Լրահոս
Օրվա լրահոսը

Համացանցով կարելի է «բռնացնել»` ով է վերավաճառողը, ով` գյուղացին

Հունիս 05,2013 16:24

Հունիսի 8-ից մայրաքաղաքում կվերաբացվեն գյուղմթերքների տոնավաճառները, առաջինը Մաշտոցի պողոտայում՝ Ե. Չարենցի թանգարանին հարակից տարածքում, ապա Կասյան փողոցում եւ քննարկվում է նաեւ քաղաքի այլ վարչական շրջաններում նույնպես գյուղմթերքների տոնավաճառներ բացել: Այս մասին այսօր «Հայնյուզ» ակումբում ասաց գյուղատնտեսության փոխնախարար Ռոբերտ Մակարյանը:

Պարոն Մակարյանի ներկայացմամբ`այս տոնավաճառներն այլընտրանքային վաճառքի աղբյուր են գյուղացիների համար, եւ եթե նախկինում մայրաքաղաքում հիմնականում վերավաճառողներն էին աշխատում, իսկ գյուղացիները զրկված էին դրանից, ապա տոնավաճառների միջոցով նախարարությունը, պարոն Մակարյանի խոսքերով ասած` անմիջական կապ է ստեղծում գյուղացու եւ քաղաքացիների միջեւ:

Aravot.am-ի այն դիտարկմանը, որ այդուհանդերձ այդ տոնավաճառներում հայտնվում են վերավաճառողներ, մենք եւս անձամբ հանդիպել ենք վերավաճառողների հետ, պարոն Մակարյանն ասաց. «Գյուղատնտեսության աջակցման մարզային կենտրոններից ստանում ենք տեղեկանքներ, որոնք փաստում են ապրանքների ծավալների եւ տեսականու մասին, անձնագրով գալիս են, ընտրանքային ստուգումներ են լինում»: Մեր այն հարցին` բացառո՞ւմ եք վերավաճառողների հայտնվելը տոնավաճառներում, փոխնախարարն ասաց` «Բացառել ես չեմ ուզում, հնարավոր է՝ 8000-ի միջից մի քանի հոգին վերավաճառող լինի»:

Որպեսզի գյուղացիների համար նախատեսված տոնավաճառներում չհայտնվեն վերավաճառողնեը, գյուղնախարարությունը, ինչպես ներկայացրեց փոխնախարարը, մի նորամուծություն է մտցրել. Մաշտոցի պողոտայի տոնավաճառի գյուղացիների համար կայքէջ են բացել, որտեղ գյուղացիները կարող են իրենց տվյալները գրանցել, իսկ քաղաքացիներն էլ կարող են տեղեկանալ` թե տվյալ գյուղացին որ համայնքից է, ինչ այգի ու բերք ունի, քանի անասուն ունի, մինչեւ անգամ գյուղացու հեռախոսահամարը գրանցված կլինի: Այսինքն` քաղաքաբնակներն արդեն կարող են համացանցի միջոցով բռնացնել վերավաճառողներին, մնում է միայն շուրջ 8000 վաճառողների ցանկն անգիր անել, լուսանկարներով ու հեռախոսահամարներով այցելեն տոնավաճառ, որպեսզի վերավաճառողին չխաբնվեն:

Պարոն Մակարյանի ներկայացմամբ` գյուղմթերքների մթերումն ու արտահանումն արդեն սկսվել է, կարկտահարված ծիրանն իհարկե կորցրել է իր ապրանքային տեսքը, սակայն գյուղացիներն իրացման խնդիր չեն ունենա, նախարարությունից վստահեցնում են` վերամշակող ընկերություններն ամբողջությամբ կմթերեն: Բացի այս, ըստ փոխնախարարի, չնայած կարկտահարությանը, այս տարի թարմ պտուղ-բանջարեղենի արտահանումը, նախորդ տարվա համեմատ, 2 անգամ կգերազանցի:

Նելլի ԲԱԲԱՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930