«Երեւանյան հեռանկարներ» փառատոնը հյուրընկալելու է աստղային եւ «Գրեմմիակիր» երաժիշտների
«Երեւանյան հեռանկարներ» միջազգային երաժշտական փառատոնի գլխավոր մենեջեր Սոնա Հովհաննիսյանը «Առավոտի» հետ զրույցում հիշեցրեց, որ այս տարի արդեն 14-րդ անգամ է բացվել փառատոնը՝ ապրիլի 11-ին Վիեննայի ֆիլհարմոնիկ նվագախմբի համերգով: Նա նշեց, որ հաջորդ համերգաշարն էլ կայանալու է հունիսի 12-14-ը. «Գերակշռող մասը էստոնացի երաժիշներ են լինելու: Կներկայացնենք Եվրոպայի լավագույն եւ երաժշտախմբերից Hortus Musicus-ին, որի ղեկավարն է դիրիժոր Անդրես Մուստոնենը: Hortus Musicus-ը Երեւանում հանդես է եկել 2007 թվականին՝ մեր փառատոնի հրավերով, ու մինչեւ հիմա շատ շատերը այդ համերգի տպավորության տակ են: Հանդիսատեսը հուզված էր նրանց կատարումներից, դահլիճում շատերն արտասվել են: Hortus Musicus-ը բացառիկ է համարվում եվրոպական երաժշտության մեջ, քանի որ ոչ միայն անսամբլ է, այլեւ հետազոտական ինստիտուտ: Խումբն ուսումնասիրում է հնագույն երաժշտություն, այն արծարծում ժամանակի պալատական գործիքներով եւ կրում հենց այդ ժամանակաշրջանի հագուստներ: Hortus Musicus-ը հավասար վարպետությամբ կատարում է նաեւ միջնադարյան, դասական եւ ժամանակակից երաժշտություն»:
Սոնա Հովհաննիսյանը հավելեց, որ Անդրես Մուստոնենին Հայաստան էին հրավիրել նաեւ «Քշիշտոֆ Պենդերեցկու օրերին» եւ նա ղեկավարել է համերգներից մեկում նվագախումբը, ՀՊՖՆ-ն ղեկավարել է նաեւ Գիդոն Կրեմերի հետ՝ մեկ այլ համերգի ժամանակ՝ Կանչելիի օրերի ժամանակ:
Մեր զրուցակիցը հայտնեց, որ Անդրես Մուստոնենը ստեղծագործական սերտ կապերի մեջ է խորհրդային շրջանի լեգենդար երգիչ Տինիս Մյագիի հետ, որը հանդես է գալու Hortus Musicus-ի հետ՝ հնագույն երաժշտության կատարումներով: «Ծրագրում կան 1000, 1100 թվականի գործեր, հայ հեղինակների ստեղծագործություններ: Դա Hortus Musicus-ի լավագույն բնութագիրն է: Այս տարի Hortus Musicus-ի հիմնադրման 40-ամյակն է, այն Եվրոպայի ամենահին հնագույն երաժշտության խումբն է, որը երբեք չի ընդհատել իր գործունեությունը: Մենք շատ էինք ուզում իրենց հրավիրել, ու քանի որ «Բոլորը գնում են Երեւան» խորագրով ակցիա կար, որոշեցինք Hortus Musicus-ին հյուրընկալել մեր փառատոնում»,- հավելեց «Երեւանյան հեռանկարների» գլխավոր մենեջերը:
Կարդացեք նաև
Նրա ձեւակերպմամբ, ծրագիրը մի քիչ խայտաբղետ է. համերգի երկրորդ բաժինն էլ Hortus Musicus-ն է ձեւավորել. «Նրանք իրենց հետ բերում են թավջութակահար Բորիսլավ Ստրուլեւին, դաշնակահար Ալեքսեյ Բոտվինովին: Վերջինս համարվում է աշխարհում Ռախմանինովի լավագույն մասնագետներից մեկը: Նա նաեւ Բախի դժվարագույն գլուխգործոցներից մեկի՝ «Գոլդբերգ-Վարիացիաների» կատարման ռեկորդ է սահմանել: Բոտվինովը Ռախմանինովից երկու ստեղծագործություն է նվագելու երեւանյան համերգին»:
Ինչ վերաբերում է Բորիսլավ Ստրուլեւին, նա էլ հանդես է գալիս աշխարհի ամենահայտնի երաժիշտների ու աստղերի հետ, նվագում է հոլիվուդյան միջոցառումներում, երաժշտությանը հավասար՝ մասնակցում քաղաքական անցուդարձին: Սոնա Հովհաննիսյանը փաստեց. «Ստրուլեւին շատ են սիրում, մշտապես հրավիրում են նախագահների հանդիպումներին, նա նվագում է Պուտինի, Մեդվեդեւի, Քլինթոնի համար: Նա իր նվագով բացել է Դավոսի ֆինանսական ֆորումը, ելույթ է ունեցել Մեծ ութնյակի համաժողովի բացմանը: Ստրուլեւը խարիզմատիկ անձնավորություն է, համարվում է ամերիկացի թավջութակահար, քանի որ 15 տարեկանից ԱՄՆ-ում է ապրում: Երեւանյան համերգի ծրագիրն ընտրել է իր ճաշակով, ավելի շատ պոպուլյար երաժշտություն է լինելու, Պիացոլլայի ստեղծագործությունների, Աբբայի երգերի մշակումներ»:
«Երեւանյան հեռանկարների» հաջորդ համերգներին, որ 13-14-ին են նախատեսված, հանդես կգա մեկ այլ մեծանուն «Գրեմմիակիր» կոլեկտիվ՝ Էստոնիայի տղամարդկանց 50 հոգանոց երգչախումբը: Այն եւս համարվում է աշխարհի լավագույն երգչախմբերից մեկը: Կոլեկտիվը ծրագրում կունենա հայկական ստեղծագործություններ: Ուրախալի է, որ էստոնացիները համաձայնել են համերգ ունենալ նաեւ Վանաձորում:
ԳՈՀԱՐ ՀԱԿՈԲՅԱՆ
«Առավոտ» օրաթերթ