Լրահոս
Օրվա լրահոսը

Արքայազնին հիացրել է Երիտասարդականը

Հունիս 05,2013 14:00

Ավանդության համաձայն, Արամ Խաչատրյանի ծննդյան 110-ամյակի օրը՝ հունիսի 6-ին, Երեւանում կմեկնարկի մեծանուն կոմպոզիտորի անունը կրող 9-րդ մրցույթը: Հիշեցինք ժամանակին անվանի դիրիժոր Վալերի Գերգիեւի՝ մեզ փոխանցած հետեւյալ միտքը՝ «Հատկանշական է, որ մրցույթի իրականացման գործում կարեւոր դեր ունի ձեր պետական երիտասարդական նվագախումբը՝ երիտասարդ ու տաղանդավոր դիրիժոր Սերգեյ Սմբատյանի ղեկավարությամբ»:

Երիտասարդականը, որ 2009թ. հանդիսանում է Եվրոպայի ազգային երիտասարդական նվագախմբերի ֆեդերացիայի անդամ, առաջինն էր, որ արեւմտյան հեղինակավոր մրցույթների օրինակով 2007թ. հայաստանյան մշակույթում հիմք դրեց «մրցույթի  պաշտոնական նվագախումբ» հասկացությանը՝ դառնալով այդպիսին խաչատրյանական մրցույթում:

«Առավոտի» հանդիպման առիթը Հայաստանի պետական երիտասարդական նվագախմբի գեղարվեստական ղեկավար եւ գլխավոր դիրիժոր Սերգեյ Սմբատյանի հետ վերջերս Միջազգային երաժշտական  մրցույթների համաշխարհային ֆեդերացիայի (WFIMC-ի) 57-րդ գլխավոր վեհաժողովում  Ա. Խաչատրյանի անվան միջազգային մրցույթի ընտրվելն է՝ որպես այդ ֆեդերացիայի անդամ: Խաչատրյանական մրցույթն այսուհետ  կանդամակցի 1957թ. հիմնված մի կառույցի, որն իրենից ներկայացնում է  պատկառելի ու հեղինակավոր երաժշտական ընտանիք, ունենալով այնպիսի անդամներ, ինչպիսիք են Չայկովսկու, Եղիսաբեթ թագուհու, Մոնրեալի եւ մյուս աշխարհահռչակ մրցույթները:

Ժամանակին մեզ հետ զրուցած Ա. Խաչատրյանի անվան մրցույթի հյուրերն ու ժյուրիի անդամները, այդ թվում՝ դաշնակահար Վեն Քլայբերնը, կոմպոզիտորի որդին՝ Կարեն Խաչատրյանը եւ մյուսները նշել են, որ այս մրցույթը դարձել է Հայաստանի թիվ մեկ այցեքարտը դասական երաժշտության աշխահում ու տարեցտարի մեծ հեղինակություն է վայելում, ավելին՝ լուրջ մրցակցություն է ունենում բավականին հայտնի միջազգային մրցույթների հետ:

Քանիցս անդրադարձել ենք Երիտասարդականի գործունեությանը: Հիշեցնենք, որ նվագախումբը հասցրել է հանդես գալ բազմաթիվ  համերգներով Հայաստանում եւ արտերկրում, ելույթներ ունեցել Փարիզի, Բեռլինի, Հաագայի, Մոսկվայի, Բրյուսելի եւ այլ երկրների հեղինակավոր համերգասրահներում ու սերտ ստեղծագործական հարաբերություններ ունի դասական երաժշտարվեստի վարպետներ Գերգիեւի, Պենդերեցկու, Սպիվակովի, Վենգերովի, Մացուեւի, Ռեպինի, Բերեզովսկու եւ մյուսների հետ:

Կեսկատակ-կեսլուրջ հարցրինք, թե համակարծի՞ք է եվրոպական մի շարք հեղինակավոր ԶԼՄ-ների կողմից անցկացված հարցախույզի արդյունքին, թե աշխարհի ամենաինքնահավան դիրիժորը Ռիկարդո Մուտին է, մեր զրուցակիցը նշելով, որ ինքը Լոնդոնի ֆիլհարմոնիկ նվագախմբում նշյալ դիրիժորի մոտ անցել է վերապատրաստման դասեր, պատասխանեց. «Դա չափազանցություն է: Բնականաբար, խոսում են այն դիրիժորների մասին, որոնք մշտապես համաշխարհային բեմերում են: Ես հակված եմ, որ նրանց կարելի է շատ բան ներել. ի վերջո, դիրիժորական արվեստի երեւելիներն էլ օժտված են Աստծո շնորհով»: Ռեպլիկին, թե ի՞նչ կարծիքի է տարածված այն տեսակետի մասին, որ դիրիժորները մեծամիտ են, Սմբատյանն ընդամենն ասաց. «Դիրիժորը թիմի անդամ է: Իսկ ձեր նշած մտայնությունը գալիս է խորհրդային տարիներից: Մենք՝ դիրիժորներս, նույնպես երաժիշտ ենք, մյուսներից տարբերվում ենք ընդամենը նրանով, որ ղեկավարում ենք նվագախումբը կամ վերջինիս բնականոն ընթացքն ենք ապահովում»:

Մեր զրուցակցից խնդրեցինք պատասխանել, թե ի՞նչ է տեղի ունեցել վերջերս  Ազգային օպերային թատրոնում Նորին արքայական մեծություն Ուելսի արքայազն Չարլզի ներկայությամբ համերգի ժամանակ, փոխանցելով, թե խոսում են այն մասին, որ համերգը տեխնիկական պատճառներով սկսվել է փոքր-ինչ ուշացումով: Սերգեյ Սմբատյանը նախ ասաց, թե ինքը արքայազն Չարլզի ներկայությամբ  2010, 2011թթ. Վինձորում եւ Անգլիայի թագուհու նստավայրում՝ Բուկինհեմյան պալատում ղեկավարել է Լոնդոնի ֆիլհարմոնիկ նվագախումբը, համաշխարհային երաժշտական գրականության գոհարների թվում մատուցելով նաեւ Հարությունյանի ու Խաչատրյանի ստեղծագործությունները: «Երեւանյան համերգին ընդամենը մի քանի րոպեանոց  տեխնիկական անհարթություն է եղել: Հավելեմ, որ երեկոյի ավարտին արքայազն Չարլզն ասաց, որ տպավորված է հայ արտիստների ելույթով, հատկապես առանձնացնելով օպերային թատրոնի բարիտոն Գեւորգ Հակոբյանին եւ քանի որ մեներգիչների, բալետի արտիստների թվում  միայն Երիտասարդական նվագախումբն էր բեմում, նրան զարմացրել էր կոլեկտիվի՝ միայն հայ երիտասարդ երաժիշտներից կազմված լինելու փաստը»,- ասաց Սմբատյանը, հավելելով, թե  արքայազնը իրեն եւս փոխանցել է հիացմունքը Հայաստանի, հայկական ֆենոմենի՝ հյուրընկալման մասին:

Անդրադառնալով այդ երեկո եղած «անհարթությանը», մեր զրուցակիցը մտաբերեց. «2007թ. Բեռլինում նվագախումբը նստած է, կուլիսներից գալիս եմ դեպի դիրիժորական վահանակ, բայց հանկարծակիի եկա, տեսնելով, որ մոռացել էին տեղադրել  դիրիժորական վահանակը»:

ՍԱՄՎԵԼ ԴԱՆԻԵԼՅԱՆ

Լուսանկարում` Բրիտանական արքայազնը, Սերգեյ Սմբատյանը եւ Հովհաննես Չեքիջյանը՝ երեւանյան համերգից հետո:

«Առավոտ» օրաթերթ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930