Այսօր «Հենարան» ակումբում ՀՀ Ճարտարապետների միության նախագահ Մկրտիչ Մինասյանը կրկին անդրադարձավ Հանրապետության հրապարակի վերակառուցման բաց մրցույթի որոշ դրույթներին:
Նրա խոսքով՝ ինքն ընդհանրապես դեմ չէ մրցույթի անցկացմանը, միայն թե պնդում է, որ մրցույթի պայմանների մեջ տեղ գտած որոշ դրույթներ պետք է փոխվեն:
Ճարտարապետների միության նախագահը հատկապես վտանգավոր է համարում մրցույթի պայմաններում տեղ գտած այն եզրույթը, որով հնարավոր է համարվում փոխել հրապարակի եւ նրան հարող շինությունների ծավալատարածական չափերը:
Չմոռանալով, որ Հանրապետության հրապարակի եւ նրան հարող տարածքներում կան նաեւ պատմական արժեք ունեցող վայրեր՝ նա ասաց. «Տարածքում կան բազմաթիվ հնագիտական շերտեր: Հրապարակի վերակառուցման հրատապությունն այն աստիճան չէ, որ մենք հում նյութ դնենք շրջանառության մեջ: Բացի դրանից, հրապարակը բոլորին ճանաչելի է հենց այս տեսքով»:
Կարդացեք նաև
Պարոն Մինասյանի խոսքով, անհեթեթ են հնչում այն պատճառաբանությունները, ըստ որոնց, հրապարակի շրջակայքում վեր խոյացած շինությունները աղճատում են հրապարակի տեսքը:
«Դրա մասին շուտ պետք է մտածեին: Եվ հետո Հանրապետության հրապարակի կարեւորությունն այնքան մեծ է, որ հրապարակի վերակառուցումը համապետական նշանակություն պետք է ունենա»,- նշեց ճարտարապետը՝ նկատելով, որ Երեւան քաղաքն ունի ծայրամասեր, որտեղ տարիներով որեւէ վերակառուցում կամ բարեփոխում չի կատարվում:
Նրա խոսքով. «Թամանյանական դպրոցի բոլոր շենքերը մենք արդեն խեղաթյուրել ենք: Մենք ծայրամասեր ունենք, որտեղով ես ամաչում եմ քայլել»:
Ձեր բողոքները Նարեկ Սարգսյանը չի՞ լսում հարցին՝ Մ. Միանսյանը արձագանքեց.
«Մեր խնդիրը հասարակության տեղյակ պահելն է խնդիրների մասին: Մենք հասարակական կազմակերպություն ենք՝ զուրկ որեւէ լծակից: Մեզ կարող են լսել, կարող են չլսել»:
Աշոտ ԱԹԱՅԱՆ