Հունիսի 4-ին «Young stars» խորագիրը կրող միջբուհական փառատոնը համախմբել էր ոչ պետական բուհերի շնորհաշատ ուսանողներին: Հայաստանի երիտասարդական հիմնադրամի և «Ոչ պետական բուհերի ուսանողական կենտրոն» ՀԿ-ի նախաձեռնությամբ անցկացվող ուսանողական այս ծրագրում ընդգրկված էին երաժշտական ու պարային համարներ, որոնք ուղեկցվում էին նաև նորաձևության ցուցադրությամբ:
Հայաստանի երիտասարդական հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի համակարգող Կարեն Ավագյանը նշում է, որ հիմնադրամը համագործակցության մեծ փորձ ունի Ոչ պետական բուհերի ուսանողական կենտրոնի հետ։ ՙԵրբ մի քանի տարի առաջ սկսվեց ոչ պետական բուհերի հետ աշխատանքը, ընդամենը մի քանի բուհ էր ակտիվ և մասնակցում ուսանողական ծրագրերին, այսօր արդեն նրանց թիվը բավականին մեծ է, ինչը գալիս է ապացուցելու, որ նրանք կարող են մրցունակ լինել պետական բուհերի ուսանողական կառույցների հետ։ Ոչ պետական բուհերի ուսանողական կենտրոնը կարողանում է բարձրացնել ուսանողների խնդիրները, գտնել դրանց լուծումները համապատասխան ծրագրերով՚,- նշեց Կարեն Ավագյանը։
«Ոչ պետական բուհերի ուսանողական կենտրոն» ՀԿ նախագահ Արմինե Բարսեղյանի տեղեկացմամբ փառատոնն այդ ձևաչափով առաջին անգամ է կայանում. մասնակցում էր մոտ 200 ուսանող 14 ոչ պետական բուհերից և օտարերկրյա բուհերի մասնաճյուղերից: Նա նաև նշեց, որ միջբուհական փառատոնի նպատակն ուսանողների արտալսարանային կյանքը ակտիվացնելն ու ժամանցը ճիշտ կազմակերպելն է:
Մշակութային ոլորտում տաղանդավոր երիտասարդներին բացահայտելու նպատակով Ոչ պետական բուհերի ուսանողական կենտրոնը համագործակցել է մի շարք բուհերի ուսանողական խորհուրդների հետ:
Հայաստանի երիտասարդական հիմնադրամի
հասարակայնության հետ կապերի ծառայություն