Լրահոս
Օրվա լրահոսը

Արտգործնախարարի հանդիպումները Վաշինգտոնում

Հունիս 05,2013 16:38

Հունիսի 4-ին Վաշինգտոնում գտնվող Հայաստանի ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանն այցելեց ԱՄՆ Կոնգրես, ուր հանդիպում ունեցավ Կոնգրեսի հայկական հարցերով հանձնախմբի մի շարք անդամների հետ՝ համանախագահներ Ֆրենք Փալոունի ու Մայք Գրիմի գլխավորությամբ:

Հայաստանի արտգործնախարարը, շնորհակալություն հայտնելով կոնգրեսականներին իրենց գործունեության համար, կարևորեց Ներկայացուցիչների պալատի հայկական հանձնախմբի դերը հայ-ամերիկյան հարաբերությունների ամրապնդման գործում:

Կոնգրեսականները ներկայացրեցին հանձնախմբի աշխատանքները և առաջիկա ծրագրերը և նշեցին, որ շարունակելու են իրենց գործունեությունը՝ ի նպաստ Միացյալ Նահանգների և Հայաստանի միջև բարեկամության զարգացման:

Կոնգրեսականների խնդրանքով, նախարար Նալբանդյանը ներկայացրեց ղարաբաղյան հիմնախնդրի խաղաղ կարգավորման ուղղությամբ Հայաստանի և միջազգային հանրության կողմից ձեռնարկվող ջանքերը, անդրադարձավ տարածաշրջանային խնդիրների լուծման վերաբերյալ Հայաստանի մոտեցումներին:

«Հազարամյակի մարտահրավեր» կորպորացիայի ղեկավար Դանիել Յոհանեսի հետ հանդիպման ժամանակ Էդվարդ Նալբանդյանը քննարկեց  կորպորացիայի կողմից Հայաստանում ծրագրերի վերսկսման հնարավորությունը:

Էդվարդ Նալբանդյանի վաշինգտոնյան այցի օրակարգում էր նաև Հայաստանի արտաքին քաղաքականության մասին ելույթը Միացյալ Նահանգների մայրաքաղաքի առաջատար քաղաքագիտական կենտրոններից մեկում՝ Միջազգային և ռազմավարական հետազոտությունների կենտրոնում:

Նախարարի ելույթին ներկա էին պետդեպարտամենտի բարձրաստիճան պաշտոնյաներ, ԱՄՆ դեսպաններ, քաղաքագետներ, վերլուծաբաններ և Վաշինգտոնում հավատարմագրված դիվանագետներ:

Նախարար Նալբանդյանն իր ելույթում և հարցերին պատասխաններում ներկայացրեց հայ-ամերիկյան հարաբերությունները, Միացյալ Նահանգներ իր այցելության նպատակներն ու արդյունքները, Եվրախորհրդում Հայաստանի նախագահության առաջնահերթությունները, միջազգային և տարածաշրջանային մի շարք խնդիրների վերաբերյալ Հայաստանի մոտեցումները։

Վաշինգտոնում Հայաստանի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարը առանձին հանդիպումներ ունեցավ նաև Հայ Դատի հանձնախմբի և Ամերիկայի Հայկական համագումարի ներկայացուցիչների հետ։

Ավարտելով այցելությունը` նախարար Նալբանդյանն ուղևորվեց Վիեննա, ուր հունիսի 6-ին նախատեսված է նրա ելույթը ԵԱՀԿ մշտական խորհրդում՝ որպես Եվրախորհրդի Նախարարների կոմիտեի նախագահ։

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԱՐՏԱՔԻՆ ԳՈՐԾԵՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930