Լրահոս
Օրվա լրահոսը

Ջոն Քերրի. «Բոլորս ուզում ենք լուծված տեսնել Ղարաբաղի հարցը»

Հունիս 05,2013 10:53

Վաշինգտոնում կայացավ Միացյալ Նահանգների եւ Հայաստանի արտաքին քաղաքական գերատեսչությունների ղեկավարների հանդիպումը:

Հայաստանը այսօր Միացյալ Նահանգների կարեւոր գործընկերն է մի շարք հարցերում, հայտարարել է ԱՄՆ-ի պետքարտուղար Ջոն Քերրին երեքշաբթի ուշ երեկոյան Վաշինգտոնում Հայաստանի արտգործնախարարի հետ հանդիպումից առաջ:

Բացման իր խոսքում պետքարտուղարը կրկին անդրադարձել է ղարաբաղյան խնդրին ՝ընդգծելով, որ կարգավորման հարցում պետք է քայլեր ձեռնարկեն ոչ միայն Հայաստանն ու Ադրբեջանը, այլեւ տարածաշրջանի մյուս երկրները: «Ակնհայտ է, որ ամենակարեւոր հարցը, որ մենք բոլորս ուզում ենք լուծված տեսնել, Ղարաբաղի սառեցված հակամարտությունն է: Ծայրահեղ կարեւոր է, որ բոլոր կողմերը փորձեն ճանապարհ գտնել փակուղուց դուրս գալու համար, որն այս հակամարտությունը պահում է մշտապես սրված եւ հնարավոր վտանգներով լի վիճակում», – հայտարարել է ամերիկյան արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարը՝ հատուկ ընդգծելով, որ բոլոր կողմեր ասելով նկատի ունի ոչ միայն Ադրբեջանին, այլեւ Թուրքիային, Ռուսաստանին եւ Իրանին:

Ջոն Քերրին նաեւ նշել  է, որ ղարաբաղյան խնդրից բացի մտադիր է փակ դռների ետեւում Հայաստանի արտգործնախարարի հետ քննարկել նաեւ հայ – ամերիկյան տնտեսական համագործակցությունը, Հայաստանում ժողովրդավարության ամրապնդումն ու տնտեսության զարգացումը, ինչպես նաեւ «Ամերիկայի բարեկամ հայ ժողովրդի անվտանգությունը»:

Պատասխան խոսքում էդվարդ Նալբանդյանը նշել է, որ հայ – ամերիկյան հարաբերություններն այժմ գտնվում են պատմության մեջ ամենաբարձր մակարդակի վրա: Երկու երկրներն էլ, ըստ Հայաստանի արտգործնախարարի, կիսում են միեւնույն տեսակետը Ղարաբաղի հարցում առ այն, որ խնդիրը պետք է կարգավորվի բացառապես խաղաղ ճանապարհով, միջազգային իրավունքի նորմերի՝ ուժի չգործադրման, ազգերի ինքնորոշման եւ տարածքային ամբողջականության հիման վրա:

«Հայաստանն ու Միացյալ Նահանգները միեւնույն դիրքորոշումն ունեն նաեւ հայ – թուրքական հարաբերություններն առանց նախապայմանների կարգավորելու հարցում, ինչպես նաեւ կիսում են ժողովրդավարության, հիմնարար իրավունքների, ազատության, շուկայական տնտեսության միեւնույն արժեքները», – հայտարարել է Նալբանդյանը:

Հայաստանի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարը նաեւ հատուկ երախտագիտություն է հայտնել նախագահ Օբամայի վարչակազմին՝ հայ – ամերիկյան հարաբերությունների սերտացման հարցում ունեցած նշանակալից ներդրման համար:

«Վստահ եմ, որ համատեղ ուժերով մենք կարող ենք երկկողմ հարաբերությունները նոր բարձունքների հասցնել, եւ այն վստահությունը եւ փոխըմբռնումը, որ այժմ գոյություն ունի մեր երկու երկրների միջեւ, լավագույն հիմքն են մեր հարաբերություններն է՛լ ավելի ընդարձակելու համար», – հայտարարել է Էդվարդ Նալբանդյանը:

Ի դեպ, ելույթում ԱՄՆ-ի պետքարտուղարը նշել է, որ իր համար հատկապես հաճելի է ողջունել Հայաստանի արտգործնախարարին, քանի որ ինքը բազմաթիվ ընկերներ ունի հայ համայնքում եւ տարիներ շարունակ աշխատել է նրանց հետ մի շարք տարաբնույթ հարցերում: «Կարծում եմ՝ բոլորը գիտեն, որ Մասաչուսեթսը  Հայաստանից դուրս ապրող ամենամեծ հայկական համայնքներից մեկի տունն է, ինչի համար մենք շատ երջանիկ ենք», – ասել է ԱՄՆ-ի պետքարտուղար, Մասաչուսեթսի նախկին նահանգապետ Ջոն Քերրին, ով, ի դեպ, Հայաստանի արտգործնախարարին դիմել է մտերմիկ տոնով, միայն նրա անունը նշելով, այն դեպքում, երբ Ադրբեջանի արտգործնախարարի հետ հանդիպումից առաջ, օրինակ, օգտագործել էր առավել պաշտոնական՝ «պարոն արտգործնախարար» դիմելաձեւը:

Հեղինե Բունիաթյան

«Ազատություն» ռադիոկայան

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930