«Կրիմինալը մեղավոր չէ, առաջին մեղավորը իշխանությունն է»,-«Ֆորում» մամուլի ակումբում լրագրողների հետ հանդիպմանը գնահատելով Սյունիքի մարզպետ Սուրեն Խաչատրյանի հետ կապված միջադեպը՝ այսպիսի կարծիք հայտնեց «Քրիստոնեա-ժողովրդական վերածնունդ» կուսակցության նախագահ Սոս Գիմիշյանը: Aravot.am-ը հետաքրքրվեց՝ այս պահին արդյոք ՀՀ իշխանությունների արձագանքը համարժե՞ք է կատարվածին: Ս. Գիմիշյանը պատասխանեց. «Չեմ ուզում դեռ գնահատական տալ, քանի որ կարևորը արդյունքն է: Կլինի քրեորեն հետապնդելի արարքի նկատմամբ քրեական օրենսգրքի համապատասխան կիրառում, կասենք լավ, եթե չի լինի, ուրեմն կասենք նույնն է: Սակայն մինչև հիմա վիճակը հուսադրող չէ: Քանի որ այս դեպքերը հաճախակի ու ակնհայտ են դարձել,սա մեղմ ասած լավ չի խոսում իշխանության մասին»:
Պարոն Գիմիշյանը նշեց, որ արժե գոնե մեկ անգամ սյունեցիներին մի մեծ ուրախություն պարգևել ու խնդիրը լուծել և շարունակեց. «ՀՀԿ-ի շարքերում բազում մարզպետների թեկնածուներ կան, և ՀՀԿ-ն կարող է հանգիստ մեկին, որ չարություն է արել, փոխել, քանի որ նույն որակի բազում կադրեր ունի: Հաճախ մենք նշանակովի մարդկանց ենք մեղադրում, բայց ինքը համակարգն է թելադրում, թե պաշտոնյան ինչպես պիտի գործի: Դեռ չեմ տեսնում քաղաքական վճիռ իշխանությունների կողմից, որ երկրում իրավիճակ ու գործելակերպ փոխվի»:
Պարոն Գիմիշյանի համար երկրում գոյություն ունեցող «մահացու կայունությունը» վտանգավոր է, ինչը, ըստ նրա՝ կամ պիտի կոտրի իշխանությունը, կամ ժողովուրդը. «Եթե դա անի ժողովուրդը, առաջին հերթին իշխանության գլուխը կթռչի, հետո բանկային համակարգի: Կամ էլ իշխանությունն իր մեջ ուժ պիտի գտնի դա անելու, բայց դեռ իշխանության ներսում այդ մոտեցումն ու վճռականությունը չեմ տեսնում, դրա մասին է խոսում այսօրվա ԱԺ գործունեությունը, այս կառավարության գործունեությունը: Այս կառավարությունը չի կարող երկրին լավ բան բերել»:
Հարցին՝ ո՞ւր է Ր. Հովհաննիսյանը և ինչո՞ւ չէին պաշտպանում նրա գործունեությունը, Ս. Գիմիշյանը պատասխանեց. «Ուշացումներով էին ճիշտ որոշումներ ընդունվում, այդ գործելակերպն ինձ համար հասկանալի չէր»:
Կարդացեք նաև
ԲՀԿ-ի մասին էլ ասաց. «ԲՀԿ-ն միշտ է եղել իշխանություն: ԲՀԿ բոլոր անդամները այս կուսակցության առաջին դեմքի գումարներով կան, երբ նրա գումարները չլինեն, բոլորը կցրվեն, ոչ թե կպառակտվեն: Իրենք իշխանության մեջ են, սուսուփուս, հանգիստ օգտվում են իշխանության բարիդրացիական վերաբերմունքից: Իսկ
Լևոն Տեր-Պետրոսյանի կողմից ԲՀԿ-ին ընդդիմություն դարձնելը քաղաքական վճիռ էր, ինչի հետ ես չեմ կարող համակերպվել, դրա համար շատ կուսակցություններ դուրս են եկել դաշինքից: Ի՞նչ կա ԲՀԿ-ում փող՝ ոչ գաղափար, ոչ ոգի:Լուծվում էր իշխանության խնդիր, բայց եթե այդ ճանապարհով էր լուծվում, դա կասկածելի էր, քանի որ չի կարելի մոտենալ քաղաքականությանը՝ որպես անբարոյականության»:
Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ