«Ինչ-որ մի բան չի ստացվում: Ոնց ֆռռում ենք`դուք ճիշտ եք դուրս գալիս»,- 2012 թվականի կապի եւ տրանսպորտի բյուջեի կատարողականի ժամանակ հատեց նաեւ ԱԺ տնտեսական հանձնաժողովի նախագահ Վարդան Այվազյանի համբերությունը: Վերջինս ուզում էր հասկանալ, թե ինչո՞ւ բեռնափոխադրումները Հարավկովկասյան երկաթուղիներով Հայաստան կրկնակի անգամ ավելի թանկ են, քան Վրաստան եւ Ադրբեջան: Այվազյանն ասաց, որ մի քանի ծրագրեր արդեն «պռավալ» են գնացել այդ պատճառով:
ՀՀ կապի եւ տրանսպորտի փոխնախարար Հրանտ Բեգլարյանն անընդհատ ինչ-որ բացատրություններ էր գտնում, ի վերջո հանգեց նրան, որ Վրաստանն ու Ադրբեջանը, որոշակի ապրանքատեսակների մասով Հայաստանից ինն անգամ շատ են բեռ փոխադրում, հետեւաբար, չի կարելի համեմատություններ անել:
Այվազյանը բարձրացրեց աբխազական երկաթուղու վերաբացման հարցը ու հիմնավորեց դրա արդյունավետությունը: Փոխնախարարը հակադարձեց. «Դա քաղաքական նախագիծ է իրենց համար»: Այվազյանը վրդովվեց. «Է, մեր համար տնտեսական դարձրեք»: Փոխնախարարը շարունակում էր բավականին հանգիստ տոնով իր հիմնավորումները բերել, Այվազյանի համբերությունը կրկին հատեց. «Մենք հավեսի համար ենք էս ամենն ասում, թե…»: «Հետեւում ենք»,- ասաց Հրանտ Բեգլարյանը: «Հա~, ուշի-ուշով եք հետեւում…»,- հեգնեց Վարդան Այվազյանը:
Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ