Լրահոս
Օրվա լրահոսը

ՀՀԿ-ականը՝ Սուրիկ Խաչատրյանի մասին. «Հիմա մեր կողմից բարոյական չի գնահատական տալը»

Հունիս 05,2013 11:45

ԱԺ սոցիալական հարցերով մշտական հանձնաժողովի նախագահ Հակոբ Հակոբյանը բավական էկզոտիկ պատասխան տվեց մեր հարցին, թե որքան կարելի է հանդուրժել մի մարդու՝ Սուրեն Խաչատրյանին, որը հաճախակի դառնում է սկանդալների հերոս եւ այդպիսով նաեւ վարկաբեկում ՀՀԿ-ն։ «Եթե ես հանդուրժում եմ լրագրողին, որը սուտ է ասում, հանդուրժում եմ շարքային քաղաքացուն, որը վատ է աշխատում, հանդուրժում եմ էս մեկին, էն մեկին, դա էլ կհանդուրժեմ, էլի»։

Մեր փորձերը՝ ՀՀԿ-ականին ավելի կոնկրետացնելու եւ հասկանալու, թե համամի՞տ է, որ Սուրեն Խաչատրյանն օրինապահ կուսակցական չէ, չստացվեց. «Ի տարբերություն ձեզ, ես ոչ ուզում եմ մտածել, որ Սուրեն Խաչատրյանն անմեղ է, ոչ ուզում եմ մտածել, որ մեղավոր է։ Դուք այդպես չեք մտածում։ Մտածում եք, որ, այ, Սուրեն Խաչատրյանը մեղավոր է, եւ հարկավոր է գնդակահարել, քարկոծել, նա վարկաբեկում է հանրապետությունը եւ այլն, եւ այլն»,- ասաց Հակոբյանը՝ մեզ մեղադրելով այն հարցում, որ մարդու հոգեբանության մեջ չենք ուզում ներթափանցել։

Նա մերժեց նկատառումները, որ Սուրեն Խաչատրյանն այնքան հաճախակի է այդպիսի պատմությունների մեջ հայտնվում, որ կարծես բոլորին է հայտնի նրա «անմեղությունը»։ Նա հորդորում է՝ ցանկացած պարագայում սպասել, մինչեւ հայտնի կդառնան մեղավորներն ու անմեղները, քանի որ ժամանակից շուտ մեղավորներ եւ անմեղներ հռչակելն ամենավտանգավորն է։

ՀՀԿ-ականին հիշեցրինք Սուրեն Խաչատրյանի խոսքերը դեպքի առնչությամբ, թե որ քնած չլիներ, մի 20 փամփուշտ էլ ինքն էր դատարկելու։ «Սա արդյոք բավարար հանգամանք չէ՞ նախ քաղաքական պատասխանատվության ենթարկելու համար»,- հարցրինք։ Պատգամավորն այս հարցն էլ փորձեց շրջանցել, ասելով. «Զանգահարեք Սուրեն Խաչատրյանին եւ հարցրեք, թե ինչու է նա այդ հայտարարությունն արել»։ Այսինքն, իրավունք ունի՞ նման հայտարարություն անելու եւ, ըստ Ձեզ, ինչո՞ւ է արել։ «Ուրեմն՝ ես ոչ Գորիսում եմ ծնվել, ոչ էլ անուն-ազգանունս Սուրեև Խաչատրյան է»,- խոսանավեց պատգամավորը, ապա սկսեց երկար-բարակ իր մոտեցումը ներկայացնել, որ ինչպես մաթեմատիկայում, այստեղ էլ պետք է հասկանալ, թե դժվար խնդիրների լուծման բանալին որտեղ է։ «Եթե խնդիրը բարդ է, եւ չես կարողաևում լուծել, ապա այն բաժանում ես մի քանի խնդրիկների, որոնց լուծումը կհանգեցնի խնդրի լուծման,- ասաց, ապա շարունակեց լրագրողական դասեր տալ։- Ուրեմն, հիմա քաղաքական գնահատական պետք չի տալ, Դուք, որպես լրագրող, հնարավորինս շատ եւ օբյեկտիվ ու ճշտված ինֆորմացիա պիտի տրամադրեք գործողության մասին։ Գնահատողը Դուք չեք, Դուք պետք է նպաստեք, որ քաղաքացին, պետության ղեկավարությունն այդ ինֆորմացիայից հնարավորինս կողմնորոշվի եւ նոր գնահատական տա։ Հիմա մեր կողմից բարոյական չի գնահատական տալը»։

Պատգամավորն իր վաստակաշատ կուսակցի անվան հետ կապված միջադեպի մասին հստակ գնահատական չհնչեցնելու փոխարեն ստիպված էր ժամերով խոսել անգամ լրագրողի գործունեության ոչ մասնագիտական թեմայից. «Հիմա ասում եք՝ Սուրեն Խաչատրյանը սա ասեց։ Կարող եք երեք հարց գրել, ինչո՞ւ ասաց, ի՞նչ նկատի ուներ, ո՞ւմ նկատի ուներ, անգամ հինգ հարց կարող եք գրել, բայց ոչ մեկին չպետք է պատասխանեք, մինչեւ սպասեք-տեսնեք ինչ է լինելու»։

Լուսինե ՇԱՀՎԵՐԴՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Հրապարակ»  թերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Քաղաքացի says:

    Զզվել ենք ձեզնից, գոնե նամուս ունեցեք, ռադ եղեք երկրից

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930