Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

Երեխաները ստանում են նաեւ վերականգնողական բուժում

Հունիս 05,2013 14:10

Մեր երկրում առողջապահության կազմակերպման կարեւոր բաղադրիչներից է առողջարաններում հիվանդ, կարիքավոր երեխաների վերականգնողական բուժումը:

0-7 տարեկան եւ հատուկ խմբերում ընդգրկված մինչեւ 18 տարեկան երեխաների վերականգնողական բուժումը ՀՀ-ում իրականացվում է անվճար՝ պետական պատվերի շրջանակներում: «Առավոտի» հետ զրույցում առողջապահության նախարարության Երեխաների առողջության պահպանման բաժնի պետ Նունե Փաշայանը վստահեցրեց, որ Հայաստանում բուժման կարիք ունեցող երեխաները ստանում են վերականգնողական բուժում թե՛ հիվանդանոցային, թե՛ ամբուլատոր պայմաններում եւ թե՛ առողջարաններում. «Մեր երկրում մինչեւ 18 տարեկան երեխաների մոտ մանկական հաշմանդամությունը կազմում է 1,5 % տոկոս: Մանկական հաշմանդամության հիմնական մասը զարգացման խանգարումներով երեխաներն են: Այս խմբում ներառվում են մանկական ուղեղային կաթվածով, հենաշարժողական խնդիրներով, էպիլեպսիայով, աուտիզմով, զգայարանների անբավարարությամբ՝ կուրություն, խլություն եւ այլ խնդիրներով երեխաները, որոնք ստացիոնար պայմաններում կարող են բուժում ստանալ Հանրապետական մանկական վերականգնողական կենտրոնում, «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» հիվանդանոցի վերականգնողական բաժանմունքում եւ Գյումրու «Արիե Քուպերստոքի անվան վերականգնողական կենտրոնում»: Ընդ որում, Հանրապետական մանկական վերականգնողական կենտրոնում ապահովվում են նաեւ ծնողների կեցության ծախսերը»:

Ն. Փաշայանը տեղեկացնում է, որ ամբուլատոր պայմաններում երեխաները ստանում են բուժօգնություն «Արբես» առողջության կենտրոնում, որն արդեն ունի 7 մարզային մասնաճյուղ՝ Վանաձորում, Սպիտակում, Արմավիրում, Գավառում, Իջեւանում, Գյումրիում եւ Արտաշատում: Երեխայի զարգացման եւ վերականգնողական նմանատիպ կենտրոն է գործում նաեւ Կապանի բժշկական կենտրոնի կազմում: Նա նաեւ վստահեցնում է, որ մարզային այդ կենտրոններն ապահովված են բարձրորակ ռեաբիլիտոլոգներով եւ այլ մասնագետներով, ուստի խնդիրներ ունեցող երեխաները ստիպված չեն լինում հասնել մայրաքաղաք եւ վերականգնողական բուժում ստանում են տեղերում. «Վերականգնողական նման բուժմամբ շատ հաճախ հնարավոր է լինում կանխել հաշմանդամությունը»:

Ըստ մեր զրուցակցի՝ «Ընդ որում, այդ երեխաները բոլոր վերականգնողական կենտրոններում եւ իր մասնաճյուղերում տարեկան 2-3 անգամ վերականգնողական բուժում ստանալու հնարավորություն ունեն»: Նա պարզաբանում է, որ հիվանդանոցային հաստատություններում բուժում ստանալուց հետո պետությունը հոգում է նաեւ այդ երեխաների առողջարանային բուժման հարցը, եւ առողջարանում բուժվելու կարիք ունեցող երեխաներն, ըստ հիվանդության պրոֆիլի, ուղեգրվում են առողջարաններ:

«Այս երեխաները վերականգնողական-առողջարանային բուժում են ստանում «Օշական» մանկական վերականգնողական կենտրոնում, Ջերմուկի «Արարատ» մոր եւ մանկան առողջարանում, «Արաբկիրի» ԲՀ-ի կազմում գտնվող Ապարանի առողջարանային կենտրոնում: Նշեմ, որ 0-5 տարեկան եւ անհատական խնամքի կարիք ունեցող երեխաների համար առողջապահության նախարարությունը ապահովում է նաեւ խնամակալի, սննդի եւ կեցության ծախսերը»: Ըստ տիկին Փաշայանի՝ «Արարատ» առողջարանն ապահովում է հենաշարժողական, էնդոկրինոլոգիական, միզասեռական, նյարդային եւ աղեստամոքսային համակարգերի խնդիրներով երեխաների վերականգնողական բուժումը: «Օշական» կենտրոնում վերականգնողական կուրս են անցնում հենաշարժողական եւ նյարդային համակարգերի հիվանդությամբ երեխաները: Իսկ Ապարանի առողջարանային կենտրոնում բուժվում են էնդոկրինոլոգիական, պարբերական, շաքարային դիաբետ, ռեւմատոլոգիական, մտավոր եւ ֆիզիկական արատներ ունեցող եւ այլ հիվանդություններով երեխաները:

Նունե Փաշայանի ներկայացմամբ՝ առողջարաններում բուժումը կազմակերպվում է հերթափոխային եղանակով, երեխաների ուղեգրումը առողջարանային-վերականգնողական կենտրոններ կատարվում է տեղամասային ամբուլատոր-պոլիկլինիկական բուժհաստատությունների կողմից՝ տեղամասային մանկաբույժի կամ համապատասխան նեղ մասնագետի ներկայացմամբ: «Օշական» վերականգնողական կենտրոն եւ «Արարատ» մանկական առողջարան ուղեգրումը կազմակերպվում է ՀՀ առողջապահության նախարարության եւ ՀՀ մարզպետարանների կողմից՝ քաղաքացիների մուտքագրված դիմումների համաձայն, առողջարանային բուժման պրոֆիլներին համապատասխան եւ հակացուցումների բացակայության դեպքում:

Երեխաների վերականգնողական բուժօգնությունը կազմակերպելու համար պետությունը տարեկան 363,8 միլիոն դրամ է հատկացնում:

«Պետությունը միաժամանակ մի շարք ծրագրեր է իրականացնում հաշմանդամության կանխարգելման ուղղությամբ: 2005 թվականից սկսած՝ սկրինինգային մի շարք ծրագրերի շնորհիվ հնարավորություն է ստեղծվում նորածնային հասակում հայտնաբերել բնածին հիպոթիրիոզը (բնածին հիվանդություն է, որը չբուժելու եւ ուշ հայտնաբերելու դեպքում բերում է ծանր մտավոր հետամնացության,-Լ. Բ.), ֆինիլկետոնոիայի, լսողության եւ տեսողության խնդիրները եւ բուժել: Եթե այդ երեխաները հենց նորածնային հասակում ստանան բուժում, իսկ ֆիենիլկետոնոիայով երեխաները նաեւ՝ բուժական սնունդ, որն, ի դեպ, ապահովվում է պետության կողմից, նրանք ոչնչով չեն տարբերվի իրենց հասակակիցներից, եւ մտավոր ու ֆիզիկական զարգացումը կընթանա նորմային համապատասխան: Սակայն եթե այդ հիվանդություններն ուշ են հայտնաբերվում, միանշանակ բերում են հաշմանդամության: Այս տարի կուրության կանխարգելման նպատակով 20 երեխայի կատարվել է աչքի լազերային վիրահատություն, լսողության խնդիրներ ունեցող երեխաներին կատարվում է լսողության պրոթեզավորում, իսկ 10 երեխայի կատարվել է ականջի խխունջի իմպլանտացիա, ինչի արդյունքում նրանք մյուս երեխաների պես հնարավորություն ունեն լիարժեք լսել եւ սովորել դպրոցում»,- մեզ հետ զրույցում վստահեցրեց Ն. Փաշայանը: Նրա խոսքերով՝ 2011թ.-ին սկրինինգների շնորհիվ 70 երեխայի մոտ կանխարգելվել են վերոնշյալ հիվանդությունները: Անցյալ տարի հաշմանդամ դառնալուց փրկվել է 50 երեխա. «Նրանք պոտենցիալ հաշմանդամ երեխաներ էին, որոնք, բարեբախտաբար, արդեն երբեք այդպիսին չեն լինի»:

Մեր զրուցակիցը նաեւ հայտնեց, որ այս տարի Երեւանի թիվ 9 մանկական պոլիկլինիկայում բացվել է երեխայի զարգացման եւ վերականգնողական կենտրոն, որը սպասարկելու է Մալաթիա-Սեբաստիա համայնքի վերականգնողական բուժման կարիք ունեցող երեխաներին: Նշենք, որ վերականգնողական կենտրոններում երեխայի հետ աշխատում է ոչ թե մեկ մասնագետ, այլ ծառայությունները մատուցվում են բազմամասնագիտական թիմի կողմից:

ԼՈՒՍԻՆԵ ԲՈՒԴԱՂՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930