Անցյալ շաբաթվա վերջին Հայաստանի վարչապետ Տիգրան Սարգսյանի եւ Ռուսաստանի վարչապետ Դմիտրի Մեդվեդեւի հայտարարությունները նոր առիթ դարձան հայ-ռուսական հարաբերությունների վերաբերյալ տարբեր մեկնաբանությունների համար:
Ռուսաստանը կարեւորում է Հայաստանի՝ Մաքսային միությանն ինտեգրվելու ձգտումը, նշեց ՌԴ վարչապետ Դ. Մեդվեդեւը՝ Տ. Սարգսյանի հետ Մինսկում կայացած երկկողմ հանդիպմանը: «Մենք քննարկել ենք նաեւ Մաքսային միությունը, եւ առհասարակ ինտեգրման գործընթացները: Հայատանն, ընդհանուր առմամբ, ցանկանում է դրանց մասնակցել: Մենք եւս կարծում ենք, որ դա կարեւոր է: Ես առաջարկում եմ խոսել նաեւ երկկողմ առեւտրատնտեսական հարաբերությունների մասին»,- ասել էր Մեդվեդեւը: Տ. Սարգսյանը հստակեցրել էր. «Այստեղ ոչ մի կասկած չկա, մեր նախագահները եւս խոսել են այս մասին: Այժմ արդեն ամեն ինչ պետք է որոշել տեխնիկական մակարդակում՝ ինչպիսի քայլերով, ինչպիսի տեմպերով առաջ գնալ»:
ՀՀ վարչապետը կարծիք էր հայտնել, որ Հայաստանը եւ ՌԴ-ն Մաքսային միությանն ինտեգրման վերաբերյալ հուշագիր պետք է պատրաստեն, համաձայնեցնեն նախագահների հետ եւ ստորագրեն, ապա տեղեկացրել էր, որ արդեն հանդիպել է Եվրասիական տնտեսական կոմիտեի ղեկավար Վիկտոր Խրիստենկոյի հետ եւ քննարկել Միությանն ինտեգրվելու վերաբերյալ հուշագրին առնչվող հարցեր:
Որեւէ մեկը մեր օրերում երբեւէ չէր պնդել, որ Հայաստանի իշխանությունն այնքան լեգիտիմություն ունի, որ ունակ է հակադրվել Մոսկվայի ճնշումներին եւ հրաժարվել Պուտինի գաղափարից ընդհանրապես: Հայաստանն առհասարակ չունի այդքան ռեսուրս, որպեսզի որեւէ երկրի՝ առավել եւս Ռուսաստանին հակադրվելու, դա Հայաստանի որեւէ մի իշխանություն երբեւէ չի արել: Հայաստանի իշխանություններին պարզապես ինչ-որ ժամանակ հաջողվեց խուսափել կոնկրետությունից՝ վարչապետի մակարդակով մի քանի հարցազրույցներում այդ թեման շոշափելով եւ ակնարկելով, թե այդ գաղափարը առանձնապես ձեռնտու չէ Հայաստանին, քանի որ սահմանակից երկիր չենք: Եւ քանի դեռ պարզ չէր, թե ինչ ճակատագիր կունենա Ուկրաինայի մասնակցության հարցը՝ Հայաստանը կարծես հարմար իրավիճակում էր հայտնվել:
Կարդացեք նաև
Սակայն գործընթացներն արագ ընթացան: Օրերս Ուկրաինայի նախագահը Վլադիմիր Պուտինի հրավերով Սոչիում էր, որտեղ կայացել էր նրանց հինգ ժամանոց հանդիպումը: Դրան Աստանայում հաջորդեց տեղեկատվությունն այն մասին, որ Ղրղըզստանը միանալու է Եվրասիական տնտեսական համագործակցությանը, իսկ Ուկրաինան կդառնա դիտորդ։ Ուկրաինան մայիսի 31-ին Մինսկում հուշագիր ստորագրեց Եվրասիական տնտեսական հանձնաժողովի հետ գործակցությունը խորացնելու մասին: Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն նույն օրը Մինսկում ԱՊՀ երկրների կառավարությունների ղեկավարների հանդիպմանը նշեց. «Որոշ թյուրըմբռնում է առաջացել, եւ ես ցանկանում եմ հստակեցնել, թե Ուկրաինան եւ Ղրղըզստանը դիտորդի կարգավիճակով հրավիրվել են Եվրասիական միություն, որը ձեւավորվելու է 2015-ից»: Հայտնի է նաեւ, որ Ուկրաինայի եւ Ղրղըզստանի պատվիրակությունները հրավիրվելու են բոլոր նիստերին, որոնք կայանալու են Մաքսային միության եւ ԵվրԱզԷս-ի շրջանակներում, երկու երկրների պատվիրակությունները պետք է կողմնորոշվեն մինչեւ 2015-ը:
Մարտի 18-ին՝ լրատվամիջոցների ներկայացուցիչների հետ հանդիպմանը Սերժ Սարգսյանն էլ խոսելով ինտեգրացիոն պրոցեսների մասին՝ ընգծել էր. «Իսկ ինչպե՞ս մենք կարող ենք չշարունակել ինտեգրացիոն գործընթացները: Ինչպե՞ս մենք կարող ենք մեր ռազմական անվտանգության խնդիրները կապել ՀԱՊԿ-ի հետ, կապել ՌԴ-ի հետ, իսկ տնտեսական կամ քաղաքական մեր հետագա ճակատագիրը կապել մեկ այլ երկրի կամ մեկ այլ միության հետ՝ ի հաշիվ մյուսի: Իհարկե, ոչ: … Կամ-կամի խնդիր չենք լուծում: Մենք ազնիվ ենք մեր մղումներում, իսկ մեր մղումները բխում են մեր ժողովրդի շահերից, ուզում ենք, որպեսզի մեր երկիրը զարգանա եւ այդ պրոցեսում օգտագործի եւ՛ Մաքսային միության, եւ՛ Եվրասիական միության, եւ՛ Եվրամիության կողմից ցուցաբերվող աջակցությունը»:
Հիշեցնենք, որ ՀՀ կառավարության եւ Եվրասիական տնտեսական հանձնաժողովի միջեւ ապրիլի 10-ին կնքվեց փոխգործակցության հուշագիր, այն Երեւանում ստորագրեցին Տիգրան Սարգսյանն ու Վիկտոր Խրիստենկոն: Փաստաթղթում ՀՀ կառավարությունն ու Եվրասիական տնտեսական հանձնաժողովը համաձայնության են եկել զարգացնել փոխգործակցությունը առեւտրային քաղաքականության, տեխնիկական կարգավորման, ստանդարտացման, չափումների միասնության ապահովման, սանիտարական, անասնաբուժական եւ բուսասանիտարական պահանջների եւ միջոցների կիրառման հարցերում, փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող այլ ոլորտներում: Կողմերը փոխգործակցելու են նաեւ փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող հարցերով խորհրդատվությունների, համաժողովների, սեմինարների, սիմպոզիումների, ֆորումների եւ այլ միջոցառումների անցկացմամբ, այդ թվում՝ Հայաստանի եւ Մաքսային միության ու Միասնական տնտեսական տարածքի անդամ-պետությունների գործարար հանրության ներկայացուցիչների մասնակցությամբ:
Այսինքն, որեւէ արտառոց բան իրականում տեղի չի ունեցել: Եւ այս առումով, տարօրինակ է ընդդիմադիր տարբեր շրջանակների հակադարձումները, թե՝ «տեսա՞ք ինչ եղավ, բա ասում էիք Սերժ Սարգսյանը արեւմտամետ է…»: Ընդհակառակը՝ այդ ուժերը, լինելով հայ-ռուսական հարաբերությունների աներկբա կողմնակիցը, պետք է ողջունեն Տիգրան Սարգսյանի հայտարարությունները: Ավելին, կարելի է նույնիսկ փաստել, որ այս իշխանության հետ գոնե արտաքին քաղաքականության հարցերում, մասնավորապես՝ Ռուսաստանի հետ վարվող քաղաքականությունում՝ հայացքների տարբերություն չկա Սերժ Սարգսյանի եւ խորհրդարանական ընդդիմության, օրինակ՝ ԲՀԿ-ի եւ ՀԱԿ-ի միջեւ:
Ինչ վերաբերում է արեւմուտքի արձագանքին, ապա կարելի է կանխատեսել, որ Հայաստանի հետ ԵՄ Ասոցացման համաձայնագրի ստորագրումից առաջ եվրոպացիները թերեւս կճշտեն Հայաստանի իշխանություններից, թե ինչ պարտավորություններ է ստանձնելու Հայաստանը Մաքսային միության հետ համագործակցության շրջանակներում եւ դա ինչպես կարող է անդրադառնալ Հայաստանի կողմից՝ ԵՄ Ասոցացման համաձայնագրի պարտավորություններին:
Էմմա ԳԱԲՐԻԵԼՅԱՆ