«Հազարան բլբուլ» մանկապատանեկան երաժշտական բեմադրությունների հանրապետական 2-րդ մրցույթ-փառատոնի մեկնարկի մասին մենք արդեն հայտնել ենք : Իսկ այսօր՝ հունիսի 5-ին, տեղի կունենա եզրափակիչ գալա համերգը, որի ընթացքում կհայտարարվեն մրցույթ-փառատոնի 2-րդ փուլի արդյունքում ընտրված 6 լավագույն ներկայացումները` գլխավոր մրցանակ (Գրան պրի), առաջին մրցանակ, երկրորդ մրցանակ (երկու մրցանակակիր), երրորդ մրցանակ (երկու մրցանակակիր): Հայտնի կդառնան նաև «Լավագույն դերակատարուհի», «Լավագույն դերակատար», «Հանդիսատեսի համակրանք», «Հատուկ մրցանակ» անվանակարգերում հաղթողների անունները:
«Մրցույթ-փառատոնն արդեն երկրորդ տարին է , ինչ գտել է իր ունկնդրին: Այն շատ կարևոր ծրագիր է, քանի որ ուղղված է երեխաներին ու պատանիներին: Փառատոնի նպատակն է նպաստել փոքրիկների հոգևոր դաստիարակությանն ու բազմակողմանի զարգացմանը, ծանոթացնել երաժշտական թատրոնի, պարարվեստի, թատերարվեստի ժանրերին» – այսօր լրագրողների հետ հանդիպմանն ասաց ՀՀ մշակույթի նախարարության աշխատակազմի ժամանակակից արվեստի վարչության պետի տեղակալ Արամ Գյուրջյանը:
«Մշակութային կրթության աջակցության» հիմնադրամի տնօրեն Նելլի Սարգսյանն էլ նշեց, որ փառատոնի գաղափարը վաղուց էր ծնվել, և ի վերջո համագործակցությունների արդյունքում հնարավոր եղավ այն իրականություն դարձնել. «Հայաստանում ամեն ինչ բարդ է առաջ տանել և մրցույթն իրականացնելն էլ էր բարդ, բայց շնորհիվ մեր գործընկերների դա մեզ հաջողվեց, – ասաց նա, – շատ մեծ ոգևորություն կար ոչ միայն երեխաների, այլ նաև նրանց ծնողների շրջանում»: Հիմնադրամի տնօրենի խոսքով՝ մրցույթ-փառատոնին այս տարի ներկայացվել է Հայաստանի երաժշտական, արվեստի, հանրակրթական դպրոցների մանկապատանեկան երաժշտական 24 բեմադրություններ՝ 643 երեխաների մասնակցությամբ:
Կարդացեք նաև
«Երբ մենք ծրագիրը ներկայացրեցինք մշակույթի նախարարություն, հույս չունեինք, որ համաձայնություն կստանանք, բայց երբ զանգահարեցին ու ասացին, որ նախարարին դուր է եկել ծրագիրը, շատ հուզվեցինք, – ասաց մրցույթ-փառատոնի ծրագրի հեղինակ-ղեկավար Նաիրա Ներսիսյանը: Խոսելով այս տարվա առանձնահատկությունների մասին, նա նշեց, որ երաժիշտ-կոմպոզիտոր Էդգար Գյանջումյանը երգ է գրել, որով էլ կփակվի փառատոնը. «Բացի այդ՝ որակական մեծ փոփոխություններ կան անցյալ և այս տարվա միջև: Եթե այս տեմպերով շարունակենք, հնարավոր է շուտով մրցույթը միջազգային լինի», – հավելեց նա:
Այսօր՝ հունիսի 5-ին, ժամը 17:00-ին Հ. Պարոնյանի անվան երաժշտական կոմեդիայի պետական թատրոնում տեղի կունենա «Հազարան բլբուլ» մանկապատանեկան երաժշտական բեմադրությունների հանրապետական 2-րդ մրցույթ-փառատոնի գալա համերգը և մրցանակաբաշխությունը.
Մրցույթ-փառատոնի հանձնաժողովի որոշմամբ մրցանակների են արժանացել.
Գլխավոր մրցանակ՝ Երևանի Ձայնի պահպանման վոկալ-երգչախմբային մասնագիտական դպրոց (Լեոնել Բարտի «Օլիվեր» ստեղծագործությամբ)
Առաջին մրցանակ՝ Արմավիրի մարզ, Արմավիրի արվեստի պետական քոլեջ (Լեոնարդ Բեռնստայնի «Վեսթսայդյան պատմություն» ստեղծագործությամբ)
Երկրորդ մրցանակ՝ Արարատի մարզ, Արարատի Ղ. Սարյանի անվան արվեստի դպրոց (Մոցարտի «Կախարդական սրինգ» ստեղծագործությամբ)
Երկրորդ մրցանակ՝ Երևաի Հ. Դանիելյանի անվան արվեստի դպրոց (Ռոբերտ Շերմանի «Մերի Փոփինս» ստեղծագործությամբ)
Երրորդ մրցանակ՝ Տավուշի մարզ, ք. Դիլիջանի արվեստի պետական քոլեջին կից երաժշտական դպրոց (Քեյն և Քեյնի «Պանդորայի արկղը» ստեղծագործությամբ)
Երրորդ մրցանակ՝ Երևանի Ք. Քուշնարյանի անվան արվեստի դպրոց (Ռիչարդ Ռոջերսի «Երաժշտության ձայները» ստեղծագործությամբ):
Հատուկ անվանակարգերի հաղթողներն են.
«Լավագույն դերակատարուհի» անվանակարգում Լաուրա Սարգսյանը (Մերի Պոպինսի դերակատարման համար)
«Լավագույն դերակատար» անվանակարգում Սերյոժա Շանոյանը (Տրուբադուրի սերակատարման համար)
«Հանդիսատեսի համակրանք» անվանակարգում Արփինե Գևորգյանը (Տզզան ճանճի դերակատարման համար)
«Հատուկ մրցանակ» անվանակարգում Գեղարքունիքի մարզի Գավառի արվեստի դպրոց (Ալան Մենկենի և Հովարդ Էշմանի «Գեղեցկուհին ու հրեշը» մյուզիքլի համար):
Տիգրանուհի Թասլակյան