Լրահոս
Օրվա լրահոսը

Ինչո՞ւ են Իրանից երեք անգամ քիչ ծավալի գազ բերում

Հունիս 05,2013 12:13

Այսօր խորհրդարանում 2012 թվականի բյուջեի կատարողականի ժամանակ ԲՀԿ-ական պատգամավոր Միքայել Մելքումյանը եւ ՀՅԴ-ական պատգամավոր Արծվիկ Մինասյանը, կարելի է ասել, հարցախեղդ արեցին Էներգետիկայի եւ բնական պաշարների նախարար Արմեն Մովսիսյանին:

Արծվիկ Մինասյանը խոսելով գազի գնի բարձրացման եւ այլընտրանքային էներգետիկ ռեսուրսների մասին ասաց, որ Իրանից ներմուծվող գազի պայմանագրային ծավալներն աճելու են` մինչեւ 2026 թվականը հասնելով 2.2 միլիարդ խորանարդ մետրի, որը ամբողջությամբ փակում է Հայաստանի պահանջարկի ծավալը: «Ինչո՞ւ ենք մոտ երեք անգամ քիչ բերել, այն դեպքում, երբ իրանական գազը ավելի էժան է»,- հարցրեց պատգամավորը:

Արմեն Մովսիսյանը հակադարձեց, որ պատգամավորը պայմանագրի մի կողմին է նայել: Նա պարզաբանեց, որ ներկրված գազի դիմաց մենք պարտավոր ենք համարժեք էլեկտրաէներգիա Իրանին տրամադրել, ինչի համար մեր արտադրական հզորությունները չեն ներում: «Պայմանագիրը կնքելիս խոսքը գնում էր Հրազդանի հինգերորդ էներգաբլոկի վերակառուցման մասին. Դա կառուցել ենք, Երեւանի ՏԵՑ-ը կառուցել ենք, պետք է կառուցվեր նաեւ բարձր լարման էլեկտրահաղորդման գիծ, որը հնարավորություն կտար այդ պայմանագիրն իրականացնել, ինչի աշխատանքները իրանական կողմի մեղավորության պատճառով դանդաղեցին, այն կառուցման գործընթացի մեջ է»,- ասաց Արմեն Մովսիսյանը:

Արծվիկ Մինասյանն ասաց, որ պայմանագրային դրույթներին լավ ծանոթ է ու ըստ այդմ Երեւանի ՋԷԿ-ն է պատասխանատու կողմը, որը պետք է էներգիայի վերածելու կարողություն ունենար. «Հրազդանի բլոկը եւ մյուս-մյուսը կապ չունի: Սխալ է եղել, մեղավոր կողմը կպատժվի: Բերեիք, կուտակեիք`հետո հնարավորություն կլիներ, այդ էներգիան կվերադարձնեիք»:

Արմեն Մովսիսյանն ասաց, որ  որեւիցէ սխալմունք չի եղել. «Այո, Երեւանի ՋԷԿ-ն իր վրա վերցրել է այդ պարտավորությունը եւ դրա մեջ որեւէ արտառոց բան չկա: Դուք կարծում եք, իրանական կողմի երկու-երեք տարվա գազ կտա՞ր ու կասեր`հետո էներգիայի տեսքով կվերադարձնեք: Նման բան տեսականում է հնարավոր, հանրապետության ամբողջ գազի ծավալը այդպես փակել հնարավոր չէ»:

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930