլիոնավոր տոննաներով պոչանքները, որոնք անվերահսկելի են. «Եթե հիշենք Ճոճկանի պոչամբարը, ապա այն ուղղակի հոսում էր եւ կարող էր փակել մեր ռազմավարական օբյեկտները, ու ոչ ոք չգիտեր ՝թե ում է պատկանում, մինչեւ Ախթալայի կոմբինատը չորոշեց, որ դա կարելի է օգտագործել: Անխնա օգտագործվում են բնական ռեսուրսները, օրինակ փոքր ՀԷԿ-երը, նախագիծը կա՝ մոտ 320 ՀԷԿ պետք է կառուցվի, արդեն 150-ը կառուցման ընթացքում են, գետերն ամբողջությամբ օգտագործում են, խողովակի մեջ են վերցնում, գետից ոչինչ չի մնում, շրջակա միջավայրից ոչինչ չի մնում: Հիվանդ գետերի քանակը գնալով ավելանում է, օրինակ՝ Եղեգիս գետը, Մեղրիի գետի վա 9 հատ ՀԷԿ պետք է կառուցվի, Գետիքի վրա՝ 6, Մարցը, Սեւանա լճի գետերը: Օրինակ Արգիճի գետի վրա ամենամեծ ՀԷԿ-ն է կառուցվում, 9 կիլոմետր երկարությամբ խողովակ է գցված, մինչեւ 10 ՄԳվ հզորությամբ 4 տուրբիններով պետք է աշխատեն:, Թե ի՞նչ կմնա այդ գետից, վախենում ենք պատկերացնել: Բացի այս, լուրջ վտանգ են ներկայացնում նաեւ ռադիոակտիվ թափոնները: Ասում են գերեզմանոց են կառուցելու, եւ չի բացառվում, որ հարեւան երկրներից էլ բերեն այստեղ թափեն իրենց թափոնները, իսկ մեր երկիրը սեյսմիկ ակտիվ գոտի է»:

Ասուլիսի մեկ այլ մասնակից՝ «Կանաչների միության» նախագահ Հակոբ Սանասարյանի խոսքերով էլ՝ ԱՄՆ-ում որպեսզի կառուցվի ռադիոակտիվ թափոնների գերեզմանոց, նախնական հաշվարկները 100 միլիարդ դոլար է, բայց ասում են, որ շինարարության համար ավելի գումար է պահանջվում. «Հայաստանի պետությունը չունի նման միջոցներ: Հանքարդյունաբերությունն էլ, եթե այսպես շարունակվի, ապա մենք չենք ունենա ոչ վարելահող, ոչ այգիներ, ոչ արոտավայրեր: Արարատյան դաշտավայրում տեղադրված է Սոտքի ոսկու վերամշակման արտադրության պոչամբարը, սա այն ժամանակ, երբ ընդամենը 10 միլիոն խորանարդ մետր պոչանք ուներ, մթնոլոորտ էր արտանետում 432 տոննա պոչանք: Ուրեմն պատկերացրեք՝ ամեն տարի դա բարձանում է վերեւ, հետո սփռվում է տարածքների վրա, իր մեջ պարունակող ծանր թունավոր մետաղները միլիոնավոր տարիներով չեն փոխում իրենց հատկությունն ու չեն վնասազերծվում: Օրինակ Քաջարանում հաստատված պաշարները 2,2 միլիարդ տոննա է, իսկ չհաստատվածը եւ ուսումնասիրվածը՝ 3 միլիարդ, Քաջարան գյուղը եւս ունի հանք, հարակից համայնքներն էլ, որտեղ պետք է լցվեն այդ պոչանքները: Ուրեմն՝ սարերի երեսի շերտը հանելու են, լցնելու են ձորերը, հանքաքարը հանելու են, ամեն տոննա հանելուց 35 տոննա մակաշերտի ապար են հանում: Հայաստանում ամբողջ կիրճերը լցվելու են, Հայաստանը դառնալու է հարթավայր, մեռյալ գոտի»:

Բնապահպանները նաեւ վստահեցրին, որ այնպիսի ագահությամբ ու անխնա են օգտագործվում մեր բնական պաշարները, որ ապագա սերունդներին ոչինչ չի մնալու:

Նելլի ԲԱԲԱՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930