«Առաջին լրատվական»-ի զրուցակիցն է ՀՀ ԿԲ նախկին նախագահ Բագրատ Ասատրյանը:
– Պարոն Ասատրյան, վերջին տարիներին ավելացել են արտագաղթի տեմպերը: Եթե այդպես շարունակվի, ի՞նչ հետևանք այն կարող է ունենալ մեր երկրի համար:
– Լսում եմ պաշտոնյաների վերաբերմունքը և ուղղակի ապշում եմ: Ամենաբարձր ամբիոններից հայտարարում են, որ արտագաղթը հայ ժողովրդի պատմության առումով նոր երևույթ չէ, բերում են փաստարկներ, տալիս անգրագետ մեկնաբանություններ: Հարկ եմ համարում պնդել, որ ներկայիս Հայաստանի համար սա բացառիկ և աննախադեպ երևույթ է: Սակայն այսօր կատարվում է թերևս ամենածանրը, այսօրվա կատարվողը առանձնահատուկ է այն իմաստով, որ քայքայվում է ձևավորված միջավայրը: Ավելի մեծ ծավալներով արտագաղթ մենք ունեցել ենք, բայց խնդիրն այն է, որ 90-ական թվականների սկզբների արտագաղթը պայմանավորված էր Հայաստանում առկա ծանր վիճակով: Կործանվեց ԽՍՀՄ-ն` իր հետ տանելով իր լավն ու վատը, օրեցօր քայքայվում էր ամեն ինչ, կրճատվում էին աշխատատեղերը, տնտեսական անկում, մութ, ցուրտ, պատերազմ: Այսպիսի պայմաններում արտագաղթը, իհարկե, ընդունելի չէ, սակայն հասկանալի է: Բայց հիմա ինձ բացատրեք. պաշտոնական տվյալներով տնտեսական աճ, զարգացում ու դրանով հանդերձ և դրանից հետո փախո՞ւստի տպավորություն թողնող արտագաղթ:
– Ուրեմն ինչի հետևանք է այդ փախուստը:
Կարդացեք նաև
– Կարծում եմ, որ նախկինում առկա գործոններին՝ սոցիալ-տնտեսական իրավիճակին, աշխատատեղերի բացակայությանը գումարվում և որոշիչ գործոն է դառնում ապագայի նկատմամբ հույսի ընդհանրապես բացակայությունը: Մարդիկ չեն հավատում մեր երկրի ապագային: Սա է վերջին շրջանի արտագաղթի հիմնական դրդապատճառը: Նորմալ մարդը չի հավատում, որ այսօր ձևավորված քաղաքական, սոցիալական, տնտեսական միջավայրում ի վիճակի է լուծել իր կենսագործունեության խնդիրները: Եվ կարծում եմ, որ այստեղ առաջնայինը քաղաքական գործոնն է, իսկ թիվ մեկ պատասխանատուն` իշխող քաղաքական ուժն է: Սա ընտրություններում տեղի ունեցող բոլոր լկտի դրսևորումների, ջարդերի, մարտի 1-ի, կրակոցների ու սպանությունների հետևանքն է: Իշխանությունը միշտ էլ կառչում է իր դիրքերից, բայց անընդունելի է, որ սեփական վերարտադրությունը հասնում է կենդանական բնազդի մակարդակի, որը և ներքաղաքական դաշտի ու իշխող քաղաքական ուժի ձևավորման հիմնական միջոց է դարձել: Սա է նաև այն գլխավոր պատճառը, որ որևէ պաշտոնյա անգամ մտահոգություն չի հայտնում այս վիճակի համար: Հակառակը` հայտարարում են` ինչ է եղել որ, միշտ էլ արտագաղթել ենք:
– Բայց մտահոգություններ էլ են հնչում: Օրինակ` Սերժ Սարգսյանը նախագահական ընտրությունների քարոզարշավներին գյուղեր այցելելիս հայտարարում էր, որ իր համար ամենացավալին կողպած դռներ տեսնելն է:
– Իհարկե, տեսնողը չի կարող դա չարձագանքել: Ի վերջո, պաշտոնյաներն էլ այս միջավայրում ապրող, այս իրողությունների հետ առնչվող մարդիկ են կամ գոնե տեղեկատվություն ունեն և պետք է որ իմանան, թե ինչ է կատարվում: Չեն կարող գոնե չմտահոգվել: Սակայն մտահոգվել կարող է յուրաքանչյուր ոք, մինչդեռ պաշտոնատար անձի կեցվածքը պետք է դրսևորվի նրա գործողություններում: Իսկ այսօրվա պաշտոնյաների կեցվածքը լավագույն դեպքում կարելի է համարել կրավորական:
Արմինե Ավետյան