Լրահոս
Օրվա լրահոսը

«Թուրքական հասարակությունում Հայոց ցեղասպանությունը բարձրաձայնելու միտում կա»

Հունիս 05,2013 14:25

8893_255745251235466_426408Ըստ Ռիչարդ Կիրակոսյանի՝ թեեւ դանդաղ, բայց առաջընթացն անժխտելի է

«Առավոտը» Տարածաշրջանային հետազոտությունների կենտրոնի տնօրեն Ռիչարդ Կիրակոսյանին խնդրեց կարծիք հայտնել ստամբուլյան վերջին բռնկումների վերաբերյալ եւ զուգահեռներ տանել հայկական եւ թուրքական քաղաքացիական շարժումների միջեւ:

«Հայաստանի համար Թուրքիայի իրադարձությունները՝ ներառյալ ցույցերն ու հակակառավարական բողոքի ակցիաները, կարեւոր են երեք առումով: Առաջին հերթին, որպես հարեւան երկիր՝ Հայաստանը պետք է ուշադրությամբ հետեւի Թուրքիայում ընթացող ցանկացած նշանակալի իրադարձության: Երկրորդ՝ հարաբերությունների «կարգավորման» փորձերի լույսի ներքո՝ այդ իրադարձությունները Թուրքիայում կարեւոր են հենց Հայաստանի արտաքին քաղաքականության առումով: Եվ երրորդ՝ Թուրքիան Հայաստանի համար «բացառիկ» երկիր է՝ պայմանավորված Հայոց ցեղասպանության փաստով: Հետեւաբար այն, ինչ առնչվում է թուրքական կառավարության անընդունելի լինելուն, առնչվում է նաեւ Հայոց ցեղասպանության ճանաչման հարցին: Կա երկու զուգահեռ եւ տարբերություն հայաստանյան ու թուրքական քաղաքացիական շարժումների միջեւ: Երկու երկրներում՝ եւ Հայաստանում, եւ Թուրքիայում, համատարած դժգոհության ալիք կա կառավարություններից: Երկու երկրների կառավարություններն էլ համարվում են ոչ բավարար ժողովրդավար եւ ավտորիտար: Այնպես որ՝ վերլուծելով թուրքական անցքերը, ցույցերի բռնկումները Ստամբուլում՝ տեսնում ենք, որ վարչապետ Էրդողանի ջանքերը՝ ուղղված իրավիճակը մեղմելուն, բերեցին անկարգությունների ավելի մեծ ալիքի եւ այն մտայնության տարածման, որ թուրքական AKP-ական կառավարությունը ավտորիտար է եւ ամբարտավան: Ինչ վերաբերում է տարբերությանը, ապա եթե Թուրքիայում առկա են բողոքի ալիք եւ ցույցեր, Հայաստանում դրանք պարզապես բացակայում են»:

Մեր ակտիվիստները իրենց զորակցությունն են հայտնել թուրք քաղաքացիական ակտիվիստներին եւ անգամ քննադատվել որոշ ուժերի ու քաղաքական գործիչների կողմից, մինչդեռ թուրքերը անտարբերություն են ցուցաբերել Մաշտոցի պուրակի եւ այլ շարժումների հետ կապված: Ի՞նչ կասեք այս մասին՝ հարցին Ռ. Կիրակոսյանը պատասխանեց. «Թերեւս Թուրքիայի քաղաքացիական հասարակությունն ավելի քիչ է հետաքրքրված Հայաստանով, ինչը բնական է: Թուրքիան մեծ երկիր է, եւ իր համար առավել կարեւոր են ներքին հարցերը, քան ցեղասպանության խնդիրը՝ այդ համատեքստում: Բայց ես կարծում եմ, որ քաղաքացիական հասարակությունը Թուրքիայում փոխվում է: Օրինակ՝ ես եղել եմ Ստամբուլում այս տարվա ապրիլի 23-ին եւ տպավորվել այդ անսովոր օրով: Արդեն չորրորդ տարին է՝ Ցեղասպանության զոհերի հիշատակի միջոցառումներ են կայանում Թուրքիայի  տարբեր քաղաքներում, որոնք կազմակերպում են ազգությամբ թուրք քաղաքացիական հասարակության ներկայացուցիչները, տեղացի թուրքերը: Տարիներ շարունակ անհնար էր թվում ապրիլի 24-ին նման միջոցառումների անցկացումը, այժմ դա հնարավոր է: Ի դեպ, ապրիլի 24-ը զուտ «հայկական» հարց չէ Թուրքիայի համար: Ամեն ինչ վերաճել է  ավելի խորը՝ Թուրքիայում դեմոկրատիայի, մարդու իրավունքների, հանդուրժողականության համար պայքարի: Միաժամանակ այն ենթադրում է նաեւ պայքար՝ Թուրքիայի անցյալի հետ կապված այլ ոլորտներում:

Ապրիլի 24-ը Թուրքիայում այլեւս ավելի խորը իմաստ ունի՝ կապված ապագայի հետ: Դրանք մարմնավորում են տարիների մերժման բեռի ծանրությունը: Իրականում պայքարը Թուրքիայի անցյալին դիմակայելու եւ Թուրքիայի ինքնությունը վերանայելու համար է: Մի կողմում՝ թեկուզ փոքր, թուրքական քաղաքացիական հասարակության շարժումներն են ու մտավորականությունը, որը ձեռնոց է նետում  թուրքական պատմությանը, ինքնությունների մերժմանը: Առայժմ պարզ չէ, թե որ ուղղությամբ կգնա Թուրքիան, բայց էական է, որ Թուրքիայի սահմաններում արդեն նման երերումներ կան:  Հուսամ, որ թուրքական հասարակությունում անցյալի հետ առերեսվելու եւ Հայոց ցեղասպանության մասին բարձրաձայնելու միտում կա, դանդաղ, բայց առաջընթացն անժխտելի է: Ձգձգումը կբերի նրանց կործանման, ովքեր աղավաղում են անցյալը»:

 

ԵՎԱ  ՀԱԿՈԲՅԱՆ

Լուսանկարները՝ Ռիչարդ Կիրակոսյանի ֆեյսբուքյան էջից

«Առավոտ» օրաթերթ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930