Լրահոս
Օրվա լրահոսը

Կապանի վարակված անտառներում իրականացվող օդային սրսկումները բնակիչներն ուշացած են համարում

Հունիս 04,2013 23:45

Թրթուրներով վարակված Կապանի անտառներում հունիսի 1-ից մեկնարկած օդային զանգվածային սրսկումներն այսօր ավարտվեցին եւ վաղվանից կշարունակվեն արդեն Գորիսի անտառներում, որտեղ նույնպես վարակ է արձանագրված:

Ուղղաթիռով սրսկումներն իրականացվեցին ոչ միայն վարակված 5 անտառպետության տարածքներում, այլեւ տարածաշրջանի բոլոր 6 անտառպետություններում:  Ըստ «Հայանտառ» ՊՈԱԿ-ի Կապանի անտառտնտեսության պետ Վոլոդյա Միրզոյանի՝ 2960 հա տարածք ենթարկվել է օդային սրսկման, նախքան սրսկումները բոլոր համայնքներին տեղյակ է պահվել այդ մասին, զգուշացվել է անասուններին նշված ժամերին չհանել դուրս, մեղուները տեղափոխել եւ առաջիկա  20 օրերին  չօգտվել անտառից եւ անտառամերձ տարածքներից՝ ծաղիկ, կանաչեղեն չհավաքել: «Սրսկումներն արդեն լավ արդյունք են տվել, ուսումնասիրել ենք սրսկված տարածքները, թրթուրների հսկայական զանգված սատկած եւ թափված են եղել գետնին: Ինչպես նշել էինք, վարակը եկել է հարակից Արցախի անտառից, որտեղ անցած տարի զանգվածային սրսկումներ չէին կատարվել՝ ի տարբերություն Կապանի անտառների, եւ այս տարի վարակը մեր անտառ տարածվեց: Մինչ այժմ Արցախի անտառներում կրկին սրսկումներ չեն իրականացվել»:

Մեր այն հարցին, թե հնարավո՞ր է Կապանի անտառներին նույն վտանգը սպառնա նաեւ եկող տարի, թե՞ ոչ, պարոն Միրզոյանը պատասխանեց՝ դա արդեն կախված է կլիմայական փոփոխություններից:

Ինչպես տեղեկացրել էինք՝  մասնագետները Կապանի անտառներում վարակն արձանագրել էին դեռեւս  ապրիլ ամսվա կեսերին, տեղում իրականացրած ուսումնասիրությունների արդյունքում որոշվել էր զանգվածային սրկսումներ իրականացնել՝ վարակի տարածումը կանխելու համար:

Նշենք, որ այս ամբողջ ընթացքում գյուղացիները դժգոհում էին, որ թրթուրները կրծում եւ վնասում են իրենց այգիների ծառերի պտուղներն ու տերեւները, իրենց այգիներում կատարվող սրսկումները չեն օգնում, քանի որ վնասատուներն անտառից կրկին իրենց այգիներն են լցվում:  Իսկ քաղաքի բնակիչներն էլ բազմիցս են բողոքել, որ անհապաղ քայլեր ձեռնարկեն եւ  սրսկումները չուշացնեն,  քանի որ թրթուրները  մերձակա այգիներից ու բակերի ծառերից արդեն իրենց տներն են լցվում, իսկ քաղաքի փողոցների  ծառերի վրա վխտացող  թրթուրներն մեկ ամսից ավելի է անցորդների վրա են  ընկնում:

Բնակիչները տեղին են համարում իրենց դժգոհությունները, քանի որ ապրիլ ամսվա կեսերին են  հայտնաբերել թրթուրների տարածվածությունը տարածաշրջանում, բայց միայն հունիս ամսին են սկսել համապատասխան միջոցառումներ ձեռնարկել, երբ թրթուրներն արդեն իսկ իրենց սեւ գործն արել են այս ամբողջ ընթացքում եւ ուշացած են համարում իրականացվող միջոցառումները: «Մի ամիս ա էդ անտեր թրթուրներին տանս մեջան ըմ հանում, էնքան կացալ ըն, որ բազմանան, շատանան, որ նոր պերին սրսկումներ անին: Ամառվա շոգին վախում ըմ պատուհանս պենամ, կարելի լա չէ՞ մի քիչ շուտ կազմակերպին էդ ամեն ինչը, մարդկանց այգիներեն ալ հլա վնաս չըն լա տալու էսքան», – դժգոհում են բնակիչները:

Իսկ Կապանի անտառտնտեսության պետը համամիտ չէ, որ սրսկումներն ուշացած են, ասում է՝  արդյունքն արդեն իսկ տեսանելի է, եւ պարզաբանում, որ միջոցառումները հունիս ամսվա սկզբին իրականացնելը կազմակերպչական ու տեխնիկակական  հարցերով էր պայմանավորված:

Մերի ՍՈՂՈՄՈՆՅԱՆ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930