Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

Տեսախցիկները պահենք նրանց վրա

Հունիս 05,2013 13:45

«Արա, լսի, է, հերիք ա կամերաները մեզ վրա պահեք, արյուններս խմաք»:  Ինչպես կռահում եք, այդպես չի կարող խոսել  հողի համեստ մշակը, սիմֆոնիկ նվագախմբի ջութակահարը կամ կրտսեր գիտաշխատողը: Այդպես խոսում է «Հարսնաքար» ռեստորանային համալիրի «ախրաննիկ» Գարիկ Մարգարյանը, որը նստած է ամբաստանյալի աթոռին եւ մեղադրվում է այդ ռեստորանի այցելուներին այնպիսի դաժանությամբ եւ սադիզմով ծեծելու մեջ, որ նրանցից մեկը մահացել է: Երբ նրանք իրենց ոհմակով հարձակվում էին մարդկանց վրա եւ խոշտանգում էին նրանց, այդ «ախրաննիկների» եւ մատուցողների մտքով, հավանաբար, չէր անցնում, որ պատասխան են տալու օրենքի առաջ, եւ նրանց վրա ուղղված կլինեն տեսախցիկները: Այդպիսով, արյուն թափելու մեջ մեղադրվող մարդիկ, փոխանակ գետինը մտնեն ամոթից, մեղադրում են լրագրողներին՝ իրենց նկարահանելու եւ այդպիսով իրենց «արյունը խմելու» համար: Իսկ նման «փառապանծ» որդուն դաստիարակած մայրը անպատվում է դատը լուսաբանող լրագրողին:

Բացարձակապես չեմ պատրաստվում պնդել, որ լրագրողները բոլոր պարագաներում իրավացի են: Բոլոր վիճելի դեպքերում ես պաշտպանում եմ միայն այն լրագրողներին, որոնց զուսպ, պարկեշտ եւ պրոֆեսիոնալ պահվածքի վերաբերյալ որեւէ կասկած չունեմ: Սա հենց  այդ դեպքն է: Իսկ ընդհանրապես կարծում եմ, որ հասարակության օգուտի տեսանկյունից բոլոր, նույնիսկ վիճելի դեպքերում (անձնականի բացառությամբ) ավելի նպատակահարմար է, որ լրագրողների ուշադրությունն ուղղվի այս կամ այն երեւույթի վրա, քան՝ որ այդ երեւույթը կամ իրադարձությունը կոծկվի: Որքան մանրամասն է լուսաբանվում «Հարսնաքարի» դատը, այնքան շատ է հավանականությունը, որ դաժան ծեծի եւ սպանության մեղավորները կստանան իրենց արժանի պատիժը:  Որքան հաճախ մենք հիշենք ընտրությունների ժամանակ լրագրողներին խոչընդոտած թաղային կրիմինալին, այնքան քիչ այդ կերպարները, այդ թվում՝ «Տուրբոն», հնարավորություն կունենան թաքնվելու իրենց ծակուծուկերում: Որքան շատ մենք գրենք Գյումրիի կամ Գորիսի կրակոցների մասին, այնքան կսահմանափակվի տեղացի «իշխանիկների» լկտիությունը: Հենց որ մենք հետեւողական չենք գտնվում, հոգնում ենք, մոռանում ենք եւ այլն, իշխանությունը հնարավորություն է գտնում այդ գործերը «սվաղելու»:

Նույնը վերաբերում է այն խնդրին, որը բարձրացրել են «Հետքի» մեր գործընկերները: Խոսքը վերաբերում է այն փաստաթղթին, համաձայն որի՝ վարչապետ Տիգրան Սարգսյանը եւ Արարատյան թեմի առաջնորդ Նավասարդ արք. Կճոյանը առնչություն ունեն օֆշորային գոտում գրանցված ձեռնարկության հետ եւ խոչընդոտել են մեկ այլ գործարարի բիզնեսին: Թե որքանով են այդ տեղեկությունները ճշգրիտ՝ ես չգիտեմ. վարչապետը, համենայնդեպս, դիմել է դատախազություն: Բայց եթե մենք ամեն օր չհետաքրքրվենք՝ ի՞նչ եղավ այդ դիմումը, դատախազությունը, շատ հավանական է, այդ գործը «կքնացնի»:

Այնպես որ, հարգելի գործընկերներ, երբ պաշտոնյաները, նրանց «ախրաննիկները» եւ, որը գրեթե նույնն է՝ «թաղի խուժանը» ասում են՝ «հլը կամերադ հեռու պահի ստուց», դուք նրանց մի լսեք:

ԱՐԱՄ ԱԲՐԱՀԱՄՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (7)

Պատասխանել

  1. sergik says:

    Սահմանադրությամբ իշխանությունը բաժանվում է 3 ճյուղի՝ դատական, օրենսդիր, գործադիր և պետք է իրար հակակշռեն , սա դե յուրե, իսկ դե ֆակտո իզուր չէ որ զանգվածային լրատվամիջոցները կոչվում են 4րդ իշխանություն և քանի որ մեր մոտ չի գործում հակակշիռների մեխանիզմը և բոլոր ճյուղերը կենտրոնացած են մեկ մարդու ձեռքում, ստիպված ենք հույսներս դնել 4րդ իշխանության վրա….

  2. Փիրուզ says:

    Շատ կարևոր հարց արծարծվեց սույն հոդվածում` կապված կնոջ` մոր դերի հետ: Ոչ ոք կարծես թե չի ուզում խորանալ, թե որտեղից են հայտնվում մականունավոր կրիմինալ պատգամավորների ու թաղային սրիկաների նման մարդիկ: Ով է դաստիարակել նրանց, ով է մանուկ հասակում զարկ տվել կամ անտեսել նրանց մեջ զարգացող սադիստական, անմարդկային ինչ ինչ գծեր, ով է սերմանել, որ իսկական տղամարդը պիտի “քացի տակ” գցի կնոջը, կամ անպայման պիտի սիրուհիներ ունենա ??? Ինչ է, մարդիկ մեծացան սիրով ու հարգանքով լի ընտանիքներում, հետո սոցիալական վատ պայմանները կամ պատերազմը նման կրթված ու դաստիարակված մարդուն դարձրեցին լիսկաներ, նեմեցներ, դոգեր, բուլդոկներ ու էլ չգիտեմ ինչ գազաններ ???
    Փոքր ժամանակ պահմտոցի խաղալիս, մայրս նկատել էր իմ թաքնվելու վայրը, երբ բակի երեխաներից մեկը հարցրեց, թե որտեղ եմ ես թաքնվել, մայրս բացահայտեց իմ տեղը: Ես սրտնեղած դուրս եկա թաքստոցիցս ու վրդովված դիմեցի մորս: Իսկ նա ժպտալով պատասխանեց, թե ախր ինչպես կարելի է սուտ խոսել: Ապշեցի այդօրինակ պատասխանից, մտածեցի`ուրեմն անգամ այս դեպքում չի կարելի ստել: Ոչինչ չկարողացա պատասխանել, միայն թե մանկական հիշողությանս մեջ մեկընդմիշտ դաջվեց մայրական այդ դասը:

  3. harut says:

    Սկսած ենք սարսափիլ Հայաստանի առօրեայ դէպքերէն։ Լրատւական որ աղբիւրին որ դիմենք կը խօսուի միայն սպանութիւններու-անիրաւութիւններու-կրակոցներու -յիմար արկածներու-վթարներու
    անձնասպան-ինքնասպանութիւններու մասին։ Դուք հերոսներ էք որ կը դիմանաք նման անհանդուրժելի կացութեան ` անկեղծօրէն յարգանք ունիմ ձեր հանդէպ `ափ մը ժողովուրդ 80
    միլիոն բնակչութիւն ունեցող երկրի մը չափ ոճրագործութիւն ? երբ է ասոր վերջը ?

  4. Համլետ says:

    Արամ,խնդրում եմ պարզաբանեք:,,Առավոտ,,-ում հրապարակված հարցազրույցը Սամվել Հարությունյանի հետ (https://www.aravot.am/2013/06/05/251547/) կարելի՞ է պաշտոնապես ուղարկել դատախազություն,որպես հայտարարություն կատարված հանցագործության մասին:Լրացուցիչ նշեմ,որ ,,,զինված հեղաշրջում,,-ը դասվում է ծանրագույն հանցագործությունների շարքին և նրա վրա չի տարածվում ,,վաղեմության ժամկետ,, հասկացությունը:

    • Արամ ԱԲՐԱՀԱՄՅԱՆ says:

      Կարծում եմ, այո: Բայց հիմնական նյութը «Երկիր մեդիային» տված նախկին քաղաքապետի հարցազրույցն է: Ի դեպ, Վազգեն Մանուկյանն էլ է հետաքրքիր՝ հանցագործության դիմաց որպես տույժ 3 ամսով ուղարկել Ղարաբաղ:

      • Համլետ says:

        Վազգեն Մանուկյանի արարքը համապատասխանում է ՀՀ ՔՕ ,,Պաշտոնեական հանցագործություններ,, բաժնի ,,Պաշտոնեական անգործություն,, ու ,,Հանցագործության պարտակում,, հոդվածներին…ԱԽՔա-գեղամյանացած Վազգեն Մանուկյանին պետք էր դատել դեռ 1996թ՝ հեղաշրջման փորձ իրականացնելը ղեկավարելու համար…

      • Համլետ says:

        Մոռացա շեշտել,որ Լիսկայի կատարած այդ հանցագործությունը, այն ժամանակվա գործող օրենքներով՝ նախատեսում էր պատժի առավելագույնը՝ մահապատիժ,առավել ևս,որ այդ հանցագործությունը կատարվել է փաստացի պատերազմական իրավիճակում գտնվող պետության մեջ:
        Ներկայիս խունտայի պարագլուխը,ընդհակառակը՝ հանցագործին պարգևադրում է կառավարական բարձր պարգևուվ ու այդ քայլով նա հավասարվում է մարդասպան Ռամիլ Սաֆարովին հերոսացրած Իլխյամ Ալիևին:
        Վերջինիս արարքի համար մենք ամբողջ աշխարհով մեկ աղմուկ-աղաղակ բարձրացրեցինք,իսկ մեր ալիևի դեպքում՝ պապանձվել ենք…Մինչ ե՞րբ…

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930