Լրահոս
Օրվա լրահոսը

Գյումրեցի բողոքավոր կանայք շրջապատեցին իրենցից փախչող փոխվարչապետի մեքենան

Հունիս 04,2013 21:20

Այսօր աշխատանքային այցով Գյումրի էր եկել ՀՀ փոխվարչապետ Արմեն Գևորգյանը: Վերջինս փակ խորհրդակցություն անցկացրեց Շիրակի  մարզպետի  առանձնասենյակում` Գյումրու քաղաքապետ Սամվել Բալասանյանի  ու քաղաքապետարանի մի քանի  աշխատակիցների մասնակցությամբ: Նախքան փոխվարչապետի`  Շիրակի մարզպետարան ժամանելը, Գյումրու  վթարային շենքերից մեկի` Անտառավան 3-րդ թաղամաս 26 շենքի բնակիչները` մի խումբ կանայք,  սպասում էին նրան:

Կանայք մեզ դժգոհեցին, որ շենքը երկրաշարժից հետո  դարձել է  3-րդ կարգի վթարային, հիմա արդեն 4-րդ կարգի է, ապրել հնարավոր չէ, պատերը  փլված են, իսկ շենքում նորածիններ կան: Բնակիչներից շատեը տեղափոփվել են տնակներ ապրելու, իսկ բողոքավորները այդ հնարավորությունն էլ չունեն,  ճարահատյալ  եկել են մարզպետարան: Կանայք նաև ասացին, որ  մարզպետի մոտ  մտնելիս,  հայտնաբերել են, որ իրենց շենքի վերանորոգման համար ժամանակին գումար է հատկացվել,  սակայն չգիտեն,  թե ով մսխել է: «Թող հանգույցը գտնեն` ո՞վ կերավ էդ գումարը, ի՞նչ պայմաններում: Մեզ հերիք է  կապիկի տեղ դնեն, ո՞ւմ մահին են սպասում այս երկրում, դիմել ենք հարգարժան մարզպետին, նա շատ կիրթ մարդ է, լսեց մեզ ինչքան  պետք է, զրուցել ենք նաև Գյումրու քաղաքապետի հետ, դիմել ենք  փոխվարչապետին, սակայն պատասխան չկա ու չկա.. », -նեղսրտեցին կանայք:

Տեսնելով, որ բողոքավորները  շատ են ուզում հանդիպել փոխվարչապետին, Շիրակի մարզպետարանի աշխատակազմի ղեկավար Խաչատուր Պողոսյանը այնպես դասավորեց, որ Արմեն Գևորգյանը  մարզպետի առանձնասենյակ բարձրանա  մարզպետարանի հետևի մուտքից: Սակայն կանայք, տեսնելով, որ փոխվարչապետը,  վերև բարձրացավ, նրան սպասեցին  մարզպետարանի միջանցքում: Մոտ մեկ ժամ տևեց խորհրդակցությունը: Արմեն Գևորգյանը, դուրս եկավ, շտապ հեռացավ,   նույնիսկ հարկ չհամարեց պատասխանել լրագրողների  հարցերին` փոխանցելով, որ մամլո հաղորդագորթյուն  կուղարկվի, թող լրագրողները ծանոթանան ինչ է քննարկվել:

Ի տարբերություն  լրագրողների,  բավականին համառ գտնվեցին գյումրեցի բողոքավոր կանայք: Վերջիններս անչափ վիրավորվեցին, որ  իրենց հարկերի հաշվին աշխատավարձ ստացող փոխվարչապետը մի վայրկյան  անգամ չի հատկացնում իրենց: Արմեն Գևորգյանը նստեղ իր շքեղ մեքենան` հեռանալու, սակայն մարզպետարանի դարպասների մոտ կանայք  շրջփակեցին մեքենան` չթույլատրելով առաջ շարժվել և պահանջելով իջնել ու իրենց լսել: «Չենք հասկանում, ժողովրդին միմոսի տե՞ղ եք դրել հա՞, չե՞ք էլ ամաչում, ժողովրդի հետ շփվելու մի վայրկյան էլ  չունե՞ք»,- ասում էին կանայք: Նրանց հետ բանակցում էին Շիրակի  մարզպետն ու Գյումրու քաղաքապետը` խնդրելով, որ հեռանան մեքենայի դիմացից ու թույլատրեն  Արմեն Գեւորգյանը շարժվի: «Էդպես է հա՞ խաթրը», -աղերսագին ձայնով ասում էր  քաղաքապետը:

Մի կերպ այս պաշտոնյաներին  հաջողվեց կանանց հեռացնել Արմեն Գևորգյանի մեքենայից: Սակայն նրանք  չէին հանգստանում, ամենավերջին քննադատական խոսքերն   էին հնչեցնում: Սամվել Բալասանյանն արդարացնում էր Արմեն Գևորգյանի  արարքը` ասելով, որ նա չի վախենում ժողովրդի հետ շփվել, այլ շտապում էր: Իսկ  Շիրակի  մարզպետն ասաց , որ ինքը չի ուզում խաբել բնակիչներին, կառավարությունը ուղղակի չի հասցնում վերանորոգել վթարայինները, գումարներ չկան նախատեսված: Իսկ թե ինչու այդ նույն պատասխանը չէր ուզում բնակիչներին տալ փոխվարչապետը , մարզպետ Ֆելիքս Ցոլակյանն ասաց, թե ինքն արդեն իսկ պատասխանել էր բնակիչներին, դրա համար զարմացել է, որ նրանք  նորից եկել էին:

Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ  

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Maxim says:

    Նման ֆունդամենտալ խայտառակություն, որ արսօր տիրում է մեր երկրում, կարելի է տեսնել միայն
    Աֆրիկական հետամնաց երկրներում: Իսկ մի գուցե նրանց հետ էլ պետք է համեմատվենք, և չտրվենք
    ինքնախաբեության: Կարծում եմ, որ նախագահների մակարդակով հավասար ենք, ժողովուրդն էլ
    աստիճանաբար հավասարվում է: Ինչ վերաբերվում է փոխվարչապետի փախուստին՝ իր ժողովրդից,
    ապա ինձ հիշեցնում է՝ Իլֆ և Պետրովի ,,Ոսկե հորթը,, ֆիլմում էսկալատորի վրա Օստապ Բենդերի
    փախուստը՝ ,,շահադիրական նպատակով, հանուն հերթական աթոռի,, գեր հարսնացուից:
    Հետաքրքիր է՝ այս երկրի տերեր կոչվողները,՝ ի՞նչ են մտածում, երբ քնելուց առաջ կատարում են
    իրենց գաղափարախոսի՝ Գարեգին Նժդեհի պարգամները: Արդյո՞ք Նժդեհի պատգամների մեջ կա՝
    ժողովրդից, փախնելը, երկիրը թալանելը, անամոթաբար ստելը, կենացներով ու շալլախոյով հարցեր
    լուծելը, ժողովրդին կաշառելը, հետո քթներից տասնապատիկ բերելը: Եվ այս ամենը,՝ ,,Դեպի Ապահով Հայաստան,, լոզունգների տակ:

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930