Լրահոս
Օրվա լրահոսը

Փոխվարչապետն ընդունել էր Գյումրիի վթարային շենքի բնակիչների անունից հանդես եկող ներկայացուցչին եւ անհրաժեշտ պարզաբանումներ տվել

Հունիս 05,2013 13:19

Aravot.am-ի 04.06.2013թ. «Գյումրեցի բողոքավոր կանայք շրջապատեցին իրենցից փախչող փոխվարչապետի մեքենան» հրապարակման հետ կապված հարկ ենք համարում պարզաբանել, որ.

ՀՀ փոխվարչապետ, տարածքային կառավարման նախարար Արմեն Գեւորգյանը ս. թ. մայիսի 29-ին կայացած քաղաքացիների ընդունելության ժամանակ ընդունել եւ լսել էր Գյումրի քաղաքի Անտառավան 3-րդ թաղամասի 26 շենքի բնակիչ Քնարիկ Մկրտչյանին (ի դեպ, ՏԿ նախարարության պաշտոնական կայքի «Քաղաքացիների ընդունելություն» բաժնում անհրաժեշտ տեղեկատվություն տեղադրվել է), ով հանդես էր գալիս շենքի բնակիչների անունից, ովքեր այսօր հավաքվել էին Շիրակի մարզպետարանի մոտ:

Ք. Մկրտչյանը ներկայացրել էր վթարային շենքում բնակիչների բնակարանային վատ պայմանները` նշելով նաեւ, որ շենքում չի գործում կոյուղին եւ ջրամատակարարման համակարգը:

Փոխվարչապետը հայտնել էր, որ 2013թ. պետական բյուջով միջոցներ նախատեսված չեն նման խնդիրների լուծման համար, եւ այս տարի հարցի լուծում ակնկալելն իրատեսական չէ: Միաժամանակ Ա. Գեւորգյանը խոստացել էր, որ խնդրի վրա կհրավիրի մարզպետի եւ քաղաքապետի ուշադրությունը եւ տեղական իշխանության ներկայացուցիչներին կառաջարկի ֆինանսական օժանդակություն ցույց տալ բնակիչներին` ժամանակավորապես այլ բնակելի տարածքներ վարձակալելու համար, ինչպես նման դեպքերում վարվում է Երեւանի քաղաքապետարանը:

Բացի այդ, հանդիպմանը ներկա Շիրակի մարզպետարանի պատասխանատուին հանձնարարվել էր համապատասխան կազմակերպությունների ներկայացուցիչների հետ ուսումնասիրել շենքի կոյուղու եւ ջրամատակարարման համակարգերի հետ կապված խնդիրները: Հանդիպմանը Ք. Մկրտչյանը նաեւ փոխվարչապետի միջնորդությունն էր խնդրել` Շիրակի մարզպետին հանդիպելու ու խնդիրը մանրամասն ներկայացնելու համար եւ դրական արձագանք ստացել:

Այսօր Շիրակի մարզպետարանում տեղի ունեցած խորհրդակցությունից հետո Ա. Գեւորգյանին տեղեկացվել է բնակիչների հարցադրումների մասին: Ա. Գեւորգյանը նշել է, որ օրեր առաջ հանդիպել է բնակիչների ներկայացուցչի հետ եւ մարզպետին ու քաղաքապետին առաջարկել հարցին սրտացավորեն մոտենալ: Մարզպետ Ֆ. Ցոլակյանը տեղեկացրել է նաեւ, որ արդեն պայմանավորվածություն է ձեռք բերվել շենքի բնակիչների հետ` խնդիրներին տեղում իր կողմից ծանոթանալու վերաբերյալ:

Հետեւաբար պնդումները, թե փոխվարչապետը չի ցանկացել ծանոթանալ խնդրին, տեղին չեն, հատկապես որ, ինչպես նշվեց, հարցն ընդամենը օրեր առաջ ըստ էության քննարկվել է շենքի բնակիչների անունից հանդես եկող անձի հետ եւ տրվել են անհրաժեշտ պարզաբանումներ: Տարակուսանք է առաջացնում այն հանգամանքը, որ նշված անձը հանդիպման արդյունքների մասին չի տեղեկացրել ոչ շենքի մյուս բնակիչներին, ոչ էլ մարզպետարանի մոտ հավաքված ԶԼՄ-ների ներկայացուցիչներին:

ՏԿՆ հասարակայնության հետ կապերի բաժին  

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930