Լրահոս
Օրվա լրահոսը

Ս. Խաչատրյանի միջադեպի մասին. «Սարերի օրենքով ապրող անձնավորությունը պիտի հեռու պահվի ցանկացած պաշտոնից» (Տեսանյութ)

Հունիս 05,2013 12:22

«Սերժ Սարգսյանին մոտիկից եմ ճանաչում, և հետազոտելով նրա 15 տարվա գործունեությունը կարող եմ ասել, որ նա պրագմատիկ է և որդեգրել է Պուտինի քաղաքականությունը, այն է՝ մոռանանք ինչ է եղել և փորձենք հասկանալ, թե հետագայում ուր ենք գնում»,-«Ֆորում» մամուլի ակումբում հայտարարեց սոցիոլոգ Ահարոն Ադիբեկյանը:

Դառնալով Սյունիքի մարզպետ Սուրեն Խաչատրյանի հետ կապված միջադեպին՝ պարոն Ադիբեկյանը նշեց. «Կատարվածը պատերազմ տեսած զինվորի հոգեբանություն է, բայց զարմանալի է, որ տղան է միջամտել»:

ՀՀ մարդու իրավունքների առաջին պաշտպան Լարիսա Ալավերդյանն էլ նույն խնդիրը դիտարկեց օրենքի և մարդու իրավունքների տեսանկյունից և հիշեցրեց, որ 1988-ից ի վեր երկրի կարկառուն դեմքերը (նկատի ունի ՀՀ երեք նախագահներին,-Տ.Հ.) նույնն են մնացել ու մանրամասնեց. «Մենք մեկ սերնդի կյանք ապրել ենք, և եթե կար միտում այդ թիմում փոփոխությունների, մեկ սերնդի կյանքից հետո պիտի տեսնեինք այդ փոփոխությունը: Ուստի կամ մեր քաղաքական վերնախավն ունակ չէր այդ ժողովրդի վերելքը օգտագործել հօգուտ իրավական պետության կայացման: Կամ չեն ուզում անել, կամ ուղղակի օրինազանց են: Ցավոք, գործող նախագահը նոր հիմքեր չի դրել, այլ շարունակում է  այդ նույն տխուր մեթոդներն ու մոտեցումները, ընկերական հարաբերությունների զոհ լինելը: Չի կարելի զոհաբերել մի ամբողջ ազգ ընկերական հարաբերություններին»:

Տիկին Ալավերդյանը հիշեց նաև Վահե Ավետյանի հետ կատարվածը ու նշեց, որ այդ գործի նախաքննությունն իրեն, ցավոք, հիշեցնում է սումգայիթյան ջարդերից հետո կատարվածը պարտակելու քաղաքականությունը: Այնուհետև շեշտեց. «Կամ մեր ղեկավարությունը, սկսած նախագահից, կհասկանա, որ այլևս այդպես շարունակել չի կարելի, որ ոչ ՀՀ-ի, ոչ էլ ԼՂՀ-ի շքանշան տալ նրան, ում անունը խառնված է զինվորական բժշկի, կամ պատերազմի մասնակցի սպանության մեջ: Ինչի՞ մասին է խոսքը. Գյումրին դարձրել ենք Չիկագո: Եթե տղամարդիկ դժվարանում են հարցը լուծել, թույլ տվեք այդ գործը անեն կանայք, հնարավոր է տղամարդկանց մոտ եղած ընկերական հարբերությունները խանգարում են»:

Ի պատասխան Լ. Ալավերդյանին Ա. Ադիբեկյանն ասաց. «Եթե քեզ նշանակեն նախագահ, նույն քայլերն ես անելու»: Լ. Ալավերդյանը պատասխանեց. «Ես դա չեմ անելու: Որևէ մեկը չի կարող ասել, որ ես իմիտացիոն քայլեր եմ արել իմ գործունեության ընթացքում»: Ահ. Ադիբեկյանը հարցրեց, թե ո՞վ ասաց, որ Ս. Խաչատրյանը խրախուսվել է: Լ. Ալավերդյանը հակադրվեց՝ ասելով, թե մարզպետը կնոջը խփելուց հետո խրախուսվել է շքանշանով. «Այդպիսի գործողություններն ահավոր հետևանքներ են ունենում»:

Ա. Ադիբեկյանը ամեն կերպ փորձում էր արդարացնել Ս. Խաչատրյանի վարքագիծը ու նշեց, թե երկու զինված տղամարդ շքախմբով զինված գալիս են մարզպետի տան մոտ հաշիվ մաքրելու….Իսկ Լ. Ալավերդյանը ի պատասխան ասաց. «Մենք չպետք է բացատրող հանգամանքներ փնտրենք: Օրենքն է ամեն ինչ տեղը դնում: Եկեք մեր երկիրը հատուկ բացասական հակվածություն ունեցող տղամարդկային հակվածությունների երկիր չդարձնենք:

Թող ինքն իր պանյատյաները, օրենքները չբերի բանեցնի երկրի վրա: Չի կարող, թող երկրից դուրս գա և ապրի սարի օրենքով: Սարերի օրենքով անձնավորությունը պիտի հեռու պահվի ցանկացած պաշտոնից»: Ա. Ադիբեկյանը ի պատասխան ասաց. «Ուղղակի մենք չորս հազար տարվա քաղաքակրթություն ունենք սարերում ձևավորված»:

 

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (2)

Պատասխանել

  1. Maxim says:

    Ես իհարկե հասկանում եմ,՝ որ սարեցի և մարտիկ ,,горец и воин,, ասելով,՝ առաջին հերթին նկատի
    ունեք՝ երկրորդ և երրորդ ինքնակոչ, զավթիչ հնարքներով ուղևորվող նախագահներին, որոնք իրենց
    հետ բերեցին այն, ինչ արդարեցված է մարտի դաշտում: Նրանք բացարձակապես չունենալով ազգի,
    և երկրի առջև որևէ պատասխանատվություն իրենց դերը տեսան թալանի մեջ, համաձայն մարտական
    չգրված կանոնների, իհարկե շատ արագ և ճարպիկ ձևով հավաքելով իրենց շուրջ՝ իրենց նմաններին:
    Ուստի ազգը պետք է ինքնապահպանման գիտակցություն ցուցաբերի, և քաղաքակիրթ ձևով հեռացնի
    նախ պարագլխին, ապա քանդի ավազակաբուրգը, փորձելով այդ ամենը կատարել մաքուր ձեռքերով
    և հնարավորինս քիչ ցնցումներով:

  2. Փիրուզ says:

    Վերջինս ժամանակներս արդեն նողկալի է դարձել Ահարոն Ադիբեկյանի իշխանություններին ամեն գնով արդարացնելու պահվածքը: Նա սոցիոլոգ է, թե Հանրապետական կուսակցության հերթական խոսնակ ??? Թող բարի լինի սոցիոլոգիական հարցումներով զբաղվի կամ էլ զիջի իր “գահը”, որը արդեն անհիշելի ժամանակներից զբաղեցնում է, ավելի անկողմնակալ մասնագետներին:

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930