Այսօրվա ասուլիսում հնչած հարցին, թե ուսումնասիրե՞լ է Հայաստանի երիտասարդական հավաքականի վաղվա մրցակից թիմի խաղը, գլխավոր մարզիչ Ռաֆայել Նազարյանը պատասխանեց. «Ես մի քանի անգամ դիտել եմ մարտի 26-ին Բելառուսի եւ Իսլանդիայի հանդիպման տեսագրությունը: Տպավորությունը դրական է: Նրանք գրեթե բոլոր առումներով գերազանցեցին բելառուսներին: Բելառուսներն Իսլանդիայի դարպասին, ընդհանուր առմամբ, ընդամենը երեք հարված են կատարել: Իսլանդացիները հիմնականում խաղում են պաշտպանությունից: Շատ ագրեսիվ, շատ կոմպակտ եւ ֆիզիկապես ամուր թիմ է: Դրան ավելացրած, տակտիկապես շատ լավ պատրաստված է: Ինչ վերաբերում է մեր հավաքականին, հավաքի ժամանակ պաշտպան Ալեն Համբարձումյանը վնասվածք ստացավ եւ չի կարող մասնակցել վաղվա հանդիպմանը: Մեր հավաքականում ինձ անհանգստացնում է միայն պաշտպանությունը»:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ