Լրահոս
Օրվա լրահոսը

Նիկոլ Փաշինյանը՝ ՀԱԿ-ին. Քննարկումը սրա համար էի՞ք անում, որ Սերժ Սարգսյանին ԱԺ ամբիոնից «ՀՀ նախագահ» հռչակեք

Հունիս 05,2013 12:17

Ամենահրեշավոր մեղադրանքը, սակայն, որ նախագծի համատեքստում ինձ ներկայացվել է բհկահակկական որոշ շրջանակների կողմից, այն է, թե այս նախագիծը շրջանառության մեջ եմ դրել ԱԺ՝ Մարտի 1-ի նոր հանձնաժողովի ձեւավորումը տապալելու համար։ Այս մեղադրանքը որեւէ, թեկուզ կեղծ փաստարկով հիմնավորված էլ չի եղել, որ հիմա դրան պատասխանեմ։ Բայց այսպիսի ակնարկներով աղմուկն էր, որ ինձ ստիպեց ավելի քան երկու ամիս համբերատար սպասել, եւ այս թեմային որեւէ կերպ չանդրադառնալ։ Պատճառը մեկն էր. հասկանում էի, որ ցանկանում են ինձ ներքաշել մի անհեթեթ աղմուկի եւ բանավեճի մեջ, եւ այդ բանավեճը կառուցել այնպես, որ ի վերջո հնարավոր լիներ հանձնաժողովի ձեւավորման հնարավոր տապալման պատասխանատվությունը ինձ վրա բարդել։ Այս է պատճառը, որ հարցի քննարկման ընթացքում ոչ մի հարց չտվեցի, ոչ մի ելույթ չունեցա, ոչ մի մեկնաբանություն չարեցի։ Եվ քանի որ հարցադրումը հնչելու է, թե ինչու եմ հոդվածը հիմա գրում, միանգամից պատասխանեմ, որովհետեւ չէի կարող գրել, քանի դեռ ԱԺ-ում Մարտի 1-ի հանձնաժողովի հետ կապված հարցը քվեարկության չէր դրվել։

Իսկ ԱԺ-ում այս հարցի քննարկումը հետաքրքիր անցավ։ ՀԱԿԿ ներկայացուցիչ հիմնական զեկուցողը ԱԺ ամբիոնից քնքշորեն ասաց՝ Հանրապետության նախագահ Սերժ Սարգսյան (11.04.2013): Բա ու՞ր են ֆեյսբուքյան ակտիվիստները, բա ու՞ր մնաց սպանդը, ոճրագործությունը, պետական հեղաշրջումը, ընտրու¬թյունների կեղծումը։ Քննարկումը սրա համար էի՞ք անում, որ Սերժ Սարգսյանին ԱԺ ամբիոնից «ՀՀ նախագահ» հռչակեք։

Իսկ ՀԱԿԿ փոխնախագահ Լ. Զուրաբյանը խփեց բոլոր ռեկորդները։ Մարտի 1-ի հանձնաժողովի ձեւավորման որոշման նախագծի քվեարկությունից առաջ, ԱԺ նիստում վարման կարգով ձայն խնդրելով՝ նա հայտարարեց. «… այս քվեարկությունը լինելու է իրականում քվեարկություն, թե ով է պատասխանատու մարտի 1-ի հանցագործության համար» (20.05.2013):

Սա իսկապես ռեկորդային հայտարարություն էր։ Ի՞նչ էր նշանակում, մի՞թե այն, որ բոլոր կողմ քվեարկածները պատասխանատու չեն Մարտի 1-ի ոճրագործության համար։ Գուցե սա նորմալ լիներ, եթե չլիներ մի նրբություն։ Նախագծին կողմ է քվեարկել նաեւ 2008թ. Ոստիկանության զորքերի հրամանատար Գրիգոր Գրիգորյանը, ով ներկայումս ԱԺ ԲՀԿ խմբակցության անդամ է։ Եթե ուրիշ բան չասենք, 2008թ. Մարտի 1-ի զոհերից երեքը զոհվել են «Չերյոմուխա-7» զինատեսակի գործադրմամբ։ «Չերյոմուխա-7» եղել է միայն ու միայն ՈԶ տրամադրության տակ, ասել է թե՝ դրանք չէին կարող կրակվել առանց Գ. Գրիգորյանի հրամանի։ Էդ ո՞նց եղավ, որ նա, ըստ Զուրաբյանի, պատասխանատու չէ Մարտի 1-ի հանցագործության համար։ Սա, ընդ որում, կարեւոր է նրանով, որ հայտարարության պահին Զուրաբյանը գիտեր, որ Գրիգոր Գրիգորյանը «կողմ» է քվեարկելու, իսկ Գրիգորյանը գիտեր, որ ՀՀԿ-ն դեմ է քվեարկելու, այսինքն՝ հանձնաժողով չի ձեւավորվելու։ Դեռ քիչ է, որ 2012-ին ՀԱԿ-ի ներկայացուցիչը «կողմ» է քվեարկել, որ Գրիգոր Գրիգորյանը ընտրվի ԱԺ՝ ՆԳ, ԱԱ եւ պաշտպանության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի տեղակալ, հիմա էլ նրան ազատում են Մարտի 1-ի պատասխանատվությունից։ Ու սա անում են նրանք, ովքեր ինձ մեղադրում էին, թե ուզում եմ Սերժին ու Ոոբին մաքրել Մարտի 1-ի արյան պատասխանատվությունից։

Բայց ՀԱԿԿ-ի թողարկած «ինդուլգենցիան» հավասարապես վերաբերում է նաեւ Վ. Օսկանյանին, որն ըստ Զուրաբյանի հայտարարության տրամաբանության, այլեւս պատասխանատու չէ Մարտի 1-ի հանցագործության համար։

Նույնը վերաբերում է նաեւ Գ. Ծառուկյանին, ով ՀԱԿ-ի կողմից հրապարակված հայտնի ցուցակում հիշատակված էր Մարտի 1-ի պրոցեսները կազմակերպած օլիգարխների շարքում։ Ի դեպ, ՀԱԿԿ ներկայացուցիչները վերջին շրջանում լուրեր են շրջանառում, որտեղ փորձում են Ծառուկյանի հայտնվելը ցուցակում ինչ-ինչ թյուրիմացությամբ կամ դավադրությամբ բացատրել, ինչպես եւ Ռ. Հայրապետյանի չհայտնվելը։ Բայց սա պատերի տակի խոսակցության թեմա չէ։ Փաստահավաք խմբում ՀԱԿ ներկայացուցիչ նշանակածները թող հրապարակային, կոնկրետ բացատրություն տան իրենց նշանակած մարդու գործունեության համար, վերջինս էլ, ենթադրում եմ՝ իր տեսակետը կներկայացնի, եւ մենք բոլորս ի վերջո կիմանանք, թե ինչն-ինչոց է, կամ եզրակացության գալու հնարավորություն կունենանք։ Իսկ քանի դեռ հրապարակային բացատրություններ չեն տրվել, այդ ամենն առուծախի տպավորություն է թողնում։

Ի դեպ, Հովիկ Աբրահամյանը ձեռնպահ է քվեարկել Մարտի 1-ի հանձնաժողով ձեւավորելու նախագծին։ Նշանակում է՝ կիսով չափ ազատվե՞ց Մարտի 1-ի հանցագործության պատասխանատվությունից։ Փաստորեն, եթե մի հատ էլ նույնաբովանդակ մի հարցի ձեռնպահ լինի, լրիվ կազատվի, երկու «ձեռնպահը» մի «կողմի» տեղ չի՞ անցնում։

Նիկոլ ՓԱՇԻՆՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Հայկական ժամանակ»  թերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (2)

Պատասխանել

  1. Armen Avagyan says:

    Որքան հասկացա, այդ դուք եք մարդկանց քաշում անհեթեթ աղմուկի եւ բանավեճի մեջ: Դուք, երեսփոխան Նիկոլ, բանսարկու եք: Բան -Սար – Կու …

  2. Նարինե says:

    Բհկահակկականների որակը քոմենթներից էլ է երևում, հոդվածի հարցերին ոչ մի պատասխան չունենալով միայն պիտակավորել կարող են, ամոթ է, ամոթ, զոհերի արյունը հայտնի օլիգարխին մատաղ եք անում ու դեռ խոսում եք: Էդ ինչքա՞ն է վճարում, որ ի սպառ կորցրել եք խիղճ ու բանականություն:

    Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այս հասցեով՝ https://www.aravot.am/2013/06/05/251264/

    © 1998 – 2013 Առավոտ — Նորություններ Հայաստանից

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930