Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Ի՞նչ փոխվեց անցած մեկ ամսվա ընթացքում

Հունիս 04,2013 22:46

 Ոսկեվանում դպրոցի տնօրեն չեն կարողանում ընտրել:

Հունիսի 4-ին Տավուշի մարզի սահմանամերձ Ոսկեվան գյուղում կրկին կայացել է  միջնակարգ դպրոցի տնօրենի թափուր տեղի մրցույթ:

Տնօրենի հավակնորդները նորից  2-ն են եղել՝ Ոսկեվանի բնակչուհի, գյուղի դպրոցի ռուսաց լեզվի ուսուցչուհի,  16 տարի  տնօրենի դաստիարակչական գծով տեղակալ, այդ դպրոցի արհմիութենական  կազմակերպության ղեկավար Գոհար Տիրացվյանը եւ նախկինում  այդ դպրոցում որպես աշխարհագրության ուսուցիչ աշխատած  Գարիկ Մամյանը: Քվեարկության  արդյունքում Գարիկ Մամյանի օգտին տրվել է 4, Գոհար Տիրացվյանի օգտին՝ 3 քվե:  Դպրոցի կառավարման խորհրդի 8-րդ անդամ Անահիտ Պապինյանն  իր դիմումի համաձայն հրաժարական է տվել,  կառավարման խորհրդում նրա փոխարինողն  ըստ օրենքի  իրավունք  չուներ մասնակցելու քվեարկությանը: Ոսկեվանի  միջնակարգ դպրոցի  տնօրենի թափուր տեղի համար նախորդ մրցույթը կայացել էր 2013թ. մայիսի 25-ին, այն ժամանակ Գոհար Տիրացվյանը ստացել էր 4, Գարիկ Մամյանը՝ 3 ձայն:

Նախկինում հայտնել ենք, որ  դպրոցի կառավարման խորհրդի անդամ,  ֆիզիկայի ուսուցչուհի Անահիտ  Պապինյանի վրա ճնշումներ են եղել, որպեսզի նա մայիսի 25-ին  չմասնակցի քվեարկությանը, ձայն չտա Գոհար Տիրացվյանին, այլապես վերջինս դպրոցի տնօրեն էր ընտրվելու: Գոհար Տիրացվյանն  ասաց՝  իրեն խորհուրդ  են տվել, որ դպրոցի տնօրեն դառնալու համար  պետք է ՀՀԿ-ին անդամագրվի,  ինքը 2012թ.  հոկտեմբերին 2 անգամ դիմում է   գրել ՀՀԿ անդամ դառնալու համար, սակայն այդպես էլ պատասխան չի ստացել:

Տիկին Տիրացվյանի խոսքերով՝ 10 օր առաջ իրենց տուն է  այցելել Նոյեմբերյան քաղաքի բնակիչ  Գարիկ Մամյանը եւ  հայտարարել, որ իր թիկունքում ՀՀԿ կուսակցությունն է,  Մամյանն իրեն  հորդորել է հանել  թեկնածությունը դպրոցի տնօրենի մրցույթից: Գ. Տիրացվյանի խոսքերով՝ Գ. Մամյանը շատ զարմացել է, երբ իմացել է, թե ինքն անկուսակցական է, կարծելով, որ ՀՀԿ անդամ դառնալու իր դիմումներին ընթացք են տվել: Գ. Տիրացվյանն ասաց, որ դրանից հետո  դիմել է ՀՀԿ Նոյեմբերյանի տարածքային կազմակերպության գրասենյակ,  այնտեղից  հայտնել են, որ ինքն ՀՀԿ անդամատոմս չունի: Տիկին  Տիրացվյանը մեզ հայտնեց , որ հունիսի 4-ին ինքը  Տավուշի մարզպետարանի կրթության վարչության պետ Աշոտ Փաշինյանին ասել է, որ նման անարդարությունների պատճառով են հայերը  լքում Հայաստանը: Վերջինս պատասխանել  է, թե իրենք օրենքով  են առաջնորդվում: Ոսկեվանի դպրոցում  2 մրցույթների արդյունքում դպրոցի տնօրեն չի ընտրվել; Ըստ օրենքի՝  մարզպետ Արմեն  Ղուլարյանն իր  կարծիքը ներկայացնելով ՝ դիմելու է ԿԳՆ նախարարություն, որպեսզի  Ոսկեվանի դպրոցի տնօրեն նշանակեն:

 

Ոսկան ՍԱՐԳՍՅԱՆ

 

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930