ՀՀ քաղաքաշինության նախարար Սամվել Թադևոսյանը տեղյակ է Հյուսիս-Հարավ ճանապարհահատվածում Վերահսկիչ պալատի արձանագրած խայտառակ փաստերին: Ավելին, գտնում է, որ այնտեղ արձանագրված են շատ թերություններ, որոնք շտապ շտկելու կարիք ունեն: Այս մասին այսօր խորհրդարանում անցյալ տարվա բյուջեի կատարողականի քննարկման ժամանակ հայտարարեց նախարարը: Նախարարը, սակայն, ասաց, որ իր ղեկավարած գերատեսչությունն ըստ էության մեղավորություն չունի, խնդիրը նորմատիվների բացակայությունն է:
Նախարարը տեղեկացրեց, որ նախորդ տարվա ընթացքում մոտ 190 մասնավոր շինարարական կազմակերպություններ դադարեցրել են գործունեությունը. Նախարարությունն է նրանց լիցենզիայից զրկել. «Եթե շինարարական նորմատիվները հասցնենք ամբողջությամբ ավարտին հասցնել, այդպիսի չարաշահումներ չեն լինի»:
ՀՅԴ խմբակցության պատգամավոր Արծվիկ Մինասյանը նկատեց, որ արդեն մի քանի տարի է, որ խոսում են այդ նորմատիվների բացակայության մասին, սակայն արդյունք չկա: Պատգամավորը խնդրեց ուշադրություն դարձնել ոչ միայն արդյունքներին, այլեւ մշտապես տեղեկություն ունենալ կատարվող շինարարական աշխատանքների մասին:
ՀՀԿ խմբակցության պատգամավոր Խոսրով Հարությունյանի հարցը եւս վերաբերում էր Վերահսկիչ պալատի արձանագրած չարաշահումներին: Նախարարին այդքան էլ դուր չեկավ նույն հարցին անդրադարձը: Նա փոքր-ինչ զայրացկոտ տոնով արդեն ասաց, որ խնդիրը նորմատիվների բացակայությունն է, եւ Վերահսկիչ պալատի ստուգումներն էլ ոչ թե Քաղաքաշինության նախարարությունում են եղել, այլ ամբողջ հանրապետությունում`շինարարական ոլորտում: Իսկ ինքը չի կարող պատասխանատվություն կրել` թե ո՞ր նախարարությունում ինչե՞ր են հայտնաբերվել: Նախարարը տեղեկացրեց, որ ստեղծված աշխատանքային խումբը կզբաղվի ՎՊ-ի չարաշահումների հարցերով:
Կարդացեք նաև
Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ