«Գորիսի դեպքից անկախ` ամեն օր մենք ականատես ենք լինում «սամասուդի» դեպքերի, ինչը սարսափելի երևույթ է: Ցավում եմ, որ Հայաստանում նման խնդիրները լուծվում են նման մեթոդներով, ինչն անպատժելիության արդյունք է»,- խորհրդարանում լրագրողների հետ զրույցում ասաց ԱԺ անկախ պատգամավոր Խաչատուր Քոքոբելյանը`պատասխանելով Գորիսում տեղի ունեցած միջադեպին վերաբերվող հարցին: Պատգամավորը հույս հայտնեց, որ իրավապահ մարմինները սպառիչ պատասխաններ կտան այս դեպքի կապակցությամբ:
Խաչատուր Քոքոբելյանի կարծիքով, մեր երկրում ապահովագրված չեն անգամ ամենաբարձր պաշտոնյաներն ու նրանց զավակները, եւ դա նրանք էլ պիտի գիտակցեն. «Եթե Հայաստանում ցանկացած խնդիր լուծվում է տղայական մակարդակով, ապա դա ոչ մի լավ բան չի ասում մեր երկրի ապագայի մասին»:
Աժ պատգամավորը չցանկացավ տեսակետ հայտնել Սյունիքի մարզպետի պաշտոնանկության առնչությամբ` նշելով, որ այդ հարցով պետք է զբաղվի կառավարությունը: Ոստիկանապետը միայնակ, ըստ Քոքոբելյանի, չի կարող լուծում տալ այս իրավիճակին, այդ հարցը, պետք է լուծի իշխանությունը` երկրի նախագահի գլխավորությամբ:
Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ