Լրահոս
Օրվա լրահոսը

Նարինե Ռշտունի. «Ոչ թե ես չեմ հասցրել, այլ դա հաճախորդի` Արկադի Վարդանյանի որդու կամքն էր»

Հունիս 05,2013 13:33

Ազգային անվտանգության ծառայությունը հաղորդագրություն էր տարածել այն մասին, որ քննչական վարչությունում մայիս 17-ին հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 35-104 հոդվածի 2-րդ մասի 7-րդ և 8-րդ կետերի (մի խումբ անձանց կողմից շահադիտական դրդումներով սպանության նախապատրաստություն) հատկանիշներով: Մայիսի 20-ին Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Գագիկ Պողոսյանի որոշմամբ էլ երկամսյա կալանքի որոշում է կայացվել Արսեն Ավետյանի նկատմամբ, որը մոսկովաբնակ քաղաքագետ, նույնպես կալանված Արկադի Վարդանյանի հետ կասկածվում է սեփական հոր սպանությունը նախապատրաստելու մեջ:

Լրատվամիջոցներում օրեր առաջ տեղեկատվություն տարածվեց այն մասին, որ Արկադի Վարդանյանը հրաժարվել է ՀՀ փաստաբանների պալատի անդամ Նարինե Ռշտունուց:

«Ինչն էր պատճառը, որ Արկադի Վարդանյանը հրաժարվել է Ձեզնից» ,-հարցով էլ դիմեցինք փաստաբան Նարինե Ռշտունուն:

-Նշեմ, որ ինձ հրավիրել էր հենց ինքը` Արկադի Վարդանյանը, իսկ իմ ծառայություններից հրաժարվեց Վարդանյանի որդին` Գեորգի Վարդանյանը, որը ինձ նամակով հայտնեց, որ Վարդանյանի կինը` Ելենան, որը բնակվում է Իսպանիայում, իր ծանոթների միջոցով գտել է այլ փաստաբան:

Հասցրե՞լ է Արկադի Վարդանյանը փոխանցել իրեն առաջադրված մեղադրանքի հետ կապված որոշակի տեղեկատվություն:

-Մայիսի 21-ին, ժ. 20-ի կողմերը ես գտնվել եմ ԱԱԾ-ում, հաջորդ օրը` մայիսի 22-ին Վարդանյանի նկատմամբ խափանման միջոցն էր ընտրվել:

Մայիսի 27-ին հրաժարվեցին: Բնականաբար, հարազատներին հայտնել եմ մեղադրանքի մասին, այնքանով, որքանով դա չէր խախտում նախաքննության գաղտնիքը, քննարկել ենք նաև կալանքի որոշման բողոքարկման անհրաժեշտությունը:

Ձեր համար ասվում էր, որ չեք հասցրել բողոք բերել:

-Այո, մամուլում տարածվել է, որ ես չեմ հասցրել բողոքարկել, սակայն բողոքը պատրաստ էր, եւ դեռ 2 օր կար: Իմ ծառայություններից հրաժարվեցին և հայտարարեցին, որպեսզի այլևս չզբաղվեմ գործով, այնպես որ ոչ թե ես չեմ հասցրել, այլ դա հաճախորդի կամքն էր:

Ռուզան ՄԻՆԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930