Լրահոս
Օրվա լրահոսը

Մինչեւ ե՞րբ պետք է խրախուսվի «բեսպրեդելը»

Հունիս 05,2013 10:35
Galust Sahakyan

Հարցազրույց ՀՀԿ խորհրդարանական խմբակցության ղեկավար ԳԱԼՈՒՍՏ ՍԱՀԱԿՅԱՆԻ հետ

-Մամուլը ողողված է Գորիսում կատարվածի շուրջ տարբեր կարծիքներով ու տեղեկատվությամբ. իմ գնահատականը կլինի միայն այն ժամանակ, երբ ի հայտ կգան իրավական ապացույցներ: Գործը իրավական դաշտում է, կատարվում է նախաքննություն, վերջնական կարծիք կհայտնի դատարանը: Պետք է սպասել:
Ինչ վերաբերում է երեւույթին, անշուշտ, այն դատապարտելի է: Ոչ միայն ցավ է պատճառում դեպքի ողբերգական վախճանը, այլեւ մտահոգիչ է, որ նման դեպքերը խոցելի են դարձնում մեր հասարակությունը:
-Հասարակությունն այսօր դարձյալ թերահավատ է, որ Սյունիքի մարզպետ Սուրեն Խաչատրյանը կենթարկվի պատասխանատվության: Ժամանակը չէ՞ ազատվել այսպիսիներից, մինչեւ ե՞րբ պետք է խրախուսվի «բեսպրեդելը»:
-Կարծում եմ, ցանկացած չինովնիկ կամ մեր երկրում մեծ դերակատարում ունեցած, որոշակի գործեր կատարած անձինք պետք է շատ ավելի փակ ու զուսպ ապրեն: Այդպիսիք պետք է հասկանան իրենց դերակատարման կարեւորությունը, դրանով իսկ պատասխանատու լինեն իրենց ամեն մի քայլի համար, շատ լուրջ հետեւեն իրենց վարքագծին, հեռու մնան աղմկոտ իրավիճակներից, ավելին՝ դառնան նման իրավիճակները կանխարգելող:
Գիտեք, սա մեր խոցելի կողմերից մեկն է, ու ես ցավում եմ, որ ցանկացած չինովնիկի շուրջ նման աղմկոտ իրավիճակներ են ստեղծվում: Դրանք են հասարակության մեջ ծնում թերահավատություն:
Մինչդեռ հասարակությունը պետք է վստահ լինի, որ երկրում լուրջ դերակատարում ունեցող մարդիկ, պաշտոնատար անձինք ոչ թե «բեսպրեդելով» առաջնորդվողներ են, այլ իրենց պաշտպաններն են ու կանգնած են իրենց թիկունքին: Միայն այդ ժամանակ մեր ժողովուրդն իրեն կզգա ամուր ու հզոր, իսկ հզոր հասարակությունն է, որ ստեղծում է հզոր պետություն:
-Մամուլն անվերջ անդրադառնում էր Ս.Խաչատրյանի ու նրա հարազատների անօրինական վարքին: Նրա եղբայրների դեմ տարբեր առիթներով քրգործեր են հարուցվել: Հերթական ողբերգության պատճառն այն չէ՞ր, որ դրանով հանդերձ այս պաշտոնյան շատ երկար հանդուրժվեց:
-Թերթերն այնքան բաներ են խոսում, բայց փաստերի իրական լինել-չլինելը մամուլը չէ, որ պետք է որոշի: Եթե հանցանք է կատարվել, կնշանակի կան հայցվոր ու պատասխանող կողմեր:
Ձեր ասածը՝ «երկար հանդուրժվելը», այո, չէր լինի, եթե հարուցված գործերում բողոքող կողմն ի հայտ գար: Բայց քանի որ բողոքող չէր լինում, բնականաբար դրանք էլ հանգուցալուծվում էին՝ փակվում:
-Իրողությունն այլ է՝ ոչ թե բողոքողը չկա, այլ վախից է, որ մարդիկ բողոք չեն ներկայացնում:
-Եթե հասարակության մեջ կա վախի զգացում, բնականաբար, նման հանցագործություններն էլ պետք է շատանան:
-Մտահոգիչն էլ հե՛նց դա է` եթե կա վախ, ուրեմն կա վախեցնող:
-Իհարկե, մտահոգիչ է: Բայց ես նաեւ այն կարծիքին եմ, որ մեր հասարակությունը պետք է լինի համարձակ ու ֆիլտրի դեր կատարի, մնացածը կիրականանա օրենքի շրջանակներում:

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Հայոց աշխարհ» թերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930