Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Արտեմ Ասատրյանը երեքշաբթի հայտարարել է, որ կենսաթոշակների, նպաստների կամ պետական ծառայողների աշխատավարձերի չափը, ի տարբերություն նվազագույն աշխատավարձի հուլիսի 1-ին նախատեսվող բարձրացման, փոփոխություն չի կրի։ Մարտի 18-ին, լրատվամիջոցների հետ հանդիպմանը նախագահ Սերժ Սարգսյանը հայտարարում էր, թե կառավարությունում լրջորեն դիտարկվում է 2013թ. հուլիսի 1-ից նվազագույն աշխատավարձի չափը բարձրացնելու հարցը, ինչպես նաև թոշակների բարձրացման հնարավորությունը։
Ինչպես հաղորդում է Tert.am-ը, նախարարն ասել է, որ կառավարության առաջիկա նիստում կքննարկվի «Նվազագույն աշխատավարձի մասին» օրենքում փոփոխություններ կատարելու նախագիծը։ Այն առաջարկում է հուլիսի 1-ից նվազագույն աշխատավարձը դարձնել Դ45 հազ.՝ ներկայիս Դ35 հազ-ի դիմաց։ Նախարարի խոսքով՝ պետական ծառայության համակարգի աշխատավարձերի, կենսաթոշակների և նպաստների չափերին կառավարությունը կանդրադառնա 2014թ. հունվարին՝ 2014թ. պետական բյուջեի շրջանակում։
Հարցին, թե նվազագույն աշխատավարձի Դ10 հազ-ով բարձրացումը ի՞նչ կտա գազի գնի բարձրացման պայմաններում, Ասատրյանը պատասխանել է, որ գործադիրը փորձում է խնդիրը «կամաց-կամաց» լուծել։ «30%-ով ավելացվում է նվազագույն աշխատավարձը, և մեր հիմնական նպատակը աշխատող աղքատների խնդրի աստիճանական լուծումն է։ Այսինքն՝ այն չափը, որ առաջարկվում է, այսօրվա աղքատության շեմից ավելի բարձր նվազագույն աշխատավարձի չափ է»,– նշել է նախարարը։
Մոտավոր հաշվարկներով՝ հուլիսի 1-ից նվազագույն աշխատավարձը Դ10 հազ-ով կամ 28,5%-ով բարձրացնելու արդյունքում պետբյուջեի ծախսերը կավելանան Դ2 մլրդ-ով։ Նույն 28,5%-ով կամ Դ3,7 հազ-ով (մինչև Դ16,7 հազ.) բազային կենսաթոշակը բարձրացնելու դեպքում միջին աշխատանքային կենսաթոշակը կկազմեր Դ35 հազ.։ Արդյունքում ընթացիկ տարվա միայն երկրորդ կիսամյակում պետբյուջեի ծախսերը մոտավոր հաշվարկներով կավելանային Դ10 մլրդ-ով։
Կարդացեք նաև
Փաստացի, կառավարությունը ոչ միայն երկրորդ կիսամյակում հավելյալ Դ10 մլրդ հավաքագրելու հնարավորություն չի տեսել, այլև չի կարողացել կատարել բյուջեի ծախսերի վերաբաշխում։
Արմենակ Չատինյան
«Օրակարգ»