Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

Վարչապետի «մատը խառն» է նաեւ Հյուսիս-հարավ մայրուղո՞ւ չարաշահումներում

Հունիս 05,2013 15:40

«Ո՞վ է կրում Հյուսիս-հարավ մայրուղու ֆինանսական պատասխանատվությունը: Անցյալ օրը մենք դիտել ենք տեսանյութ, որ ճչացող խախտումներով է սկսվել շինարարությունը, ՎՊ-ն աղաղակող ֆինանսական խախտումներ է հայտնաբերել: Այսինքն, ներդրումներ անելն արդեն վտանգավոր է դառնում»,- այսօր խորհրդարանում այս հարցերը հնչեցրեց ՀՀԿ խմբակցության պատգամավոր Խոսրով Հարությունյանը`դիմելով ՀՀ կապի եւ տրանսպորտի փոխնախարար Հրանտ Բեգլարյանին:

Խորհրդարանում քննարկվում էր 2012 թվականի բյուջեի կատարողականը: Փոխնախարարը նախ բավականին մանրամասն նկարագրեց, թե ի՞նչ կերպ են կազմակերպվել աշխատանքները, կապալառուի ընտրության հարցն ինչպես է որոշվել եւ այլ ընթացակարգային բաներ: Այդ նկարագրություններում փոխնախարարը մի հետաքրքիր տեղեկություն հայտնեց, որ կա կառավարման խորհուրդ, որի պատասխանատուն վարչապետն է: Ապա բուն հարցին պատասխանելով՝ պարոն Բեգլարյանն ասաց, որ աշխատանքների որակական եւ ծավալային ողջ պատասխանատվությունը կրում է ԾԻԳ-ը:

Ավելի ուշ, պատասխանելով ԲՀԿ-ական Միքայել Մելքումյանի հարցին, փոխնախարարը ակնարկեց, որ միջազգային կազմակերպությունները, որոնք այդ ծրագիրն իրականացնում են, անփութորեն են գործին վերաբերվել: Նա անգամ այդ իմաստով դրական համարեց ՎՊ-ի գործունեությունը, որի արդյունքում միջազգային կազմակերպությունները կզգաստանան, որ «Աֆրիկա չեն եկել»:
Խոսրով Հարությունյանն էլ ուշադրություն հրավիրեց այն հանգամանքի վրա, որ ոչ պակաս կարեւոր է ենթակապալառուների աշխատանքը, որոնք, ի դեպ, հայկական կազմակերպություններ են, որոնց հետ պետք է «կոշտ պահանջներով» աշխատել, այլապես ողջ շինարարությունը կտապալենք:
ՀՀԿ-ական պատգամավոր Վահրամ Բաղդասարյանը վրդովվեց ու ավելի հստակ հարցը դրեց. «Դուք ասացիք կադրային փոփոխությունների մասին, բայց եթե նման գործ լինի, ես էլ մի երկու տարի կգնամ կաշխատեմ`հետո գործից դուրս կգամ: Ո՞վ է պատասխան տալու»: Փոխնախարարը դարձյալ երկար-բարակ խոսեց`հարցին ըստ էության չպատասխանելով:
Վրդովվելու հերթը հասավ նախկին վարչապետ, ՀԱԿ խմբակցության պատգամավոր Հրանտ Բագրատյանին. «Կինո ենք սարքել, միլիարդանոց ծրագիրը դնում ենք`առանց կարդինալ լուծումների`թունելների: Առնվազն Կապանի եւ Քաջարանի հատվածում թունել էր պետք, դեպի Շամշադին ճանապարհ չունենք: Իսկ ՎՊ-ի զեկույցը համարում եմ ուշադրությունը շեղող, եթե ավելին չասեմ»: Բագրատյանը նույնիսկ պատկերավոր համեմատություն արեց ՎՊ-ի չարաշահումների մասով. «Նախադասությունը չգրած, ինքն ասում է, թե քանի ստորակետ պետք է լինի այդ նախադասության մեջ»:
Փոխնախարարը, հակադրվելով Հրանտ Բագրատյանին, ասաց, որ 29 հազար քառակուսի մետր տարածք ունեցող երկրի համար Հյուսիս-հարավ ճանապարհ ունենալն անհրաժեշտություն է:
Պատգամավորները հետաքրքրվեցին նաեւ, որ եթե անհրաժեշտություն լինի կապալառուի հետ պայմանագիրը խզել`ի՞նչ կերպ են հարցերը կարգավորվելու, մասնավորաբար, ի՞նչ ճակատագիր է սպասվում Ասիական բանկի վարկին, որի տոկոսներն, անկախ ամեն ինչից, պտտվում են: Պարզվում է, պայմանագրում նման կետ ներառված չէ, բայց փոխնախարարը հավաստիացրեց, որ դրա տարբերակները կան: Ասենք, դատական կարգով:
Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930