«Ես մի բան կարող եմ ասել՝ պաշտպանության նախարարը այդպես երբեք չի առաջնորդվել խնդրանքներով: Ես չեմ կարծում, որ Վազգեն Սարգսյանի կողմից ինչ-որ տեւական խնդրանքների գործընթաց է գնացել: Ես այդպիսի բան չեմ հիշում այդ հարցում»,- այսօր Aravot.am-ի հետ զրույցում պաշտպանության նախկին փոխնախարար (1991-1995թթ.) Անդրանիկ Քոչարյանն այսպես հերքեց Վազգեն Մանուկյանի պնդումը , որ Վազգեն Սարգսյանն է իրեն 3 անգամ խնդրել, որ Սուրեն Խաչատրյանին չպատժի եւ որպես տույժ չուղարկի ռազմաճակատ: Հիշեցնենք, որ Գորիսի նախկին քաղաքապետ Սամվել Հարությունյանը պատմել էր, որ Սուրեն Խաչատրյանը, լինելով պայմանագրային գումարտակի հրամանատար, զինված հարձակում է գործել Գորիսի քաղաքապետարանի վրա եւ գրավել շենքը:
Մեր հարցին, թե իր կարծիքով Սուրեն Խաչատրյանին ո՞վ է հովանավորել՝ Վազգեն Մանուկյա՞նը, թե՞ Վազգեն Սարգսյանը՝ նա պատասխանեց. «Ես չեմ կարծում, որ Սուրեն Խաչատրյանին հովանավորելու խնդիր է եղել: Պարզապես իրավիճակն այնպես էր, որ ամեն մի մարդ շատ արժեքավոր էր սահմանային գծում, եթե լինում էր որեւէ խնդիր լուծելու: Հովանավորության խնդիր ոչ ունեցել է Վազգեն Մանուկյանը, ոչ ունեցել է Վազգեն Սարգսյանը: Սուրեն Խաչատրյանի բացասական կողմերը դրսեւորվել են հետագայում՝ առավելապես Հոկտեմբերի 27-ից հետո: Սուրեն Խաչատրյանի բոլոր բացասական կողմերը հովանավորվել են Ռոբերտ Քոչարյանի կողմից, երբ որ նրան նշանակեց մարզպետ: Նրա պես մարդուն պարզապես չէր կարելի այդքան մեծ իշխանություն վստահել, որովհետեւ նա դրա արժանիքները երբեք չի ունեցել»:
Ըստ Անդրանիկ Քոչարյանի, Վազգեն Մանուկյանն ասում է բաներ, որոնց երկրորդ տեսակետը լսել չենք կարող մյուս կողմից՝ Վազգեն Սարգսյանից. «Նա ասում է բաներ, որը չի կարող ասել Վազգեն Սարգսյանը: Վազգեն Սարգսյանի բացակայության պարագայում խոսել նրա մասնակցության մասին, պարզապես անթույլատրելի է ինձ համար: Որովհետեւ ոչ մեկը չի կարող ասել՝ իրականում Վազգեն Սարգսյանը հովանավորե՞լ է, թե՞ ոչ: Ես համոզված եմ, որ Վազգեն Սարգսյանը երբեք իր տեսակով եւ իր բնավորությամբ չէր կարող հովանավորել Սուրեն Խաչատրյանի անօրինականությունները: Դա բացառվում է: Վազգեն Սարգսյանի բացակայության պայմաններում խոսել Վազգեն Սարգսյանի կողմից որեւէ բանի մասին՝ պարզապես գտնում եմ, որ չի կարելի: Բայց մի բան կարող եմ ասել՝ Վազգեն Սարգսյանը երբեք իր բնույթով չէր կարող հովանավորել հակապետական որեւէ գործողություն կամ անօրինականություն, իսկ քաղաքապետարանի վրա հարձակումը ըստ էության իր մեջ որոշակի հակապետական գործողություն է պարունակում: Վազգեն Մանուկյանին ոչ մեկը չէր խանգարում պարզապես իր նախարարի իրավասություններով առաջնորդվել»:
Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ
Վազգեն Սարգսյան. քեզ միշտ հիշելու ենք, միշտ հպարտանալու ենք քեզնով, դու մեր ՀԵՐՈՍՆ ես: