Լրահոս
Օրվա լրահոսը

Բաց նամակ Տարոն Մարգարյանին. Երևանի գեղեցկացման առաջարկություն

Հունիս 04,2013 18:00

Հարգելի քաղաքապե´տ

Ներողություն եմ խնդրում անհանգստացնելու համար, բայց ուզում եմ մի առաջարկություն անել Երևանի գեղեցկացման վերաբերյալ:

Բոլորս, կամ մեզանից շատերը տեսած կլինեն Պետերբուրգի կամ այլ քաղաքների կամուրջների երկու կողմերում տեղադրված արձանները, որոնք շատ գեղեցիկ տեսք են տալիս և´ տվյալ կամրջին, և´ փողոցին, և´ ամբողջ քաղաքին: Մեր քաղաքում կամուրջները քիչ են, իսկ դրանց վրայի արձաններն ավելի քիչ, կամ ընդհանրապես չկան: Դրան հակառակ, արձաններով շռայլորեն համալրված են զբոսայգիները, որոնցից մի քանիսում նույնիսկ արձաններն իրար կողք են շարված իրենց առատության պատճառով: Արդյոք հնարավոր չէ՞ դրանց մի մասը, կամ ուրիշ նորերը տեղադրել նաև կամուրջների վրա, որտեղ որ հարմար է և հնարավոր: Օրինակ, դրա համար շատ հարմար կամուրջ է Նժդեհի փողոցից դեպի կայարան տանող երկաթգծային կամուրջը, որի երկու կողմերում նույնիսկ պատրաստի պատվանդաններ կան արձանների համար, նույնիսկ տասը հատ. ձախ կողմում վեց հատ, աջում` չորս: Եթե դժվար է բոլորի վրա արձաններ դնելը, ապա նույնիսկ դրանցից մի քանիսի վրա դրված արձանները կապահովեին կամրջի, փողոցի և քաղաքի գեղատեսիլությունը, գեղագիտական հաճույք և կյանքից ուրախություն կպարգևեին երևանցիներին և քաղաքի այցելուներին:

Սույն նամակը հասունացել է տարիների ընթացքում, երբ ամեն անգամ այդ կամրջի վրայով անցնելիս զարմացել եմ, թե ինչո՞ւ քաղաքի ղեկավարները չեն օգտագործում քաղաքը գեղեցկացնելու այս հիանալի հնարավորությունը: Այգիներում արձանները դնում են իրար կողքի, սակայն այստեղ ոչ մի հատ չեն դնում: Մի՞թե գեղեցիկ չեն Պետերբուրգի բազմաթիվ կամուրջների բազմաթիվ արձանները, իսկ մենք ոչ մի հատ չունենք: Չէ՞ որ կամրջի վրայի արձանի արդյունավետությունը գեղագիտական դաստիարակության տեսակետից ավելի մեծ է, քան զբոսայգում տեղադրվածինը, քանի որ բաց տեղանքում է, բարձունքի վրա, ավելի մեծ տեսանելիությամբ, ավելի շատ մարդիկ են տեսնում և ավելի հաճախ, քան այգիներում: Հնարավոր է, որ ոչ բոլոր կամուրջները Նժդեհի փողոցի կամուրջի նման հարմար լինեն անմիջականորեն դրանց վրա արձանները դնելու համար, սակայն ցանկացած կամրջի սկզբնամասերում երկուական կողմերից նվազագույնը չորս հատ արձան դնելու հնարավորություն միշտ էլ կլինի: Այդպիսով, հնարավորությունները կան, կամուրջները և արձանները նույնպես, մնում է միայն կամքի առկայությունը, մտահոգությունը գեղարվեստի զարգացմամբ, գեղեցիկի տարածմամբ և Հայաստանի ու ազգի կատարելագործմանը ծառայելու պատրաստակամությունը: Եվ գործը առաջ կգնա ինքնիրեն: Կգեղեցկանան կամուրջները, փողոցները, կգեղեցկանա քաղաքը, կգեղեցկանան այդ գեղեցկությունը տեսնող աչքերը և գիտակցությունները, հոգիները: Արդյունքում կգեղեցկանա ամբողջ կյանքը:

Առաջարկում եմ և խնդրում եմ մտածել այդ ուղղությամբ: Ես լի եմ հույսերով:

Հարգանքներով` Գեղամ ԽԱՉԱՏՐՅԱՆ      

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (2)

Պատասխանել

  1. Lusine says:

    Հրաշալի առաջարկ, փաստարկները մեկը մյուսից համոզիչ են և ակնհայտ, սակայն կասկածներ ունեմ, որ քաղաքապետարանի համապատասխան ծառայությունը կկարողանա ըստ արժանվույնի գնահատել Ձեր առաջարկը: Իհարկե, “ստրեչի” այդ կամուրջը, արձաններով զարդարված, մի փոքր կզիջի, Պետերբուրգի հանրահայտ կամուրջներին, սակայն համոզված եմ, որ շատ ավելի լավ կդիտվի, քան Նոր տարվա կապակցությամբ հրապարակում տեղակայված սարսափելի կարապները: Եվս մեկ հանգամանք, որը չի նպաստի այս հրաշալի առաջարկի իրականացմանը` “ստրեչի” այդ կամուրջը շատ հեռու է հրապարակից, չնայած, ինչքան հեռու այնքան “շառից, փորձանքից…”: Գոնե մի երկու կոթող` հրապարակը, օպերայի շենքը կհաջողվի պահպանել հետագա սերունդների համար:

    • Գեղամ says:

      Շնորհակալություն առաջարկս հրաշալի գնահատելու համար: Հուսով եմ, որ առաջարկս գոնե կլինի այն սերմը, որը հետագայում պտուղներ կտա:

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930