Մայիսի 20-ին 74 տարեկանում, քաղցկեղի դեմ անհաջող պայքարից հետո, կյանքից հեռացավ The Doors-ի հիմնադիր, ստեղնահար Ռեյ Մանզարեկը: Լուրը եկավ Facebook-ում The Doors-ի պաշտոնական էջի միջոցով: Հայտարարության մեջ ասվում էր, որ դասական ռոք խմբի հիմնադիր անդամ եւ ստեղնահար Ռեյ Մանզարեկը վախճանվել է Գերմանիայի Ռոզենհայմ քաղաքի RoMed հիվանդանոցում: Հայտարարության մեջ նաեւ ասվում էր, որ վախճանի պահին Ռեյ Մանզարեկը շրջապատված է եղել իր ընտանիքի անդամներով: Մանզարեկի կողքին են եղել նրա եղբայրներ Ռիքը եւ Ջեյմսը, եւ կինը՝ Դորոթին:
Ռեյ Մանզարեկի խմբակից Ռոբբի Կրիգերը իր հարգանքի տուրքն է մատուցել, ասելով. «Ես խորապես ցնցված եմ այսօր լսելու իմ ընկեր ու խմբակից Ռեյ Մանզարեկի վախճանի մասին: Ես ուղղակի ուրախ եմ վերջին տասնամյակի ընթացքում նրա հետ The Doors-ի երգերը նվագելու հնարավորություն ունենալու համար: Ռեյն իմ կյանքի հսկայական մասն է, եւ ես միշտ կկարոտեմ նրան»:
The Doors-ը կազմավորվել էր 1965 թվականին, երբ Կալիֆոռնիայի համալսարանի կինեմատոգրաֆիայի ֆակուլտետի ուսանողներ Ռեյ Մանզարեկն ու Ջիմ Մորիսոնը հանդիպեցին Լոս Անջելեսի Վենիս լողափում եւ որոշեցին միասին երաժշտություն ստեղծել: 1971-ին Ջիմ Մորիսոնի անսպասելի վախճանից հետո խումբը փլուզվեց, սակայն Ռեյ Մանզարեկը շարունակեց երաժշտությամբ զբաղվել՝ թողարկելով մի շարք սոլո ձայնասկավառակներ, իսկ այնուհետեւ որպես Nite City խմբի անդամ: Վերջին տարիներին Ռեյ Մանզարեկը համատեղել էր ուժերը The Doors-ի նախկին անդամ, կիթառահար Ռոբբի Կրիգերի հետ, որի հետ միասին նրանք կատարում էին The Doors-ի երգերը: Մանզարեկը նաեւ հեղինակել է մի շարք գրքեր, որոնց թվում են Light My Fire: My Life with The Doors կենսագրությունը, ինչպես նաեւ The Poet in Exile եւ Snake Moon վեպերը:
Պաշտոնական հայտարարության մեջ նաեւ ասվում էր, որ Մանզարեկի ընտանիքի անդամները խնդրում են ծաղիկներ ուղարկելու փոխարեն հարգել նրա հիշատակը՝ նվիրատվություն անելով Ռեյ Մանզարեկի անունով Stand Up To Cancer հիմնադրամին՝ Standup2cancer.org կայքի միջոցով:
Կարդացեք նաև
Մայիսի 21-ին, դարձյալ քաղցկեղից, վախճանվեց անգլիացի հայտնի բաս կիթառահար Տրեվոր Բոլդերը: Նա 62 տարեկան էր: Երաժիշտը, որ նվագել էր Դեւիդ Բոուիի եւ Uriah Heep-ի հետ, պայքարում էր հիվանդության դեմ վերջին չորս տարիների ընթացքում: Որպես Spiders From Mars խմբի անդամ, կիթառահար Միք Ռոնսոնի եւ հարվածահար Միք Վուդմենսիի հետ միասին, Բոլդերը աշխատել է Դեւիդ Բոուիի մի շարք դասական ձայնասկավառակների վրա, որոնց թվում են Hunky Dory, The Rise And Fall Of Ziggy Stardust And The Spiders From Mars, Aladdin Sane եւPin Ups ալբոմները: 1976-ից ի վեր Բոլդերը նվագում էր Uriah Heep-ում եւ հանդես է եկել նաեւ նրանց ամենավերջին ձայնասկավառակի՝ 2011-ին լույս տեսած Into The Wild-ի վրա: Ավելի վաղ այս տարի Բոլդերը վիրահատություն էր տարել եւ նույնիսկ հույս ուներ միանալ Uriah Heep-ին՝ հունիսին Download փառատոնի շրջանակներում կայանալիք ելույթի ժամանակ: Uriah Heep-ի պաշտոնական հայտարարության մեջ ասվում է. «Տրեվորը բոլոր ժամանակների խոշորագույններից էր. իր սերնդի նշանակալի երաժիշտներից եւ երբեւէ Բրիտանիայի տված լավագույն եւ ամենաազդեցիկ բաս կիթառահարներից մեկը: Նրա երկարատեւ մասնակցությունը Uriah Heep-ում հասցրեց խմբի երաժշտությունն ու Տրեվորի վիրտուոզությունն ու ջանասիրությունը հարյուր հազարավոր երկրպագուներին ամբողջ աշխարհում»: Տրեվոր Բոլդերը նաեւ նվագել է Wishbone Ash-ի եւ Cybernauts-ի հետ: Իր հարգանքի տուրքը Բոլդերին մատուցել է նաեւ Դեւիդ Բոուին: Պաշտոնական կայքի միջոցով արված հայտարարության մեջ նա, մասնավորապես, ասել է. «Տրեվորը հրաշալի երաժիշտ էր եւ հսկայական ազդեցություն է թողել յուրաքանչյուր խմբի վրա, որի հետ աշխատել է: Սակայն առաջին հերթին նա հոյակապ տղա էր, մեծ մարդ»:
Հայկական ռոք ասոցիացիա
«Առավոտ» օրաթերթ