Լրահոս
Օրվա լրահոսը

Լոռիում ապրող կանայք մեծամասամբ մարզում են ծննդաբերում

Հունիս 04,2013 19:27

Չնայած դրան` նախարարի հրամանն ու սահմանված վճարման չափը  անտարբեր չի թողել  նրանց

Այն բանից հետո, երբ  վանաձորցի Մարինե Սիմոնյանն իմացավ, որ Երեւանում ծննդաբերելն այլեւս վճարովի է, այն էլ 107 հազար դրամ, հրաժարվեց առաջնեկին մարզից դուրս ծննդաբերելու մտքից:

Նա ասում է, որ ֆինանսական սուղ պայմաննները հնարավորություն չեն տա երեխային մայրաքաղաքում ունենալ: «Թեեւ շատ ծանոթներ ունենք, որ այստեղի ծննդատանն են ունեցել ու գոհ են, բայց ես ուզում էի Երեւանում ունենալ, ավելի հանգիստ կլինեի»,-նշում է նա:

ՀՀ առողջապահության նախարար Դերենիկ Դումանյանի հրամանով այս տարվա մարտի մեկից մարզաբնակ կանայք այլեւ չեն կարող մարզից դուրս անվճար ծննդաբերել` բացառությամբ  հատուկ ցուցումներով դեպքերի:  «Ֆիզիոլոգիական նորմալ ընթացքով, առանց ռիսկի հղիների/ծննդաբերների ծննդալուծման հետ կապված բժշկական օգնությունը և սպասարկումը կազմակերպվում է պետական պատվերի շրջանակներում մարզային/տարածաշրջանային ծննդօգնության ստացիոնար բժշկական կազմակերպություններում վարչատարածքային սկզբունքով, համաձայն որի ծննդաբերության դեպքում կինը կարող է ընտրել  բժշկական կազմակերպությունը ըստ իր  բնակության վայրի վարչական տարածքի` մարզի բնակիչը` իր մարզում, Երևանի բնակիչը` Երևանում, բացառությամբ սույն հրամանի հավելված 1-ով  և 2-ով սահմանված  բժշկական ցուցումներով 3-րդ մակարդակի բժշկական կազմակերպություններ ռիսկի խմբի ուղեգրված հղիների/ծննդաբերների, անհետաձգելի իրավիճակների, մոր և պտղին վտանգ սպառնացող, նորմալ  կամ  բարդացած ծննդաբերական գործունեությամբ դեպքերի, ինչպես նաև այն դեպքերում, երբ հղիի նախածննդյան հսկողությունը իրականացվել է  իր  բնակության վայրից դուրս այլ վարչական տարածքների (Երևան/մարզեր) ծննդօգնության բժշկական կազմակերպություններում  վճարովի  հիմունքներով և տրամադրվել է հավաստագիր»,-նշված է հրամանի մեջ:

Հակառակ Մարինե Սիմոնյանի անհանգստություններին` վանաձորցի Անահիտը նշում է, որ երբեք էլ չի մտածել մարզից դուրս ծննդաբերել: «Երկու երեխա ունեմ, ոչ առաջինի, ոչ երկրորդի ժամանակ չեմ մտածել Երեւանում կամ այլ տեղ ունենալ»,-ասում է նա` նկատելով, սակայն, որ նման հրամանով սահմանափակվում է կնոջ` ծննդաբերելու վայրը, բժշկին ընտրելու հնարավորությունը:

ՀՀ Լոռու մարզպետարանի աշխատակազմի առողջապահության եւ սոցիալական ապահովության վարչության պետ Սամվել Լամբարյանը մեզ հետ զրույցում տեղեկացրեց, որ մինչ ՀՀ առողջապահության նախարարի հրամանն էլ Լոռիում ապրող ծննդկաններից քչերն էին Երեւանում ծննդաբերում. «Լոռիում ապրող ծննդկանները մեծամասամբ մարզում են ծննդաբերում, եթե անգամ մեր մոտից գնում են, ապա այն դեպքերում, երբ հատուկ ցուցում կա»:

 

Անուշ ԲՈՒԼՂԱԴԱՐՅԱՆ

 

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930