Ճարտարապետ- քաղաքաշինարար Սեւադա Պետրոսյանը եւ հրապարակախոս Կարինե Հակոբյանը այսօր «Հայելի» ակումբում մտահոգություն հայտնեցին Հանրապետության հրապարակի վերակառուցման բաց մրցույթի առիթով:
Կարինե Հակոբյանի համոզմամբ, պետք է մրցույթը չեղյալ հայտարարվի, հաշվի առնվի մասնագետների ու հասարակության կարծիքը:
«Քաղաքի գլխավոր ճարտարապետը պատասխանատու է այն բոլոր հանցանքների համար, որ տեղի են ունեցել այսքան տարիների ընթացքում… Նորից փորձել խզբզել թամանյանական նախագծի վրա, հերթական հանցագործությունն է»,-համոզված է տիկին Հակոբյանը:
Պատասխանալով «Ա1+»-ի հարցին, արդյոք հանցագո՞րծ է Նարեկ Սարգսյանը, տիկին Հակոբյանը պատասխանեց. «Քրեական առումով դա պարզելը դատախազության խնդիրն է, դատախազությունը լավ կանի ուսումնասիրի բոլոր այն պայմանագրերը, որոնք քաղաքաշինական օրենքների խախտում են ստորագրվել, իսկ Նարեկ Սարգսյանն այդ ամենի առանցքային պատասխանատուն է»:
Կարդացեք նաև
Հրապարակախոսի ձեւակերպմամբ, պետք է փոխել մեր մոտեցումը քաղաքի, պետության նկատմամբ, յուրաքանչյուրը պետք է լինի իր տեղում. «Գլխավոր ճարտատրապետը պետք է նախ ճարտարապետ լինի, եւ ոչ թե բիզնեսմեն: Նա Երեւանը գնահատում է քառակուսի մետրով: Նա պետք է ունենա պետական մտածողոթյուն…
Գլխավոր ճարտարապետ Նարեկ Սարգսյանն իր տեղում չէ, չունե՛նք գլխավոր ճարտարապետ, որ քաղաքն առաջ տանի… Թամանյանի հանճարը որոշ միջակությունների հանգիստ չի տալիս»:
Սեւադա Պետրոսյանն էլ նշեց, որ Հանրապետության հրապարակի բաց մրցույթի հայտարարությունը կարդալիս իր մոտ երկու միտք է առաջանում. «Այդ հայտարությունը գրողներն անտեղյակ են մրցույթներից, եւ դա շղարշ է անձնական, անհատական խնդիրներ լուծելու: Հստակեցցված չէ՝ դա իրատեսակա՞ն, թե՞ կոնցեպտուալ մրցույթ է: Չի կարող մրցույթ լինել քաղաքի լոկալ հանգույցի համար, եթե չկա ընդհանուր հայեցակարգ: Ի վերջո գոյություն ունի քաղաքի գլխավոր հատակագիծ: Եթե գլխավոր հատակագիծն է վատ արված, պիտի փոխվի, իսկ եթե գլխավոր հատակագծի փոփոխությունները ստորագրած Նարեկ Սարգսյանը չի կարողանում դա իրականացնել, ուրեմն ի զորու չէ աշխատել: Հրապարակն ունի օրենքով տրված ստատուս, Հանրապետության հրապարակը օրենքով եւ կատավարության որոշմամբ հուշարձան է»:
Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ