Սերժ Սարգսյանը պետք է շնորհակալություն հայտնի Ծառուկյանին և հորդորի նրան դուրս գալ քաղաքականությունից: Այսօր «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում այս մասին ասաց ՀՀ քաղաքագետների միության ղեկավար, քաղաքագետ Հմայակ Հովհաննիսյանը՝ խոսելով հայաստանյան քաղաքական դաշտում ԲՀԿ-ի ունեցած դերակատարությունից:
Հմայակ Հովհաննիսյանը նշեց, որ ԲՀԿ-ն չի դիտարկում, որպես քաղաքական կայացած ուժ, որովհետև այդ կուսակցության կայացման գործընթացն այդպես էլ չստացվեց, ավելին՝ հակառակը տեղի ունեցավ: Նրա գնահատմամբ՝ կուսակցությունում այդպես էլ քաղաքական խնդիրները չտարանջատվեցին ապաքաղաքական հարցերից՝ բարեգործությունից և բիզնեսից: Քաղաքագետը հիշեցրեց, որ բազմիցս է ասել այն մասին, որ կուսակցությունների մասին օրենքում պետք է հստակ սահմանել, որ կուսակցությունների լիդերները պետք է տարանջատված լինեն բարեգործությունից և բիզնես գործունեությունից, քանի որ նման գործունեությունը քաղաքական գործունեության հետ համատեղելու դեպքում ստացվում է ապաքաղաքական լծակների գործադրում քաղաքական դիրքեր ձեռք բերելու համար մի երկրում, որտեղ սոցիալական շատ ծանր իրավիճակ է: