Այսօր աշխարհը նշում է Շրջակա միջավայրի պաշտպանության համաշխարհային օրը: Հունիսի 5-ը 1972 թ.-ին ՄԱԿ-ի կողմից ընդունվել է որպես շրջակա միջավայրի պահպանության միջազգային օր: Այն նշվում է քաղաքակիրթ հասարակություններում տարբեր միջոցառումների և քաղաքացիական ու պետական գործողությունների միջոցով և առիթ է բնական միջավայրի հանդեպ կրկին անգամ ուշադրություն դարձնելու և բնապահպանական բնույթի նոր կոնվենցիաներ կյանքի կոչելու համար:
Այս առիթով փորձեցինք զրուցել «Տնտեսագետ բնապահպաններ» հասարակական կազմակերպության նախագահ` Անուշ Մելքոնյանի հետ, ով, մի խումբ երիտասարդների հետ հիմնելով այս կազմակերպությունը, փորձում է, իր փոքրիկ ներդրումն ունենալ բնության պահպանման գործում:
Ինչպես պատմում է Անուշը՝ կազմակերպությունը իր աշխատանքը սկսել է հոկտեմբեր ամսից, բայց արդեն լուրջ խնդիրներ ունի իր առջև դրված, որոնք հետագայում պետք է իրականացնի:
«Եթե համեմատելու լինենք անցած տարիների հետ, ապա փոփոխությունները ակնհայտ են` դեպի դրականը,- ասում է կազմակերպության նախագահը, բայց պետք է նշեմ նաև այն, որ միայն մայրաքաղաքում են որոշակի աշխատանքներ տարվում, իսկ ահա մարզերում վիճակը իսկապես ահավոր է: Մարզկենտրոններում գոնե որոշակի չափով պետք է ուշադրությունը ուղղել մաքրությանը, բայց ափսոս , որ դա չի արվում: Մայրաքաղաքում մի փոքր այլ է, որոշակի հատվածներում, օրինակ՝ այգիներին նույնպես քիչ է ուշադրություն դարձվում, աղբահանությունը ժամանակին չի արվում, սակայն անցած տարիների համեմատաբար դրական տենդենց միանշանակ նկատվում է,- ասում է Անուշ Մելքոնյանը:
Ֆեյսբուքում հոկտեմբեր ամսից արդեն կա կազմակերպության խումբը և ինչպես նշում է կազմակերպության նախագահը` իրենց հիմնականում 16-25 տարեկան երիտասարդներն են միանում և փորձում ակտիվ գործունեություն ծավալել այնտեղ:
«Մեր հիմնական խնդիրը հետևյալն է` տնտեսագիտությունը համատեղել բնապահպանության հետ,- ասում է նախագահը,- ինչպես տեսնում ենք՝ այսօր բազմաթիվ անտառահատումներ են կատարվում, մարզերի փոքր և մեծ քաղաքներում չեն ջրվում ծառերը, ամբողջ ջրատար խողովակներում աղբ է, մարզերի բազմաթիվ բակերում չկան աղբամաններ, մեր պարտքն է հետևողական լինել վերոնիշյալ խնդիրներին և դրանց լուծմանը»:
Ըստ Անուշ Մելքոնյանի` յուրաքանչյուր մարդ պետք է փորձի հետևողական լինել, առաջինը ինքը պետք է սկսի պահպանել բնությունը, հետո նոր միայն պահանջի պետությունից: Բնությունը մենք ենք, յուրաքանչյուր ոք պետք է փոփոխությունը իրենից սկսի, որպեսզի կարողանանք արդյունք տեսնել:
Օվսաննա Սիմոնյան
Սկսենք մեզնից, ունենալով բնապահպանական Էթիկետը մեր մտքում….
իրավացի ես Մելքոնյան